Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ

ArmDaily.am-ի հարցազրույցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ։

 -Սրբազան Հայր, սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն՝ կիրակի օրը Էջմիածնում, Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ: Տեղյա՞կ եք դրանից և ի՞նչ կասեք դրա մասին:

— Եկեղեցին գործում է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են աղոթելու և մեղքերից ազատվելու: Նրանք, ովքեր կշեղվեն հոգևոր հիմնարար այս սկզբունքից, կամավորաբար իրենց դուրս կդնեն Եկեղեցուց, իսկ այդպիսի անձանց հետ Եկեղեցին հոգևոր խնամատարության և դաստիարակության այլ միջոցներ ունի:

 — Շատ լավ, իսկ ի՞նչ կասեք, որ այդ արշավը երբեմն-երբեմն քաջալերվում է նաև պետական որոշ պաշտոնյաների կողմից, այնպես, ինչպես Սիսիանի քահանա Տեր Պարգևի պարագային էր: Արդյո՞ք իշխանությունները փորձում են վրեժխնդիր լինել Եկեղեցուց՝ կապված Վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի հետ:

— Կուզեմ հստակ արձանագրել, որ Եկեղեցին ինքնանպատակ հակաիշխանական կեցվածք բացարձակապես չի դրսևորել: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների՝ վարչապետին ուղղված հրաժարականի պահանջը միայն ու միայն թելադրված է ազգային, պետական շահերից:
Երկրորդ՝ ես համոզված եմ, որ հաշվեհարդարներով, պատժիչ գործողություններով հնարավոր չէ լռեցնել Եկեղեցուն: Եկեղեցին հալածանքին դիմակայելու պատմական հարուստ փորձ ունի: Ավելին՝ Եկեղեցու պատմությունը երբեմն բնորոշվում է որպես մարտիրոսությունների պատմություն:
Վստահ եմ, որ թե՛ եկեղեցականները և թե՛ աշխարհական մեր հավատացյալները պատրաստ են դիմակայելու հակաեկեղեցական ցանկացած գործողության և ոտնձգության: