«Հիշեցե՛ք և առհավետ մի՛ մոռացեք, որ հայ հոգևորականի համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն Ազգի հարազատ զավակներն են» Հայր Ասողիկ

 Սիրելի հայեր, եղբարք և քույրեր,
Հիշեցե՛ք և առհավետ մի՛ մոռացեք, որ հայ հոգևորականի համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն Ազգի հարազատ զավակներն են:
Հայ հոգևորականության համար չկա՛ որևէ բաժանում կամ դասակարգում, խտրականություն:
Հայոց Եկեղեցին եղել է, կա և լինելու է անխառն, կենդանարար ու հրաշագործ սիրո միա՛կ թթխմորը հայ կյանքում:
Հայոց Եկեղեցին հաշտության, համերաշխության ու համազգային միասնության աստվածային զոհասեղանն է, որի առջև պետք է կանգնեն ու ծնրադրեն գժտված ու խռովյալ հայորդիք՝ պարզ քաղաքացուց մինչև ամենավերին պաշտոնյան, այդ Սբ Սեղանին մատուցելով իրենց արժանի ընծաները՝ հայրենասիրությունն ու եղբայրսիրությունը՝ հանուն Հայրենիքի, Ազգի և մեր Գալիքի:
Հայոց Եկեղեցին վեր է ամեն տեսական քաղաքական վայրիվերումներից. միմիայն օտարի սրի դեպքում է, որ Հայոց Եկեղեցու ամենահաղթ Սբ Խաչը դառնում ամենազոր Սուր:
Հայ կյանքի բոլոր խնդիրները պետք է լուծվեն սիրով, հասկացողությամբ, ներողամտությամբ, ամենայն պատասխանատվությամբ և համազգային ու պետական շահերի բարձրագույն գիտակցությամբ: Իշխանություններն ու ընդդիմադիր բոլոր ուժերը, վերջապես, պե՛տք է հասկանան ու դադարեն միմյանց հարվածելուց: Սիրելիներ, մի՛ վտանգեք Հայոց ներկան, մի՛ քանդեք ամեն շինվածք, մի՛ ստեղծեք խորխորատներ միմյանց համար, այլ արժանապատվորեն իրար ձեռք բռնեք և համատեղ աշխատանքով Հայաստան երկիրը է՛լ առավել զորեղացրեք:
Վե՛րջ տվեք ամեն տեսակի «արյունալի» պայքարին և անմիաբան, սիրտն ու հոգին խոցոտող, միտքը փոթորկող այս վիճակին:
Հայոց Եկեղեցին, իր աստվածային իմաստությամբ և պատմական փորձառությամբ, միշտ հաղթականորեն է ընթացել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մայրուղիով. այսօր էլ, վաղն էլ և հավիտյան նույն կերպ է հառաջ գնալու:
Իշխանավորներ ու ընդդիմադիրներ,
Սիրեցեք միմյանց, պաշտեցեք Հայրենին, խնայեցեք Սբ Արարատին և ջանացեք լինել Ազգի օրհնյալներ և ոչ երբեք նզովյալներ՝ այս կյանքում և ի հավիտյան:

Ասողիկ աբեղա Կարապետյան