Հոկտեմբերի 13 Շբ. ԲԿ. Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլայեցւոյն

Astvacashunch yntercumner11 880x660 - Հոկտեմբերի 13 Շբ. ԲԿ. Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլայեցւոյն

Իմաստութիւն Սողոմոնի 8.7-10։ Ամոս 5.10-14։ Ա Կորնթացիներ 12.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 7.6-12։

Իմաստութիւն Սողոմոնի

7Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն, արդարամտութիւն եւ արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում. 8իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտի անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը։ 9Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից,գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կը լինի ինձ համար եւ կը մխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից։ 10Ես նրա շնորհիւ փառք կը վաստակեմ ժողովրդի մէջեւ պատիւ՝ ծերերի առջեւ։

Ամոս

10Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին։ 11Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում։ 13Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է։ 14Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝ «Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»։

Ա Կորնթացիներ

5Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ 6Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ 7Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։ 8Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, 9միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, 10միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։ 11Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

6Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն։ 7Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ 9Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. 10եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան։ 11Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»։ 12«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։

Տոնի մասին՝ այստեղ: