«Փարիսեցիներից մեկը նրան փորձելով՝ հարցրեց. «Վարդապե’տ, Օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22: 35-40):

ՀԱՎԱՏԱ ՄԻԱՅՆ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ – ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Ժամանակով մի բարի թագավոր կար: նա սովորություն ուներ ամեն իրիկուն հասարակ հագուստներով շրջելու քաղաքում, որպեսզի տեսնի, թե ինչպե՞ս է ապրում իր ժողովուրդը:
Մի երեկո՝ իր սովորական պտույտի ժամանակ, տեսավ մի աղքատ մարդու, որն իր խրճիթի դռան առջև նստած, աղոթում էր ու մրմնջում.
– Տեր Աստված ինձ 100 ոսկի տուր:
Թագավորը լսեց ու անցավ: Քիչ այն կողմ գնալով՝ տեսավ մի ուրիշ աղքատ մարդու, որը նույնպես աղոթում էր ու ասում.
– Տեր թագավոր ինձ 100 ոսկի տուր:
Հետևյալ օրը թագավորը հրամայեց սկուտեղի վրա 100 ոսկի դնել, ծածկել փլավով ու հավի մսով և ուղարկել այն աղքատին, որը թագավորից էր 100 ոսկի խնդրում:
– Այն հիմարին էլ թող Աստված տա,- ինքնիրեն մրմնջաց թագավորը՝ մտածելով մյուս աղքատի մասին:
Նույն օրը երեկոյան թագավորը նորից դուրս եկավ պալատից և ուղղվեց դեպի այն աղքատի տունը, որին 100 ոսկի էր ուղարկել: Աղքատը, իր խրճիթի դռանը նստած, դարձյալ աղոթում էր ու ասում.
– Տեր թագավոր ինձ 100 ոսկի տուր:
Այս լսելով՝ թագավորը շատ զարմացավ: Մոտեցավ ու հարցրեց.
– Ա’յ մարդ, թագավորի կողմից այսօր քեզ փլավ չբերի՞ն:
– Բերին, շնորհակալ եմ:
– Կերա՞ր:
– Կերա:
– Ի՞նչ կար մեջը:
– Նուշ ու չամիչ:
– Ուրի՞շ:
– Հավի միս:
– Ուրիշ բան չկա՞ր:
– Ո’չ:
– Բոլորը կերա՞ր:
– Ո’չ, շատ էր: Մնացածը տվեցի ինձ պես աղքատ ու քաղցած հարևանիս:
Թագավորը մորոքը շոյեց ու հեռացավ: Քիչ այն կողմ տեսավ մյուս աղքատին, որն ասում էր Աստծուն.
– Շնորհակալ եմ, Տե’ր Աստված. որ լսեցիր աղոթքս ու100 ոսկի ուղարկեցիր:
Թագավորը համոզվեց, որ ա’յս մարդն էր խելացի: Նա դիմել էր ոչ թե իր աշխարհիկ տիրոջը՝ թագավորին, այլ Աստծուն, որ ղեկավարում է ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ Տիեզերքը:
Դուք էլ, սիրելիներ, Աստծուն խնդրող աղքատի նման կյանքում շարժվեցե’ք:

ԽՆԴՐԵՔ Ո’Չ ԹԵ ԵՐԿՐԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ՄԱՐԴԿԱՆՑ, ԱՅԼ՝ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ: ՆԱ’ Է ՁԵԶ ԲՈՒԺՈՂԸ, ՀԱՍԿԱՑՈՂԸ, ՕԳՆՈՂԸ, ՍԻՐՈՂԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՑՈՒՅՑ ՏՎՈՂԸ: ԱՊԱՎԻՆԵՎԵ’Ք ԱՍՏԾՈՒ ԶՕՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵՔ ԱՌԱՆՑ ՔՆԱԲԵՐ ԴԵՂ ԽՄԵԼՈՒ:

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը