«Հայրենիքի պաշտպանության, շինության և զորացման համար համախմբվածության դեպքում անպարտելի ենք» Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն»:

«Երբ չի մնում ելք ու ճար,
խենթերն են գտնում հնար»
(Պարույր Սևակ):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

 Մեր ժողովրդի արժանավոր զավակ և ճշմարիտ մտավորական Պարույր Սևակն այս զարմանահրաշ բառերով է նկարագրում հային Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված անզուգական իր բանաստեղծության մեջ, որն այսօր հաճախ երգում ենք ուրախ առիթների ժամանակ: Այո´, երբ մեր հարուստ և բազմաբովանդակ պատմության ընթացքում ազատատենչ Հայկ Նահապետի ժառանգներս կանգնել ենք ոչնչացման եզրին, երբ այլևս կարծես թե չի մնացել ապրելու հույսի որևէ նշույլ և վտանգված է եղել անգամ Հայոց աշխարհի գոյությունը, մեր միջից հրաշքով ծնվել են «խենթեր», որոնք գտել են ելքն ու ճարը: Անկասկած, նրանք հավատացել են հայ ժողովրդի հավերժությանն ու Աստծո կողմից նրան վերապահված առաքելությանը` մշտապես վկայելու Տիրոջ և ճշմարտության մասին: Ազգային մեր էպոսի հերոսների նման ամեն հայի մեջ ապրում են խենթն ու ծուռը, որոնք արտահայտվում են Հայրենիքի, առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, մեր սրբությունների ու սրբազան հողի հանդեպ անսահման սիրով և պաշտամունքով: Հետաքրքրական ժողովուրդ ենք իսկապես. լքում ենք Հայրենիքը խաղաղ ժամանակ, բայց վերադառնում օրհասական պահերին, մեր անձնական եսը մենքի ենք վերածում, միասնականություն, համերաշխություն և սեր դրսևորում միմյանց հանդեպ, երբ թշնամու վտանգն ենք զգում: Բայց անկախ ամեն ինչից և հատկապես մեր բնակության վայրից, բոլորս համակարծիք ենք, որ մեր հողը սուրբ է, ջուրը` անմահական, իսկ հողից ստացված բարիքները` անուշահամ և աննման: Մեզ համար կարևոր են նաև պատմական և շրջադարձային որոշ օրեր, երբ ամբողջապես կարողացել ենք ցույց տալ և ապացուցել, որ Տիգրան Մեծի, Վարդանանց քաջերի, Ս. Թարգմանիչ վարդապետների և լուսավոր մեր Հայրերի արժանի հետնորդներն ենք:

 Սիրելինե’ր, այսօր նույնպես նվիրական և հիշարժան օր է մեր «փոքր ածուի» համար, քանզի Հայոց Ցեղասպանության հետևանքները դեռ չվերացրած ու վերքերից չապաքինված, հայրենազրկված հազարավոր գաղթականներով, սուգի, տառապանքի և անորոշության մթնոլորտում հրաշք տեղի ունեցավ. հայ մարդու անկոտրում կամքի, անպարտելի ոգու և միասնականության շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որով իրականություն դարձավ մեր նախնիների դարերով փայփայած երազանքը: Ճիշտ է, այն շատ կարճ կյանք ունեցավ, բայց մայիսյան հերոսամարտերից հետո մենք վերջապես հավատացինք մեր ուժերին ու մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Հայրենիքի պաշտպանության, շինության և զորացման համար համախմբվածության դեպքում անպարտելի ենք: Այս անկախությունը մեզ հենց այնպես չտրվեց, այն կերտվեց և ձեռք բերվեց բազում քաջ և նվիրյալ հայորդիների գիտակցված մահվան, հայրենի սրբազան հողի և մեր սրբություների հանդեպ նրանց ունեցած անսահման սիրո արդյունքում: Նրանք արիաբար ընկան մարտի դաշտում՝ հավատալով Հայոց աշխարհի վաղվա լուսավոր օրվան և հայ ժողովրդի հարատևությանը: Մայիսյան հաղթանակների կերտողները քաջ գիտակցում էին իրենց ուսերի վրա դրված ծանր և պատասխանատու առաքելությունը, ետ կանգնելն այլևս հնարավոր չէր, քանզի վտանգված էր մեր պաշտելի Հայրենիքի գոյությունը: Եվ անհավատալին իրականություն դարձավ, և անհնարինը՝ հնարավոր, քանզի նրանց թիկունքում աստվածակառույց Ս. Էջմիածնի օրհնությունն էր, Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամբողջական զորակցությունը և ամեն հայի առ Աստված ուղղված անդադար աղոթքը: Ուստի այս խորհրդավոր պահին, երբ Ս. Պատարագ եմ մատուցում Միածնաէջ այս տաճարում, որը լուռ վկան է մեր պատմության և հենց այդ բախտորոշ օրերի, ուզում եմ աղոթքով և օրհնությամբ հիշել մեր ժողովրդի բոլոր այն նվիրյալ զավակներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հայրենիքի և իրենց թանկագին արյան հեղմամբ մեզ անկախություն պարգևեցին: Չնայած մեր երկիրն աղքատացավ նրանց ֆիզիկական բացակայությամբ, բայց երկինքը հարստացավ նրանցով, ովքեր գնացին խառնվելու մեր մյուս հերոս նահատակներին: Վստահ եմ, որ նրանց հոգիները հիմա ցնծում են երկնքում և ուրախանում՝ տեսնելով անկախացած մեր Հայաստանի Հանրապետությունը և նույն այդ Հայրենիքի զորացմանը լծված իրենց հայրենակիցներին: Ուրեմն, փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, խունկ և օրհնություն նրանց անմոռաց հիշատակին:

 Անհերքելի է, որ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում վերարթնացավ ու կրկին փայլատակեց Ս. Վարդանանց ոգին, մեր հերոսների գիտակցված մահը կյանքի վերածվեց և թեկուզ շատ կարճ ժամանակով, բայց հայը զգաց պետականություն ունենալու քաղցրությունը: Մայիսյան հաղթանակներում անուրանալի դերակատարություն ունեցավ նաև Հայոց Եկեղեցին հոգևորականաց իր դասով, որի մասին շատ քիչ է խոսվում և երբեմն անգամ մոռացվում: Պատմությունը եթեներ չի սիրում, բայց դժվար է ասել, թե ի’նչ ընթացք կունենար Սարդարապատի ճակատամարտը, եթե չլիներ Գևորգ Ե Հայրապետի հստակ կեցվածքը: Նա ոչ միայն հրաժարվեց լքել Ս. Էջմիածինը, այլ նաև կոչով դիմեց բոլորին` զենք վերցնել և անվախ ելնել թշնամու դեմ: Հայոց Հայրապետը կարգադրեց նաև հնչեցնել հայոց եկեղեցիների բոլոր զանգերը և ոտքի հանել ժողովրդին և օրհնեց կամավորականներին: Այս հերոսական պայքարին մասնակցել են բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանցը, որը գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ Սրբազանները, Թադեոս և Եզնիկ վարդապետները, բազում քահանաներ և ճեմարանականներ, ովքեր խաչը զենքի վերածեցին և իրենց օրինակով քաջալերեցին ու նոր ոգի ներշնչեցին բոլորին: Այսպիսին է եղել և է Հայոց Եկեղեցին` ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամեն ինչ անելով մեր համբուրելի Հայրենիքի և ժողովրդի համար: Ոչինչ կարծես թե չի փոխվել, նույն իրավիճակն է նաև այսօր Արցախյան պատերազմում, երբ հայ եկեղեցականը լուռ, առանց գովազդի, անտրտունջ իր սուրբ առաքելությունն է իրականացնում մեր Հայրենիքի անբաժանելի մասում` Արցախ աշխարհում: Անձնապես ինձ համար այս օրը նույնպես հիշարժան է և կարևոր երկու պատճառով. նախ` ամեն տարի` մայիսի 28-ին, չգրված ավանդության համաձայն, հայրիկիս առաջնորդությամբ և մի խումբ մտավորականների հետ այցելում էինք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, պետական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանի գերեզմանին, և երկրորդ` պատանեկան հիշողությանս մեջ ամուր դրոշմվել է այն դրվագը, երբ 1988 թ. հենց այս օրը, Ազատության հրապարակում, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը ծոցից հանեց եռագույն դրոշը և պարզեց: Ուստի մայիսի 28-ին ես միշտ ինձ նույն հարցն եմ տալիս` ի±նչ եմ արել Հայրենիքիս և հայոց պետականության ամրապնդման համար…:

 Անկախ պետություն և պետականություն ունենալը մեր հայրերի դարավոր երազանքն է եղել, որի համար նրանք պայքարել են և համառ ջանքեր գործադրել: Փա¯ռք Աստծո, այսօր ունենք Հայաստանի երրորդ Հանրապետությունը, որը բազում խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, բայց այն մերն է, մեր սրբազան Հայրենիքը: Այն այժմ առավել սիրո, գուրգուրանքի և խնամքի կարիք ունի: Չպետք է մոռանալ, որ Հայոց աշխարհը սրբացված է մեր սուրբ նահատակների արյամբ և զորացած իր քաջարի զավակներով: Մենք այլ Հայրենիք չունենք, ուստի օտար երկրների փոխարեն մեր Հայրենիքի շենացմանը պետք է լծվենք: Մեր մտավոր ամբողջ ուժը, տաղանդը և տարբեր ձիրքերը պետք է ի սպաս դնենք Հայրենիքի զորացման և բարգավաճման համար: Իսկ Հայրենիքի հզորությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր անդուլ և նախանձախնդիր աշխատանքից, նրա հանդեպ անմնացորդ սիրուց և նվիրումից: Կարելի է նեղսրտել այս կամ այն պաշտոնյայի սխալներից, բայց ոչ երբեք Հայրենիքից: Հայաստանի հզորացումն է նաև գրավականը սփյուռքի երկարատևության, քանզի առանց ուժեղ Հայաստանի, այն դատապարտված է արագ ուծացման: Ուստի պետականամետ մտածողությունը պետք է իշխի մեր մեջ, որում տեղ չունեն եսասիրությունն ու անձնապաշտությունը: Մի´ մտածեք, թե Սարդարապատն ավարտվել է: Ո’չ, Սարդարապատն այսօր էլ շարունակվում է տարբեր ձևերով` արտագաղթով, ընտանիքի ինստիտուտի թուլացմամբ, մեր ժողովրդի մեջ կեղծ արժեքների ներմուծմամբ, մարդու իրավունքների ներքո մեղքի արդարացմամբ և այլն: Մենք ամեն օր ստիպված ենք պայքարել մեր սրբությունների, ինքնության պահպանման, մեր հողի և մնայուն արժեքների համար: Ունե՞նք այս գիտակցությունը, թե՞ ոչ, իրականության մեջ ոչինչ չի փոխվում: Հետևաբար այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով, տարածքով կամ ծավալով: Այն շարունակվող հերոսամարտ է, պայքարի և լինելիության ոգի, քանզի իբրև ազգ` դատապարտված ենք հաղթանակած դուրս գալու տեսանելի և անտեսանելի բոլոր պատերազմներից: Իսկապես ուրախալի է, որ այս հաղթական օրը Մայր Տաճարում մեզ հետ աղոթակից են նաև մեր հայրենակիցներից շատերը, ովքեր Հայաստան են եկել սփյուռքի տարբեր գաղթօջախներից, որոնց սիրտն ու հոգին այնքան ամուր կապված են Հայրենիքին: Շնորհավորում եմ ամենքիս այս լուսավոր օրվա առիթով և հիշեցնում, որ քիչ հետո Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի Գոհաբանական մաղթանք մեր Հայրենիքի անսասանության համար:

 Թող հարուցյալ Տերը մեր ազգին միշտ հաղթանակներ շնորհի, անսասան պահի ու պահպանի մեր Հայրենիքն ու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, մեր մեջ զորացնի սիրո և միասնականության ոգին` բարօրություն պարգևելով մեր ժողովրդին. ամեն:

Տ. ԶԱՔԱՐԻԱ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ` ԽՈՍՎԱԾ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ
(28 մայիսի, 2017 թ.)