Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը վեր դարձան

Petros Getadardz 880x640 - Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը վեր դարձան

 Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր ֆեյսբուքյան էջում «ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ» խորագրով հետևյալ պատմությունն է ներկայացրել. «Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը: Կայսրը կարգադրում է, որ hայոց hայրապետն արարողությունը կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին: Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն «կատարյալ» դարձնելով: Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ կաթողիկոսը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն, և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում: Սմբատ պատմիչը նշում է, թե գետի ջրերի վրա հուր երևաց, ջուրը մի պահ արգելափակվեց, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը վեր դարձան: