Հոկտեմբերի 19 † Շբ. ԳԿ. Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Astvacashunch yntercumner11 880x660 - Հոկտեմբերի 19 † Շբ. ԳԿ. Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.2։ Եզեկիէլ 1.3-11։ Զաքարիա 6.1-8։ Եփեսացիներ 4.7-13։ Ղկ 6.13-19։

Իմաստութիւն Սողոմոնի

13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ 15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։ 16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։ 17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։
10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։ 2Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։

Եզեկիէլ

3Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ արքայի գերութեան հինգերորդ տարին էր։ 4Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ, քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին։ 5Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ։ Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում։ Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ։ 6Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին։ 7Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ։ 8Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից։ Նրանց թեւերն արագաշարժ էին։ 9Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանց երեսները չորսն էին։ Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց։ 10Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում։ 11Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը։

Զաքարիա

6 Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին։ 2Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր, 3երրորդ կառքին՝ սպիտակ ձիեր, եւ չորրորդ կառքին՝ պէսպէս, պուտաւոր ձիեր։ 4Ես հարցրի եւ ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»։ 5Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են կանգնելու ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»։ 6Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր, սպիտակ ձիերինը՝ նրա յետեւից, 7աշխէտ ձիերինը գնում էր դէպի հարաւի երկիր, իսկ պուտաւոր ձիերինը ելնում ու ձգտում էր շրջել ամբողջ երկրում։ Եւ Տէրն ասաց. «Գնացէ՛ք եւ շրջեցէ՛ք երկրով մէկ»։ Եւ նրանք շրջեցին երկրով մէկ։ 8Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. «Ահա, նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ»։

Եփեսացիներ

7Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. 8դրա համար էլ ասում է. 9«Ելաւ» -ն ի՞նչ է, եթէ ոչ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը։ 10Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը։ 11Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ 12հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, 13մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

13Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ։ 17Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից։ Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին։ 19Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին։