Սեպտեմբերի 29-ին Ազգային Ժողովում քննարկվում էր Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես եկավ ելույթով` բարձրացնելով հայ եկեղեցին հարկային դաշտ բերելու հարցը: PanARMENIAN.Net-ը այս առնչությամբ զրուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

Տեր Հայր, դուք ծանո՞թ եք Հրանտ Բագրատյանի սեպտեմբերի 28-ի ելույթին

 Այո, առիթ ունեցա ծանոթանալու Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պրն. Հրանտ Բագրատյանի ելույթին, որը չէր վերաբերում նախագծին և դրա դրույթներին: Ցավալի է, որ պատգամավոր Բագրատյանը հերթական իր այս ելույթով և կեղծ տեսությամբ, թե Հայ եկեղեցու հզորացմամբ իբրև թե երկու անգամ հայոց պետականություն է կործանվել, փաստորեն առաքելություն է ստանձնել պայքարելու հայ եկեղեցու «հզորացման» դեմ` այս անգամ էլ եկեղեցին հարկային դաշտ բերելու ճանապարհով: Պատմությանը նման գնահատական տալը, ըստ իս, անհեթեթություն է:
Հարկ եմ համարում հիշեցնել, որ հայ եկեղեցու դիրքորոշումը հայոց պետականության պահպանության և փայփայման հարցում բոլոր ժամանակներում նույնն է եղել. անգամ մեր հիվանդ գառը չփոխել այլոց առողջ առյուծի հետ: Պրն. Բագրատյանը չգիտի՞ արդյոք, թե ինչպե՛ս է հայոց եկեղեցին բոլոր դարերում ազատության տենչն ու ձգտումը, պետականության վերականգնումը հզոր և անկոտրում պահել հայ ժողովրդի հոգում` ամենը անելով այդ վեհ նպատակի իրագործման ու պահպանության համար:

 Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի եկեղեցին այս առաջարկի վերաբերյալ: Ի՞նչ կարծիք ունեք, հնարավո՞ր է Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարի:

 Առաքելական սբ եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում հարկեր վճարում է: Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, գործող ազգային հաստատություն է, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են:
Եկեղեցին Հայաստանում, սակայն, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: Արաբական աշխարհի երկրներում այն ընդհանրապես ազատված է բոլոր հարկերից, օրինակ` անգամ չի վճարում կոմունալ ծառայությունների դիմաց:

 Գալով գույքահարկին, փաստորեն, մեր հարգելի պատգամավորը պնդում է, որ Մայր տաճարի, Խոր Վիրապի, Սբ Գեղարդավանքի և բազում այլ սրբավայրերի դիմաց եկեղեցին սկսի հարկ վճարել: Կարծում եմ, յուրաքանչյուր հայորդու համար գնահատելի է այս հարցում եկեղեցու և պետության միջև ձևավորված ըմբռնումը:

 Այո՛, եկեղեցին գույքահարկ չի վճարում և դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ` անկախ կադաստրային արժեքների սահմանման և հաշվառման խնդիրներից նշեմ, որ եկեղեցու գույքն իրականում ազգային հարստություն է, որից օգտվողը նույն ժողովուրդն է: Ներկայացվող թվերն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև ոչ բոլոր վանքերն ու եկեղեցիները, մատուռներն ու եկեղեցական շինություններն են վերադարձված եկեղեցուն և համարվում սեփականություն: Խոսք չի գնում այն բազմաթիվ եկեղեցապատկան կալվածքների մասին, որ առ այսօր վերադարձված չեն եկեղեցուն, և եկեղեցին չի էլ բարձրացնում այդ հարցը:

 Ավելին` երկրի բյուջեով նախատեսվում է գումար եկեղեցու կրթական և մշակութային գործունեության համար, բացի այդ` պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայերի խնամքը հավասարապես եկեղեցու և պետության պարտականությունն է: Սակայն առ այսօր եկեղեցին մեկ դրամ անգամ իսկ չի ակնկալել իշանություններից` նկատի ունենալով երկրի սոցիալական, տնտեսական դժվարին ընթացքը: Ընդհակառակը` եկեղեցին ամեն ջանք գործադրել է գումարներ հայթայթելու և օգտակար լինելու Հայրենիքին:

 Ըստ այսմ, չեմ կարծում, որ հայ եկեղեցու ծառայությունից ՀՀ օգուտը չափելի է միայն գանձվող հարկերով: Հայ ժողովրդի կյանքում հայոց եկեղեցու ներդրումը, ինչն արձանագրված է նաև Հայրենիքի մայր փաստաթղթում, շատ ավելի մեծ է և կարևոր, քան այն նյութական հարկերը, որ պրն. Բագրատյանը փափագում է գանձել:

 Պրն. Բագրատյանը նաև համեմատություններ է կատարում այլ երկրների հետ. ասեմ, որ Վրաստանում պետությունը տարբեր ծրագրերով տարեկան 20 մլն ԱՄՆ դոլարի չափ գումար է հատկացնում վրաց եկեղեցուն… Եկեղեցին իր ծառայության մեջ թափանցիկ է, խորհուրդ ենք տալիս պրն. Բագրատյանին լավագույնս ուսումնասիրել հայոց եկեղեցու գործունեությունը և նրա ֆինանսական վիճակը (ինչի մասին առասպելներ են հյուսվում) և թերևս խորհուրդ տալ, թե ինչպե՛ս էլ ավելի հզորացնել հայոց եկեղեցին ի շահ մեր ժողովրդի և Հայրենիքի:

 Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայաստանում ամեն օր եկեղեցի է կառուցվում, համեմատել է այդ եկեղեցաշինությունը Հունաստանի և Ռուսաստանի հետ: Ո՞րն է եկեղեցու դիրքորոշումն այս հարցում:

 Եկեղեցիներ կառուցելու իմաստի վերաբերյալ հարցադրումը պրն. Բագրատյանը ոչ ճիշտ վայրում և ոչ համապասխան անձի է ուղղում: Որպեսզի նման հայտարարություններն անպատասխան չմնան և շփոթ չառաջացնեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ եկեղեցաշինությունը երբեք տարերային և հախուռն բնույթ չի կրել և պայմանավորված է իրականում ժողովրդի հոգևոր պահանջներով և եկեղեցական կյանքի կազմակերպման առաքելությամբ:
Հայոց եկեղեցին նախ վերականգնում է իր պատմական վանքերն ու եկեղեցիները և նաև կառուցում է նորերն այն վայրերում, ուր պատմական սրբավայր չկա, սակայն անհրաժեշտություն է նկատվում: Իրականում կարիքները հսկայական են, և Եկեղեցուն հաջողվել է բավարարել միայն նվազագույն պահանջները:

 Հայոց եկեղեցին, որ մինչև խորհրդային կարգերի հաստատումը ուներ հազարավոր սրբավայրեր և 4000 եկեղեցական, այսօր Հայաստանում և Արցախում ունի ընդամենը 361 գործող վանք, եկեղեցի ու մատուռ և ամբողջ աշխարհում սպասավորող մոտ 800 հոգևորական:

 Փարատելու համար եկեղեցաշինության վրա ծախսվող գումարներն այլ ծրագրերի նպատակաուղղելու վերաբերյալ մտահոգությունները` հավելեմ, որ այդ գումարները նվիրաբերվում են անհատ բարերարների կողմից և իրականում նպատակային են:

 Սակայն նշեմ նաև, որ եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իրականացնում է բազում սոցիալական, կրթական ծրագրեր, որոնք ևս ունեն իրենց հովանավորները: Եվ այս առումով միշտ երախտագետ զգացումով պիտի ընդունենք ամեն մի հայորդու ցանկություն և ձգտում իր վաստակից բաժին հանելու եկեղեցաշինության սրբազան գործին:

 Այնուամենայնիվ հավանական համարո՞ւմ եք օրենքի ընդունումը, որով Եկեղեցին կպարտավորվի հարկեր վճարել:
Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ հարկեր վճարվում են, բացառությամբ նշվածների:.

Սկզբնաղբյուր՝ panarmenian.net