ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ. Բանակն աղոթքի մեջ և արթուն պահելու ձգտումով է, որ հայ հոգևորականը զինված ուժերում է (բացառիկ)

Vrdanes eps Abrahamyan - ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ. Բանակն աղոթքի մեջ և արթուն պահելու ձգտումով է, որ հայ հոգևորականը զինված ուժերում է (բացառիկ)

Հայկական բանակի ստեղծման 26-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

1997 թվականից հոգևոր սպասավորները ծառայություն են մատուցում Հայաստանի և Արցախի զորամասերում: Ինչպե՞ս կգնահատեք գնդերեցների կողմից իրականացվող աշխատանքը: Ի՞նչ է տալիս նրանց ծառայությունը մեր բանակին, զորամասին և զինվորին:

— Ավելի քան երկու տասնամյակ առաջ այս օրը Հայաստանը կրկին կանգնած էր սեփական իրավունքների պաշտպանության օրհասական խնդրի առաջ: 1992թ. հունվարի 28-ին իրականացավ համայն հայության վաղեմի իղձը՝ մենք ունեցանք բանակ և, ինչպես իրավացիորեն նկատել է մեծն Գարեգին Նժդեհը, «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»: Գաղտնիք չէ, որ մենք բանակ-ժողովուրդ ենք, բանակ՝ նորածնից մինչև ալեհեր ծերունի, իսկ այդպիսին լինել մեզ պարտադրել է պատմական մեր բարդ ճանապարհը, ուստի պարտավոր ենք միշտ արթուն հսկել՝ բոլորով զինվոր դարձած՝ երբեք գոտիներս չթուլացնելով:

 Այդ զգաստության դերն էլ հենց կատարում են գնդերեցները, որոնց ծառայությունը հայտնի է դեռևս Ավարայրի ճակատամարտին մասնակից հոգևորականներից: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները, գնդերեցի և ռազմիկի ծառայությունը բերելով ողջ արցախյան պատերազմի և առհասարակ մեր ողջ պատմության ընթացքում, 1997թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետի և լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայությունը ստացավ իր ձևավորման առաջին տեսքը: Պետականություն ու բանակ ունեցած ժամանակներում Հայ Եկեղեցին իր մշտական հոգևոր խնամքի ներքո է պահել հայրենյաց պաշտպան զորականին՝ նաև մարտի դաշտում մշտապես կանգնած լինելով նրա կողքին: Ամենաթարմ օրինակները Սարդարապատն ու արցախյան գոյամարտն են. Սարդարապատում աշխարհազորայինների կողքին հոգևորականներից կազմված առանձին զորաջոկատ էր մարտնչում, որի մասին վերջերս իմ նախաձեռնությամբ և Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ հրատարակվել է «Զինվորյալ հոգևորականներ» գիրքը:

 Բանակն արթուն, աղոթքի մեջ ու Տիրոջ օրհնության ներքո պահելու ձգտումով է, որ պաշտոնապես արդեն քսան տարի հայ հոգևորականը զինված ուժերում է՝ իր ամենօրյա ու անսակարկ ծառայությամբ նեցուկ լինելու զինվորին ու սպային և զգոն պահելու հոգևոր ու մարմնավոր թշնամու հարձակման վտանգի առաջ: Գնդերեցը կարևոր օղակ է մեր զինված ուժերում, քանի որ բացի հոգևոր ծառայությունից մեր սպասավորները չափազանց կարևոր հասարակական գործառույթ են իրականացնում և այսօր զինվորականները դժվարությամբ են պատկերացնում առօրյան առանց իրենց գնդերեցի, նրա աղոթքի ու օրհնության, նրա խոսքի ու Աստվածաշնչից բխող խրատների: Սպա-զինվոր հարաբերությունների մեջ գնդերեցն ունի անփոխարինելի դեր, քանի որ սպան իբրև խնամող հայր, իսկ զինվորն իբրև հնազանդ որդի միմյանց հետ հարաբերվեցին գնդերեցի ջանքերով: Այդ մասին վկայում են այն բազում մկրտությունները, որոնք մենք իրականացրել ենք զորամասերում և հատկանշական է, որ մկրտվող զինվորի կնքահոր հանձնառու և պատասխանատու պաշտոնը հաճախ ստանձնում են հենց սպաները, ինչն արդեն նշանակում է, որ ծառայության մեջ գնդերեցների շնորհիվ արդեն առկա է ոչ միայն կանոնակարգային, այլև ընտանեկան շփում. չէ՞ որ այդ ընտանիքներն արդեն կապվում են միմյանց հետ և բարեկամանում: Այդ բարեկամական շենքի առաջին քարն, անշուշտ, դնում են մեր գնդերեցները:

 Հոգևորականն իր գործունեության ու քարոզչության ասպարեզ է համարում ինչպես բուն զորամասի տարածքը, այնպես էլ զորավարժարանն ու հոսպիտալը, զինավաններն ու առաջնագծի մարտական հենակետերը: Արդյունքը տեսանելի և առավել քան սպասելի է, իսկ դրա վկայությունը հենց զինվորի շուրթերին է. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մեր խիզախ տղաներից շատերն էին ասում, որ իրենց նահատակ ընկերների պես իրենք էլ պատրաստ են կյանքը տալու ոչ միայն «վասն հայրենեաց», այլև «վասն հաւատոյ». կարգախոս ու հավատամք, որ վկայում է բանակի կյանքում Եկեղեցու լիարժեք ներկայության: Եվ սա փոխադարձ է. ինչքանով որ գնդերեցն է փորձում բանակի կյանքում լիարժեքորեն ներգրավվել, այնպես էլ իրեն մեծապես «վարձատրված» է զգում, երբ տեսնում է իր զորամասի տարաստիճան սպաների ու նրանց ընտանիքի անդամների իր եկեղեցում Ս. Պատարագի և այլ սրբազան արարողությունների մասնակցելիս: Գնդերեցի ու զինվորի՝ ծառայության ընթացքում սկիզբ առած ընկերությունը շատ հաճախ շարունակվում է նաև զինվորական ծառայությունից հետո:

 Իբրև Աստծուց կարգված դեր՝ գնդերեցն առաջին հերթին Տիրոջ խոսքի սպասավորն ու ջամբողն է իր զորամասին՝ «ձեզ հետ իբրև մի քրիստոնյա եղբայր, ձեզ համար՝ իբրև հոգևոր հայր» օգոստինյան սկզբունքով: Հետևաբար իբրև սրտացավ հայր ու հոգատար եղբայր գնդերեցն իր ամենօրյա ծառայությամբ, խոսքից գործ սկզբունքով ձգտում է Աստծո օրհնությունների մեջ պահել իր խնամքին հանձնված փոքրիկ հոտը:

Ավելի քան 20 տարի ներգրավված լինելով Զինված ուժերում և շատ շատերից ավելի լավ ճանաչելով բանակի նման բարդ կառույցը՝ հոգևոր սպասավորներն ի՞նչ միտումներ են նկատում:

— Նախ կցանկանայի տարբերակել, որ մեր զինված ուժերը կառուցվածքային տեսանկյունից շատ ավելի պարզ, հստակ ու թափանցիկ են, քան այլ բանակներն ու քաղաքացիական կառույցները, իսկ բարդությունը կայանում է միայն իրականացնող խնդրի տեսանկյունից: Բանակում ծառայող յուրաքնչյուր ոք գիտի որտեղ է թշնամին, որտեղից սպասել հարվածի, իսկ օրակարգը հստակ կազմակերպում է ծառայողի առօրյան, սակայն հատկապես Տիար Վիգեն Սարգսյանի ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում կառավարման այս կարճ ժամանակամիջոցում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազում նպատակներ ու ծրագրեր, որոնք հայոց բանակը մղում են դեպի կատարելության` այն դարձնելով առավել անխոցելի: Բանակը գնալով ժողովրդականանում է, և այստեղ շատ կարևոր է նվիրյալ սպայի ու զինվորի դերը:

— Հոգևոր սպասավորների գործունեության արդյունավետությունն առավել բարձացնելու նպատակով ի՞նչ քայլեր են նախատեսվում:

— ՀՀ ԶՈՒ Հոգևոր սպասավորությունը կայացման դժվարին, բայց փորձառու ճանապարհ է անցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայրապետի հայրական աջի ներքո, ով իր գահակալության առաջին իսկ օրվանից հատուկ ուշադրություն ու հոգածություն է ցուցաբերել ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գործունեության նկատմամբ: Եկեղեցու հոգևոր խնամքի տակ առնելով բանակը՝ մեր երկրի անվտանգության երաշխավոր այդ կարևորագույն կառույցը, Նորին Սրբության տեսլականն էր առավել ևս շեշտադրել զինվորի հոգևոր-բարոյական ու ազգային հոգեկերտվածքի ձևավորումը: Դրան էին միտված Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հոգևոր գրականության բաշխումը զինվորներին, համապատասխան թեմաներով ռադիոհաղորդումների պատրաստումն ու ձայնասփռումը, Խաչվառերի տրամադրումը զորամասերին, եկեղեցական-տոնական միջոցառումների ու սեմինարների կազմակերպումը, սոցիալական աշխատանքն ու օգնությունը զոհված և վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքներին և բազմաթիվ այլ ծրագրեր:

Ինչպես որ շատ է այս ընթացքում արվածը, այնպես էլ շատ են անելիքներն ու ծրագրերը, որ հույս ունենք տարեց տարի իրագործել՝ ի բարօրություն մեր բանակի, պետության ու Մայր Եկեղեցու: Սակայն, եթե հոգևորականն այսօր սահմանից մինչև մայրաքաղաք ծառայություն է իրականացնում, ուրեմն մենք արդեն հաջողել ենք, իսկ ինչ վերաբերվում է մեր գնդերեցների պատրաստությանը, նշեմ, որ պարբերաբար մենք կազմակերպում ենք հանդիպումներ և քննարկումներ բազմաբնույթ թեմաներով և հրավիրում մասնագետներ ինչպես մեր երկրից, այնպես էլ արտասահմանից, ովքեր իրենց կենսափորձով ու գիտելիքներով կարող են կարևոր ուղղորդում տալ մեր գնդերեցներին: Ասեմ ավելին, մեր կազմակերպած միջոցառումների և քննարկումների կարևոր հյուրերից են զինվորականներ, ովքեր ևս իրենց լուման են բերում բանակի զորացման սրբազան գործին:

— Սրբազա՛ն Հայր, ո՞րն է Ձեր բարեմաղթանքը Հայոց բանակի օրվա կապակցությամբ:

— Կարծում եմ՝ ամեն հայի սրտից բխող առաջին մաղթանքը խաղաղությունն է: Մեր ամենօրյա աղոթքն է, որ կրակոցներ հնչեն միայն հրաձգարաններում, և յուրաքաչյուր հայ մայր բարով ճանապարհի իր որդուն բանակ և ողջ-առողջ դիմավորի նրան:

Մեծերից մեկն ասել է, որ մենք Տիրոջից չպետք է խնդրենք հեշտ կյանք, այլ պետք է աղոթենք, որ Տերը մեզ դարձնի ավելի ուժեղ: Ուստի օգտագործելով առիթը՝ հայցում եմ նաև ձեր ամենքի աղոթքները՝ Տիրոջ զորակցությունը հայցելու մեր գնդերեցների՝ պատասխանատու և դեպի դարերը միտված իրենց առաքելության համար: Շնորհավորում եմ ամենքիս մեր փառապանծ բանակի 26-րդ տարեդարձի առիթով և մաղթում, որ ըստ մեր Տիրոջ խոսքի, իբրև ազգ-բանակ միություն և ամբողջություն մշտապես արթուն լինենք՝ դիմագրավելու թշնամու անակնկալ ոտնձգությունները մեր համարժեք գործերով ու քայլերով, գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ և զորացած աղոթքով, որ ամենաազդու ու մշտանոր միջոցն է անհատ հայ քրիստոնյայի և մեր ամբողջ ազգի ու բանակի համար: Եվ թող ամենազոր Տերն ինքը երկնավոր զորքերի բարեխոսությամբ զորացնի մեր երկրավոր զորքին՝ հայոց բանակի յուրաքանչյուր զինվորին ու սպային և բոլորիս` մեր ժողովրդին, հայրենիքին ու պետականությանը։ Ամեն:

Օրհնածին Ծնունդդ շնորհավո՛ր, մեր Սրբազան Հայոց Բանակ:

Աղբյուր՝ armedia.am