Հայտնության մասին

haytnutyun - Հայտնության մասին

Աստծուն ճանաչելու համար մարդը ունի երկու հիմնական ճանապարհ՝ հավատ և բանականություն: Երկուսն էլ շատ կարևոր դեր ունեն ճանաչողության հարցում, սակայն կան այնպիսի հարցեր որոնց պատասխանը ստանալու համար Աստված մեզ շնորհեց հայտնությունը:
«Յայտնութիւնը Աստուծոյ ազատ կամքէն եւ շնորհքէն բղխած այն արարքն է, որով Ան ինքզինք եւ իր գործը կը յայտնէ մարդուն» (Գարեգին վրդ. Սարգսյան, Տեսական Աստվածաբանություն, Կանադա 2005, էջ 38):

 Եթե Աստված չշնորհեր մեզ հայտնությունը մեզ համար շատ բաներ անհայտ կմնային: Սակայն չենք կարող չնկատել, որ հայտնությունը մասնավոր արարք է, այսինքն այն չի շնորհվում բոլորին, այն առանձին մարդկանց, նրանց ովքեր իրենց կյանքով արժանի եղան այն ստանալու:

 Հայտնության հետ կապված կարող է նաև մի ուրիշ հարց առաջանալ, թե արդյո՞ք այն ճշմարիտ է: Պատասխանելով այդ հարցին պետք է ասենք , որ հայտնության հեղինակը Աստված է այն իրենից բացարձակ ճշմարտութոյւն է ներկայացնում, որովհետև հայտնությունը կազմված է Աստծո խոսքերից:

 Հայտնությունը ներկայանում է մեզ տարբեր եղանակներով, բնական և գերբնական հայտնություններ: Բայց չենք կարող ասել, որ Աստված ամբողջական ձևով է հայտնվում, այլ աստիճանաբար, այս տեսակետից ելնելով, կարող ենք ասել, որ աստծո հայտնությունը ունի իր պատմականությունը:

 Աստվածային հայտնությունն անցել է զարգացման երկու կարևոր հանգրվաններ՝ նախաքրիստոնեական կամ հինկտակարանյան շրջան և քրիստոնեական կամ նորկտակարանյան շրջան:
Հինկտակարանյան հայտնությունը ունի իր մի քանի առանձնահատկությունները:

1. Աստծո հայտնությունն առնչվում է մարդ արարածի հետ
2. այդ հայտնությունը նախաձեռնողը միշտ Աստված է
3. ամբողջ հին Կտակարանում նախապատվությունը տրվում է Աստծո խոսքով եղած հայտնությանը
4. Աստված քայլ առ քայլ հայտնում է Իրեն ոչ միայն իբրև Տեր հատուկ ժողովրդի՝ հրեա ազգի, այլ համայն աշխարհի և ազգերի
5. Աստծո հայտնությունը Հին Կտակարանում դառնում է նաև մի նոր խոստում հետագա մի հայտնություն, որ տեղի էր ունենալու Աստծո Խոսքի մարմնացումով:

 Նոր Կտակարանում ևս Աստված հայտնում է Ինքն Իրեն Իր խոսքի և գործի միջոցով: Միակ տարբերությունն այստեղ այն է, որ Աստծո Խոսքը մեզ ներկայանում մարմնավորված ձևով՝ Հիսուս Քրիստոսի կերպարանքով: Եվ հենց Քրիստոսով աստվածային հայտնությունն իր վերջնական և անգերազանցելի հանգրվանին է հասնում:

 Հեղինակ` Խանանյան Դանիել