Հայր Սուրբ, Արևելքում պայթեցվեց Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ականատես եղանք, թե ինչպես Պոլսի Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածվեց մզկիթի, հիմա ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին: Արդյոք Թուրքիայի այս բոլոր քայլերը մեր տարածաշրջանից քրիստոնեությունը դուրս մղելու նպատակ չունեն:
Ընդհանրապես այսօրվա Թուրքիայի գործողությունները աշխարհաքաղաքական գլոբալ համատեքստում որակել սանձարձակ՝ քիչ է ասել, քանզի այդ երկիրը, արհամարհելով միջազգային հանրությանը, ամենաթողտվության պայմաններում կյանքի է կոչում պանթուրքիզմի գաղափարախոսության ծրագրերը։ Գերտերությունների ոչ համարժեք արձագանքի արդյունքում Թուրքիան առավել մեծացնում է իր ախորժակը և անթաքույց դարձնում իր աշխարհաքաղաքական նկրտումները։ Կարծում ենք, որ համաշխարհային հանրությունը համաչափ չհակազդեց Թուրքիայի իշխանությանց կողմից համամարդկային քրիստոնեական խորհրդանիշներից մեկի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, մզկիթի վերածելու որոշմանը։ Եթե պարզ հայտարարությունների փոխարեն կիրառվեին պատժամիջոցներ, և եթե ժամանակին Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը արժանանար կոշտ գնահատականի, ապա այսօր չէինք ունենա Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պատկերը։ Ավելին, բոլորս ենք հիշում՝ ինչպես աշխարհի ժողովրդավարության և ազատության առաջամարտիկ երկրներից մեկում՝ Վաշինգտոնի կենտոնում՝ Սպիտակ Տան առջև, Թուրքիայի նախագահի թիկնապահները ծեծի ենթարկեցին հայ խաղաղ ցուցարարներին և մնացին անպատիժ։
Ինչպես 1700 տարի առաջ հայ ժողովուրդը ընդունեց քրիստոնեությունն իբրև պետական կրոն և բեկումնային փոփոխություններ բերեց տարածաշրջանում, այդպես էլ այսօր իր վճռական կամքով կսանձի Թուրքիայի ամենաթողտվությունը, եթե դա չի անում միջազգային հանրությունը։
2. Հայր Սուրբ, ո՞րը պետք է լինի հոգևորականների դերը այս ծանր իրավիճակում:
Հայ հոգևորականի դերը ընդհանրապես խաղաղություն քարոզելն է, բայց այսօր՝ խաղաղության համար պայքարելն է։ Հայ ժողովուրդը, ինչպես ազգիս Վեհափառ հայրապետն ասաց, խաղաղասեր ժողովուրդ է և այսօր հարկադրված է պայքարել՝ ի խնդիր խաղաղության, հետևաբար՝ հայ զինվորն էլ խաղաղության մարտիկ է։ Ինչպես Ավետարանն է ասում. §Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն¦ (Մատթ. 5։9)։
3․ Ինքներդ պատրաստ ե՞ք մեկնել ռազմաճակատ, ինչպես Սարդարապատի օրերին էին անում մեր բարձրաստիճան հոգևորականները։
Հայ ժողովրդի օրհասկան պահերին հայ հոգևորականը միշտ էլ եղել է իր հոտի կողքին՝ իր Խաչով և անհրաժեշտության դեպքում իր զենքով` իրականացնելով և հոգեփրկչական և ազգապահպան առաքելություն։ Դրա վառ վկայությունը մեր պատմության հաղթական և հերոսական դրվագներն են` Ավարայրում, Սարդարապատում և Շուշիում։ Ի դեպ, Սարդարապատի հերոսամարտում հենց հայոց Կաթողիկոսի վճռական խոսքը հանդիսացավ հիմնաքարը այդ հաղթանակի։ Այսօր էլ հայ հոգևորականն իր աղոթքով, քաջալերական ու մխիթարական խոսքով և օրինակելի վարքագծով գործում է, թե՛ սահմանին և թե՛ թիկունքում։
4․ Հայր Սուրբ, վերջում, Ձեր հայրական խոսքը մեր սահմանը անառիկ պահող զինվորականերին`շարքայինից մինչև գեներալ:
Մենք աղոթում ենք մեր զինվորների համար՝ հայցելով, որ Ամենակարող Աստված իր ամենազոր Սուրբ Աջով՝ իբրև վահան պահի ու պահպանի նրանց։ Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է հերոսական էջերով։ Վստահ ենք, որ այսօր էլ գրվում է այդ հերոսական պատմության շարունակությունը՝ շնորհիվ մեր նորօրյա Վարդանների, Անդրանիկների և Վազգենների։
Մեր զինվորներին մաղթում ենք քաջարի ընթացք, անկոտրուն կամք և զորություն նրանց բազկին, որին, հավանաբար, անհագ թշնամին կարոտ է մնացել։ Կարևոր է հայրենիքի համար նահատակվելը, բայց կարևոր է նաև հայրենիքի համար ապրելը, մենք սպասում ենք մեր զինվորների առողջ և անվնաս վերադարձին։ Թող Աշոտ Երկաթի Խաչը առաջնորդող լինի հայոց բանակին և Տերը պահապան լինի մեր զինվորներին՝ ի խնդիր հայրենի մեր երկրի սահմանների անառիկության և հայ ժողովրդի խաղաղության։
ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ S. ՊԱՐԹԵՎ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՐՍԵՂՅԱ
Աղբյուր` www.iravunk.com