Հոկտեմբերի 15 † Կիր. ԴՁ. Ե կիր. զկնի Ս. Խաչի

Եսայի 19.1-11։ Գաղատացիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 12.35-44։

Եսայի

19 Տեսիլք եգիպտացիների վրայ 2Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն։ 3Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ։ 4«Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։ 5Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց», – այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը։ 6Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու։ 7Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը, 8գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են։ 9Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու։ 10Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները, եւ նրանք, որ բեհեզ են գործում։ 11Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են։

Գաղատացիներ

2 Այնուհետեւ, տասնչորս տարի յետոյ, նորից ելայ Երուսաղէմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաեւ Տիտոսին։ 2Եւ այնտեղ ելայ ինձ պատահած մի յայտնութեան հետեւանքով. եւ նրանց ներկայացրի այն Աւետարանը, որը քարոզում էի հեթանոսների մէջ մասնաւորապէս նրանց, որոնք երեւելիներ էին համարւում, այն մտածումով, որ մի գուցէ իմ ընթացքը ի զուր է եղել եւ կամ ի զուր է։ 3Եւ Տիտոսն իսկ, որ ինձ հետ էր, թէեւ հեթանոս, չպարտաւորուեց թլփատուել՝ հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին. 4նրանք սպրդել մտել էին՝ լրտեսելու մեր այն ազատութիւնը, որ ունենք Քրիստոս Յիսուսով, որպէսզի մեզ ծառայ դարձնեն. 5նոյնիսկ, ժամանակաւորապէս, չանսացինք հնազանդուել նրանց, որպէսզի Աւետարանի ճշմարտութիւնը հաստատ մնայ ձեր մէջ։ 6Ինչ վերաբերում է երեւելիներին (թէ նրանք երբեւիցէ մի բան եղել են, իմ հոգը չէ, քանզի Աստուած մարդկանց աչառութիւն չի անում), այդ երեւելիները նման որեւէ բան չիմացրին ինձ։ 7Այլ, դրան հակառակ, երբ տեսան, թէ հեթանոսների աւետարանն ի՛նձ է վստահուած, ինչպէս Պետրոսին՝ հրեաների աւետարանը 8(որովհետեւ նա, որ Պետրոսին յաջողեցրեց առաքելութիւն հրեաների մէջ, ինձ էլ յաջողեցրեց առաքելութիւն հեթանոսների մէջ), 9երբ Յակոբոսը, Կեփասը եւ Յովհաննէսը, որոնք սիւներ էին համարւում, իմացան այն շնորհների մասին, որ տրուած էին ինձ, հաւանութեան ձեռք մեկնեցին ինձ եւ Բառնաբասին, որպէսզի մենք գնանք հեթանոսների մէջ, իսկ իրենք՝ հրեաների մէջ. 10միայն թէ նրանք խնդրեցին, որ յիշենք աղքատներին. եւ ես հոգ տարայ այդ նոյն բանն անելու։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

35Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ»։ 37Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»։ Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով։ 38Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը։ 40Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»։ 41Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ։ Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ 42Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որ մի գրոշ է։ 43Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, 44քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»։