Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու Պատմություն» դասաժամի լինել-չլինելու հարցն այս օրերին կրկին արծարծվել է Հայաստանում՝ կապված հանրակրթության նոր չափորոշիչների հետ, որոնցով նախատեսվում է «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան տարալուծել «Հայ Ժողովրդի Պատմություն» առարկայի մեջ։ Եւ այս քայլը անելու հիմնավորումն այն է, որ չի կարելի Հայ Եկեղեցու պատմությունը տարանջատել Հայ Ժողովրդի պատմությունից։
Իրականում Եկեղեցու ներկայացուցիչները երբեք էլ չեն ասել, որ Հայ Եկեղեցու Պատմությունը Հայ Ժողովդրդի պատմությունը չէ։ Նման բան պնդելն ինքնին անհեթեթություն է։ Ճիշտ ընդհակառակը՝ Հայ Եկեղեցին այնքան մեծ, վճռորոշ ու էական դերակատարություն ունի մեր ժողովրդի պատմության վերջին աւելի քան 1700 տարում, որ շատ հանգիստ կարելի է ասել՝ առանց Հայ Եկեղեցու պատմության չկա Հայ Ժողովդրդի պատմություն։ Պատահական չէ, որ Մաղաքիա Օրմանյան Պատրիարքը իր անգնահատելի եռահատոր աշխատությունը, որ իրականում եւ հիմնականում Եկեղեցու պատմությունն է, կոչում է «Ազգապատում»։
Նշվածով հանդերձ դպրոցական կամ հանրակրթական յուրաքանչյուր առարկա ունի իր ուրույն նպատակաուղղվածությունը եւ լուծում է բոլորովին տարբեր խնդիր։ Կապ չունի, որ երկու դեպքում էլ հրամցվող առարկան կոչվում է «Պատմություն»։ Այո՛, Հայ Եկեղեցու Պատմություն առարկան ներկայացնում է նաեւ Հայ Եկեղեցու, եւ բնականաբար նաեւ ազգի պատմությունը։ Դասագրքերում երբեմն ներկայացվող որոշ դեպքեր ու դեմքեր եւ պատմական իրադարձություններ թերեւս կրկնվում են նաեւ «Հայ Ժողովդրդի Պատմություն» դասագրքերի մեջ։ Սա կարելի է տեսնել թե՛ դրական ակնոցով, թե՛ բացասական, ինչպես որ կարելի է տեսնել հեղուկով լցված բաժակը կիսալեցուն ու կիսադատարկ։ Եթե սա է միակն խնդիրը, մի՞թե չի կարելի վերանայել թե Հայ Ժողովրդի եւ թե Հայ Եկեղեցու Պատմության դասգրքերը եւ որտեղ որ հնարավոր է խուսափել մանավանդ անհարկի կրկնություններից։ Իսկ որոշ կրկնություններ էլ, եթե այնուհանդերձ մնան, հաստատ չեն խանգարի հայ երեխայի կազմավորման դրական ընթացքին կամ նրա հայեցի ճիշտ դաստիարակությանը։ Ճիշտ հակառակը՝ կարող են նաեւ նպաստել․ Մի դասի ժամանակ չսովորածը թերեւս սովորեն մյուս դասաժամին, թէեւ կրկնում եմ, ցանկության դեպքում կարելի է լուծել կրկնությունների հարցը։ Պետք է պարզապես ազնիվ լինել եւ նշել այլ հիմնավոր պատճառներ, եթե բնականաբար այդպիսիք կան։ Թե չէ լռելը կամ միայն կրկությունները իբրեւ պատճառ բերելը դուռ է բացում այլեւայլ ասեկոսների ու ենթադրությունների։
Ովքեր ծանոթ են «Հայ Եկեղեցու Պատմություն» դասագրքերին, կարող են վկայել, որ նրանք չոր ու թվային պատմություն ուսուցանող դասգրքեր չեն, որքան էլ այնտեղ որոշ դեպքերի եւ իրադարձությունների թվեր կան։ Դասագրքերը աշակերտին են ներկայացնում քրիստոնեությունը, քրիստոնեական բարոյականությունն ու արժեհամակարգը, Հայ Եկեղեցու կարեւոր ծեսերն ու ավանդությունները։ Այո՛, նաեւ որոշ կարեւոր քրիստոնեական աղոթքներ ու հոգեւոր երգեր ու շարականներ։ Քրիստոնեությունը, հայ-քրիստոնեությունը առանց աղոթքի ու շարականի չի լինում։ Մի՞թե այս ձեւով հայ մատղաշ սերունդը չի առնչվում իր ինքնությանը, չի կրթվում քրիստոնեական արժեհամակարգի վեհագույն գաղափարներով։ Անգամ քրիստոնեության հակառակորդներն ու աստվածամերժերը ստիպված են ընդունել, որ քրիստոնեությունն իրենց համար բարձրագույն ու վեհագույն արժեքների կրող գաղափարախոսություն է։
Կարծում եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում լավագույն տարբերակը կլինի շարունակել «Հայ Եկեղեցեւ Պատմություն» առարկայի առանձին դասավանդությունը, ի պահանջել հարկին՝ վերափոխելով կամ բարեփոխելով դասագրքերը։ Եւ սա պետք է անել եւ աշխարհին էլ բացատրել երկու հիմնական պատճառներով․ ա) Հայաստանը ի վերջո աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է: Սա մեր պատիվն է, հպարտությունն է, եւ բ) աշխարհի եւ ոչ մի ժողովրդի կյանքում Եկեղեցին չի ունեցել այնքան մեծ ու վճռորոշ ներկայություն ու մասնակցություն, որքան մեր հայ ժողովուրդի կյանքում, իսկ վերջին 1700 տարիների ընթացքում ձեւավորել է նրա հայ-քրիստոնեական ինքնատիպ ինքնությունը։
Եւ ես վստահ եմ, եթե այս ճշմարտությունը համակարգված ու համոզիչ ձեւով ներկայացվի, ուր որ անկ է, ապա նրանք առնվազն ըմբռնողություն կցուցաբերեն մեր կեցվածքի ու մոտեցման նկատմամբ։ Դրա վառ ապացույցն ունենք նաեւ քաղաքական-դիվանագիտական կյանքում․ Աշխարհը ընդհանրապես ըմբռնողական վերաբերմունք ունի մեր հավասարակշռված քաղաքականության նկատմամբ, երբ մենք ամեն ինչ անում ենք՝ միաժամանակ լավ փոխհարաբերություններ զարգացնել ու պահպանել աշխարհաքաղաքական հակառակ բեւեռներում գտնվող ու գործող պետությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը։ Պարզապես կամք ու ցանկություն է պետք։
Եւ քանի որ «Հայ Եկեղեցու Պատմություն» դասաժամի ընդդիմախոսները, չասելու համար հակառակորդները, իրենց տեսակետը մեր ժողովրդի զավակներին հրամցնում են իբրեւ եւրոպական չափանիշներ կամ փորձառություն, կուզեի այստեղ համառոտ ներկայացնել Գերմանիայի իրավիճակը, թեւ անցյալ տարի այս մասին արդեն իսկ գրել էի։
Սկսենք նրանից, որ Գերմանիան բոլորիս, եւ նաեւ հայաստանցի մեր ժողովրդին ներկայանում է որպես աշխարհի ամենաառաջադեմ ու աշխարհիկ-ժողովրդավար երկրներից մեկը։ Պետությունն ու Եկեղեցին էլ բաժանված են իրարից, կրթությունն էլ աշխարհիկ է։ Այստեղ կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, որոշ առանձնահատկություններով հանդերձ, բավական նման է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրությանը։
Գերմանիայում Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունները կարգավորվում են նույնինքն Պետության եւ Եկեղեցու միջեւ կնքված հատուկ պայմանագրերով։ Գերմանիայում գործող կաթոլիկ եկեղեցու դեպքում դրանք կոչվում են Կոնկորդատներ (Konkordat, լատիներեն՝ concordatum=համաձայնագիր, պայմանագիր)։ Պատմությանը հայտնի առաջին կարեւոր կոնկորդատներից մեկը կնքվել է Գերմանական կայսր Հենրիխ 5-րդի եւ Հռոմի Պապ Կալիստոս Բ-ի միջեւ 1122 թվականին։ Պետության եւ Գերման-Բողոքական եկեղեցու հետ կնքված պայմանագրերը կոչվում են Եկեղեցական պայմանագրեր (գերմ․՝ Kirchenvertrag):
Կոնկորդատները եւ Եկեղեցական պայմանագրերը բովանդակությամբ բավական մոտ են իրար, թեեւ ունեն պետաիրավական տարբեր կարգավիճակներ։ Կոնկորդատները ինչ-որ տեղ հավասարազոր են միջպետական պայմանագրերին, որովհետեւ կնքվում են Վատիկանի հետ, եւ Վատիկանը այս պարագայում ներկայանում է որպես պետություն։ Եկեղեցական պայմանագրերը կնքվում են սակայն մի կողմից Պետության, մյուս կողմից եկեղեցական իշխանությունների միջեւ։ Կարեւոր է ընդգծել, որ այս կոնկորդատները, նաեւ եկեղեցական պայմանագրերը կարող են փոփոխության ենթարկվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որքան էլ եկեղեցական պայմանագրերի դեպքում Պետությունը տեսականորեն կարող է դրանք միակողմանի փոփոխության ենթարկել, որ սակայն գործնականում կիրառելի չէ։
Ի՞նչ է որոշվում այս կոնկորդատներով կամ եկեղեցական պայմանագրերով։ Բավական շատ բան։ Դրանք նախ, ինչպէս նշեցի, կարգավորում են Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունները։ Այդ պայմանագրերով են կարգավորվում հանրակրթական դպրոցներում Կրոնի դասավանդությունը եւ նրան հարակից բոլոր հարցերը, պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում աստվածաբանական ֆակուլտետների գոյությունը, նրանց կարգավիճակն ու հարակից հարցերը, բանակում հոգեւոր սպասավորությունը եւ դրան հարակից հարցերը, հանրային կյանքի մեջ Եկեղեցու ներգրավածությունը եւ այլն։
Եւ այսպես, այդ պայմանագրերով Գերմանիայում, Եւրոպական Միության կարեւորագույն պետություններից մեկում, աշխարհիկ պետության աշխարհիկ կրթություն ունեցող պետական դպրոցներում «Կրոնի դասը» պատկանում է կանոնավոր, չասելու համար՝ պարտադիր դասավանդվող առարկաների թվին։ Ուշադրություն դարձրեք՝ «Կրոնի դասը», ոչ թե՝ «Կրոնների պատմությունը» կամ «Կրոնների ուսումնասիրությունը»։ Եւ այդ «Կրոնի դասը» դասավանդում են Եկեղեցու կողմից վկայված ուսուցիչները կամ նաեւ հոգեւորականներ։ Դասագրքերը կամ դասավանդման նյութերը պատրաստվում են տվյալ Եկեղեցու ուսմունքին համաձայն եւ բնականաբար համաձայնեցվում համապատասխան նահանգի կրթության նախարարության հետ։ Կրոնի դասավանդությունը՝ դասագրքեր, ուսուցիչների վարձատրություն եւ այլն, ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։
Պայման չէր եւ չէ, որ Հայաստանը պատճենահանի այս կամ այն երկրի մոդելը։ Դրանք կարող են միայն մեզ համար փորձառության եւ խորհրդատվական նշանակություն ունենալ։ Մեր երկիրը, մեր ժողովուրդը պատմության քառուղիներում տարբեր ու ուրույն ճանապարհ են անցել։ Մեր եկեղեցին մեր պատմության մեջ յուրահատուկ, վճռորոշ ու էական դերակատարություն է ունեցել։ Սա է պատճառը վստահաբար, որ մեր դեպքում որոշվել է «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դարձնել առանձին դասաժամ կամ գիտակարգ եւ դասավանդել առանձին, սակայն ոչ թե սոսկական պատմություն՝ չոր թվերով ու ինչ-ինչ իրադարձությունների թվարկմամբ։ Պատմական կարեւոր թվականների ներկայացմանը զուգահեռ դասագրքերը համալրվել են անհրաժեշտ ու օգտակար այլ գիտելիքներով, որոնք նպաստում են մատղաշ սերնդի ճիշտ դաստիարակությանը՝ գիտակից իր արմատներին, ինքնությանը եւ ինչու ոչ՝ նաեւ իր հավատքին։
Թերություններ դասագրքերում վստահաբար կան։ Դա մասնագիտական հարց է։ Դասագրքերը մի՛շտ պետք է ենթարկվեն բովանդակային եւ մեթոդաբանական փոփոխությունների, շտկումների, լրացումների։ Եւ սա ոչ միայն այս դասագրքերը, այլ ընդհանուր։ Գերմանիայում, եթե ոչ ամեն տարի, ապա մի քանի տարին մեկ, նորացվում են զանազան դասագրքեր։ Սա բնական անհրաժեշտություն է։ Սակայն այն նպատակաուղղվածությունը, որ ունի «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան, անկարելի է ընդգրկել «Հայ Ժողովրդի Պատմություն» առարկայի մեջ։
Հուսով եմ երկուստեք քննարկումներում կգտնվեն փոխադարձ ընդունելի լուծումներ եւ այս հարցը կլուծվի փոխադարձ ըմբռնողությամբ՝ միշտ նկատի ունենալով ոչ թե ժամանակավոր հաշիվներ կամ անցողիկ շահեր, այլ մեր Պետության մնայուն շահերը եւ նոր սերնդի հայեցի ու գիտակից դաստիարակությունը»։