Հոկտեմբերի 17 Գշ. ԱՁ. Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

ԶԱՔԱՐԻԱ 8.1-3։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9.1-22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

ԶԱՔԱՐԻԱ

8 Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 2այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ես նախանձով լցուեցի Երուսաղէմի համար,մեծ խանդով նախանձեցի Սիոնի համար,մեծ բարկութեամբ նախանձեցի նրա համար»։ 3Այսպէս է ասում Տէրը.«Ես պիտի վերադառնամ Սիոն եւ բնակուեմ Երուսաղէմում, Երուսաղէմը պիտի կոչեմ Ճշմարիտ քաղաք,եւ Ամենակալ Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

9 Սօղոսը դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած՝ քահանայապետի մօտ եկաւ 2եւ նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի, եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին, տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի։ 3Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց։ 4Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։ 5Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»։ Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։ 6Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կ՚ասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ 7Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ 8Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց։ 9Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛։ Սա ասաց՝ այստեղ եմ, Տէ՛ր։ 10Եւ Տէրը նրան ասաց. «Ոտքի՛ կանգնիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կը փնտռես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է»։ 11Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի։ 12Անանիան պատասխանեց. «Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին. 13եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»։ 14Տէրը նրան ասաց. «Գնա՛ դու, որովհետեւ նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ. 15քանի որ ես ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա ինչքան պէտք է չարչարուի իմ անուան համար»։ 16Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէ՛րն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով»։ 17Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց։ 18Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր։ 19Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսի՛ն քարոզեց՝ ասելով, թէ նա՛ է Աստծու Որդին։ 20Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։ 21Բայց Սօղոսը առաւել եւս էր զօրանում եւ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա՛ է Քրիստոսը։ 22Բազում օրեր անցնելուց յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

9 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։