«Հայ եկեղեցու պատմության» հարցում եկեղեցին զիջման չի գնա

 Մեդիամաքս: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ասել էր, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված աղմուկը վերջին մեկուկես ամսվա ընթացքում չկա եւ կառավարության ու Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համատեղ հանձնաժողով քննարկումների մեջ է:

 Նախարարի հայտարարության հետ կապված Մեդիամաքսը մեկնաբանություն է խնդրել Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի ղեկավար, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից:

 «Նախարարը շտապել է հայտնել այն, ինչը դեռ չի կատարվել: Հանձնաժողովի առաջին հանդիպումը եւ քննարկումը լինելու է վաղը: Աղմուկի չգոյությունը բնավ կապ չունի քննարկման լինել-չլինելու հետ, ուղղակի, երբ որ երկիրը բազմաթիվ եւ բազմաբնույթ լրջագույն խնդիրներ ունի, այդ մասին աղմկելը պատշաճ չի»,- ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

 Նա նշել է, որ եկեղեցին շարունակում է մնալ իր դիրքորոշմանը: «Առավել եւս հիմա մենք զիջելու տեղ չունենք»,- հավելել է Միքայել Սրբազանը:

Աղբյուր՝ mediamax.am