Հայ Եկեղեցին չունի ստվերային տնտեսություն

 Տարվա սկզբին գործունեության հաշվետվության, նախորդ տարվա ֆինանսական հաշվետվության ու հաշվեկշռի հրապարակման վերաբերյալ պրն. Հրանտ Բագրատյանի` Հայ Եկեղեցու բարեփոխման 11 կետերի չորրորդ և հինգերորդ հոդվածների առնչությամբ հարկ եմ նկատում մեր հանրությանն իրազեկել հետևյալի մասին:

 Ա. Ամեն տարեսկզբին, Մեծ պահքի երկրորդ շաբաթվա մեջ տեղի է ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում ԳՀԽ անդամներին ներկայացվում է նախորդ տարվա Մայր Աթոռի գործունեության ծավալուն հաշվետվությունը, որում ընդգրկված են գործունեության բոլոր ոլորտները: Ժողովին ներկայացվելուց հետո հաշվետվությունն ամբողջությամբ տպագրվում է Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրում:

 Այսպիսի հաշվետվություն ներկայացվում է նաև Եկեղեցու յուրաքանչյուր թեմի կողմից իր թեմական-պատգամավորական ամենամյա ժողովին և դրանից հետո հրապարակվում:

 Բ. Ֆինանսական հաշվետվությունը ևս քննարկվում է Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, անհրաժեշտության դեպքում կազմվում են նաև առանձին հանձնախմբեր` լինի դա ուսումնասիրության կամ ինչ-ինչ առանձին խնդիրների վերատեսության նպատակով: Այդ հանձնախմբերում ընդգրկվում են ազգային մեր կյանքում հայտնի անձեր, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և փորձառությամբ զորակցում են Մայր Աթոռին կառույցի վարչական կյանքի լավագույնս կազմակերպելու հարցում:

 Մյուս Աթոռները նման հաշվետվությունները քննում են տնօրեն ժողովներում, իսկ թեմերը թեմական խորհուրդներում և թեմական-պատգամավորական ժողովներում. կառույցներում որտեղ ընդգրկվում են համայնքներից ընտրված պատվիրակներ, այսինքն` անձինքն, ովքեր գործնականում մասնակից են եկեղեցական կյանքին:

 Գ. Հարկ եմ համարում տեղեկացնել նաև հետևյալը` Մայր Աթոռն ունի Վեստուգիչ մարմին, որն ամեն տարի համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա հաշվետվություններ է ներկայացնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին` Մայր Աթոռի և թեմերի գործունեության ֆինանսա-տնտեսական ոլորտի և երկրի օրենսդրության պահանջներին դրա համապատասխանության առնչությամբ:

 Հետևաբար, ծածուկ որևէ բան չկա: Մայր Աթոռը մշտապես բարձրաձայնել է նաև իր եկամուտների աղբյուրների մասին` ընդգծելով, որ այն 16 տոկոսով գոյանում է հոգևոր գրականության, ծիսական պարագաների վաճառքից, հավատացելոց կողմից գանձանակների միջոցով կատավող նվիրատվություններից և կամավոր մոմավառության արդյունքում ստացվող գումարներից, մնացյալ մասը` անհատ բարերարներից, ովքեր մշտապես սատարում են Մայր Աթոռի առաքելությանը: Այլ բարեգործական, սոցիալական ծրագրերի մասով ևս հրապարակվում են հաշվետվություններ, հարկերի և այլ որոշումների վերաբերյալ պատկան կառույցները, նաև` պետական, ընդունված կարգով ևս ծանուցումներ կատարում են:

 Մնացյալը անհատների ցանկության ոլորտից է, ինչը չեմ կարծում, որ պետք է առաջնորդող լինի հսկայական այսօրինակ կառույցի համար և Մայր Աթոռը պարտավորված լինի բավարարել դրանք: Բայց և նշեմ, որ Եկեղեցու կողմից ողջունվում են օգտակար դիտարկումները:

Տեր Վահրամ քահան Մելիքյան