«Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ այս օրերին ընթացող քննարկումները որոշ մտահոգությունների տեղիք են տալիս: Այն տպավորությունն է ստեղծվում, որ դպրոցական այս առարկայի հանդեպ վերաբերմունքը կախված է անձնական մոտեցումներից ու նախապատվություններից: Տեղեկության լուրջ պակաս է զգացվում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի բնույթի պատկերացումներում ընդհանրապես: Իսկ բարձրաձայնված կարծիքը, թե «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, իբրև այդպիսին, արհեստականորեն ստեղծված մի բան է, արդեն զավեշտի է հասնում: Ավելի ճիշտ, կարծես, արհեստական է այն աղմուկը և թեման հանրային մակարդակի քննարկման հանելը, որ երևում է այսօր, մանավանդ եթե նկատի ունենանք, որ դպրոցական տարվա առաջին կիսամյակի մեջ է դա արվում: Փոփոխության համար պետք էր սպասել ուսումնական տարվա ավարտին՝ հատկապես նկատի ունենալով, որ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում զետեղված են նախարարի, փոխնախարարի ստորագրություններով փաստաթղթերը՝ 2019-2020 թթ. ուսումնական տարվա համար երաշխավորված դասագրքերի ցանկում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքի, ինչպես նաև ուսումնական պլանում այս առարկայի ներառման և դասագրքի ներդրումային գումարի չափը հաստատելու վերաբերյալ: Երբեմն էլ եթերով ցուցադրում են պատմության մի դասատուի, որը պնդում է, թե օրենսդրության մեջ կետեր է գտել, որով իբր Եկեղեցու պատմություն դասավանդելով բռնություն է լինում երեխայի վրա և խախտվում է երեխայի իրավունքը: Լավ չէ, երբ համապատասխան ոչ մասնագետն իրեն օրենսգետի տեղ է դնում: Մինչդեռ դպրոցներում երեխաներին աթեիզմի քարոզ անելը կամ աթեիզմին նախատրամադրելն է բռնություն երեխայի նկատմամբ և խախտում՝ երեխայի և նրա ծնողների իրավունքի: Այսպիսով, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի «հորինովի լինելու և անհիմն կերպով դասավանդվելու», ինչպես նաև օրենքին, միջազգային օրենսդրություններին հակառակ լինելու ենթադրություններ ունեցողներին տեղեկացնենք հետևյալը:
Աշխարհի տարբեր պետությունների դպրոցներում դասավանդվում է Եկեղեցու պատմություն կամ քրիստոնեության պատմություն, ինչը պարտադիր է տվյալ երկրի պետական բոլոր դպրոցների համար: Անգլիայում քրիստոնեական կրթությունը պարտադիր առարկա է պետական բոլոր դպրոցներում: Այն պարտադիր չէ բոլոր աշակերտների համար, բայց պարտադիր է դպրոցական ուսումնական պլանի մեջ ներառնելու համար: Բացի դրանից, Անգլիայում օրենքով դպրոցներից պահանջվում է ունենալ ամենօրյա հավաքական պաշտամունքի գործողություններ: Այն պնդումը, թե պետք է բոլոր կրոնների մասին հավասարապես դասավանդել, եթե թույլատրելի համարենք Եկեղեցու կամ քրիստոնեության պատմությունը, նույնպես անձնական երևակայությունների ոլորտից են: Անգլիայում համապատասխան օրենքով կրթական հաստատություններում կրոնական կրթության համար նախատեսված է հիսուն տոկոսից ավելի քրիստոնեական ուսուցմանը, իսկ մյուս բոլոր կրոնները պետք է միայն միասին կազմեն ու լրացնեն մնացյալ մասը: Նորվեգիայում նույնպես ուսուցման համար առնվազն հիսուն տոկոսը պետք է հատկացվի քրիստոնեությանը, քրիստոնեական սկզբունքներին: Իռլանդիայում, հատկապես դպրոցական սկզբնական շրջանում պարտադիր է կրոնական կրթությունը: Ֆինլանդիայում ևս կրոնական կրթությունը պարտադիր է դպրոցական շրջանի բաժանումներով 7-16 տարեկանների և 16-19 տարեկանների համար: Այստեղ հիմնականում անցնում են Ավետարանական լյութերական կրոնական կրթություն: Նկատի ունենալով, որ Ֆինլանդիայում կրոնական կրթությունը պարտադիր է, այնուամենայնիվ, որևէ կրոնական համայնքի չպատկանող աշակերտը կրոնական գիտելիքների փոխարեն կարող է նախընտրել էթիկայի ուսուցում: Ֆրանսիայում պատմական զարգացումների և այս երկրի մեջ նախկինում տեղ գտած եկեղեցու բացասական դրվագների հետևանքով խիստ աշխարհիկ դիրքորոշման կողմնակից են, որով կրոնական կրություն չկա դպրոցներում: (Այս առնչությամբ նշենք, որ Եկեղեցու և պետության հարաբերությունների, Եկեղեցու դերի մասին ժխտական վերլուծությունները և ենթադրությունները, որ ոմանք անգլերենով կամ դրանից թարգմանաբար կարդում են ու պատկերացնում, թե դա նաև Հայաստանի և մեր ժողովրդի մասին է, իրականում վերաբերում են միմիայն արևմտյան իրականությանը, Կաթոլիկ Եկեղեցու սխալ ընթացքներին, որի համար նոր ժամանակաշրջանում պապը պաշտոնապես ներողություն է հայցել): Սակայն Ֆրանսիայի Էլզաս-Լոթարինգիայի վարչական տարածքում, որի բնակչությունը արդեն հասնում է շուրջ երեք միլիոնի, պատմական ավանդության հիմնավորումով դպրոցական ծրագրում ներառնված է կրոնական կրթությունը: Ի դեպ, հենց այս շրջանի գլխավոր քաղաքում՝ Ստրասբուրգում է գտնվում Եվրախորհրդարանի նստավայրը: Գերմանիայում քրիստոնեական կրթությունը դպրոցական պետական ծրագրի մաս է կազմում, այն պարտադիր չէ որոշ շրջանների համար: Հունաստանում կրթական պետական պաշտոնական ծրագրում, սկսած դպրոցական վաղ տարիքից, ներառնված է Հույն Եկեղեցու ուղղափառ հավատքի հիմունքները դասավանդող առարկան: Այս շարքը կարելի է շարունակել: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նկատի ունենալով բազմաշերտ, բազմազգ ու բազմամշակույթ հասարակությունը, դպրոցներում չկա կրոնական կրթություն, սակայն մի շարք նահանգներում դպրոցական ծրագրից հանված է Դարվինի տեսության մասին ուսուցումը: Այստեղ կրոնական կրթությունը համալրվում է կիրակնօրյա դպրոցներով, իսկ ազգային փոքրամասնությունների պարագային, լիազորված դպրոց ունենալու դեպքում, պետության կողմից ազատ դասաժամ է հատկացվում համապատասխան հոգևոր կրթության ու դաստիարակության համար: Հիմա մեզ մոտ ԱՄՆ-ի մոտեցումը բերելը և հարմարեցնելը բոլորովին անհամապատասխան է մեր հասարակությանն ու իրականությանը: Եվրոպական երկրներում կրոնական, քրիստոնեական կրթության ներառումները դպրոցներում իրենց հիմքն ունեն նաև Եվրախորհրդի դեռևս 1992 թ. հրապարակած N 1178 հանձնարարականով, ինչպես նաև 1998 թ. N 1412 հրահանգով:
Իսկ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ մտցնելու տեսակետը անհիմն է, քանի որ սրանք միմյանց լրացնող նույն առարկան չեն և ունեն բոլորովին տարբեր նպատակներ ու չափանիշներ: «Հայ Եկեղեցու պատմությունը», «Ընդհանուր Եկեղեցու պատմությունը» առանձին առարկաներ են, որ գալիս են դարերի խորքից, և Եկեղեցու պատմության պատմահայր է համարվում չորրորդ դարի հեղինակ Եվսեբիոս Կեսարացին: «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշիչները նույնական չեն «Հայ ժողովրդի պատմություն»՝ իրադարձությունների ու թվերի մասին տեղեկացնող առարկայի հետ: Պետականորեն հաստատված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի նպատակն ու չափորոշիչներն են՝ աշակերտներին ծանոթացնել քրիստոնեության հոգևոր-բարոյական արժեքային համակարգի հիմունքներին, նրանց մեջ դաստիարակել բարություն, ընկերասիրություն, հավատարմություն, հարգանք ծնողների նկատմամբ, աջակցել կարևորելու հոգևոր-ազգային կառույցի դերը հայոց պատմության մեջ, իմանալ և հարգել սեփական ավանդույթները, տոները, ձևավորել աշխարհայացքային պատկերացումներ, ընդլայնել մտահորիզոնը, պատասխանատվություն սերմանել երեխայի մեջ: Այս ուսուցումը իրականացվում է նաև վերոնշյալ երկրների փորձի, օրենսդրությունների, օրենքի կարգավորումների ու նախատեսումների նկատառումով և ՀՀ օրենքին համապատասխան: ՀՀ կրթության մասին օրենքում՝ «Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը» վերնագրի ներքո արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»: Սրանից դուրս որևէ խոսք, գործողություն հակառակ է ՀՀ պետական օրենքին, ազգային շահերին, մեր ավանդույթներին ու արժեքներին:
Տեր Ադամ քահանա Մակարյան