Հնարամիտ դատավորը (առակ)

 Ժամանակին մի վաճառական թոփերով մետաքս է հանձնում մի ուղտապանի, որպեսզի իր ապրած քաղաքը տանի, պատվիրելով, որ այնտեղ հասնելուն պես իրեն սպասի: Բայց վաճառականը հիվանդանալով ստիպված է լինում մի հյուրանոցում մնալ, հանգստանալ ու բուժվել: Ուղտապանը, տեղ հասնելով, երբ տեսնում է, որ վաճառականը ուշացավ և չի երևում, չարից դրդված, ծախում է մետաքսը ու դրամը յուրացնելով հրաժարվում է ուղտապանությունից:

  Որոշ ժամանակ անց վաճառականը առողջանում է ու գալիս իր քաղաքը: Ուղտապանին երկար փնտրելուց հետո վերջապես գտնում է ու նրանից պահանջում իր մետաքսյա ապրանքը:

 Խաբեբա ուղտապանը ուրանում է ամեն բան, նույնիսկ ասում է, թե ինքը երբեք ուղտապան չի եղել:

 Գործը հասնում է դատավորին, բայց ոչ մի ապացույց չլինելու պատճառով հնարավոր չի լինում որևէ որոշում կայացնել: Երբ մարդիկ դատարանից հեռանում էին, հնարամիտ դատավորը կանչում է` ուղտապա~ն, ուղտապ~ն:

 Այդ պահին ուղտապանը մոռանալով, որ իր արհեստը ընդամենը մի քանի րոպե առաջ ուրացել էր, բնազդաբար հետ է դառնում: Դատավորը, այս տեսնելով, անմիջապես վճիռ է կայացնում, որ խաբեբա ուղտապանը ոչ միայն վճարի մետաքսի գինը, այլեւ կարգադրում է, որ մի լավ փայտածեծ տան` իբրև պատիժ նրա խաբեբայության ու ստախոսության համար:

 Ահա այսպիսին պիտի լինի բոլոր խաբեբաների ու ստախոսների վերջը:

 Ուղտապանը, վաճառականին խաբելով և սուտ խոսելով, ի՞նչ շահեց. ոչինչ: Ընդհակառակը, արդար պատիժ ստացավ: Այստեղ Դատավորը Աստված է, որն Իր դատաստանը պիտի տեսնի բոլոր նրանց հետ, որոնք իրենց երկրային կյանքում հեռու կմնան աստվածային գործերից, ինչպես այս ուղտապանը, որը արդարորեն կրեց իր պատիժը: Փորձենք մօտենալ Աստծուն մեր կյանքով, որը հաճելի լինի և Աստծուն և մարդկանց:

Գրառում՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=nf