Հարկ չկա լրատվական դաշտի պարապությունը լրացնել և աշխուժացնել Եկեղեցու հասցեին ցեխարձակումներով

 Հատված Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ս. Վարդանանց տոնի առիթով 2011 թ. ասված խոսքից, որ բավականին այժմեական է և պատասխան ու գնահատական է բոլոր այն թյուր, անհիմն ու բարբաջախոս հոդվածների և «համարձակ» բարձրաձայնումների Հայ Եկեղեցու և նրա գահակալի հասցեին: Լռությունն իրենց իրականում իմաստություն կհամարվեր: Հարկ չկա լրատվական դաշտի պարապությունը լրացնել և աշխուժացնել Եկեղեցու հասցեին ցեխարձակումներով. Եկեղեցին եղել է, կա և միշտ էլ կլինի այս ժողովրդի կյանքում, նրա կյանքի բոլոր ոլորտներում` անկախ այն հանգամանքից, թե ոմանք տեսնում են որևէ կապ ու աղերս կամ` ոչ, կամ թե Եկեղեցու գործունեությունը տեղավորվում է վեհության մասին իրենց «բարոյական» պատկերացումներում, թե` ոչ: Եվ ի վերջո պետք չէ նման ճղճիմ քայլերով և լրագրողական էթիկայի խախտումներով անվանարկել լրատվամիջոցների իրական առաքելությունը:

 ԳԱՐԵԳԻՆ Բ. «Պատմության ընթացքներում մեր ժողովրդի հերոսական պայքարներին ականատես թշնամիները հասկանում էին, որ հայ ժողովրդին անհնար է հաղթել ու ընկճել, քանի դեռ զորավոր է հավատքը, քանի դեռ հայոց հոգում փայլում է նվիրումն ու հավատարմությունը հանդեպ Քրիստոս և Նրա Սուրբ Եկեղեցին, ու ջանում էին տկարացնել հայոց հավատքի զորությունը: Ցավով ենք անդրադառնում, որ այսօր չեն դադարել մեր ժողովրդին իր հայրենական սրբություններից, ազգային ինքնագիտակցությունից զրկելու փորձերը, և նույն կերպ շարունակվում են հարվածներ ուղղվել դեպի հայոց հավատքի անառիկ բերդը: Հնօրյա թշնամիների պես շատերն են փորձում նաև մեր օրերում հարձակվել Եկեղեցու վրա, աղճատել հայոց բյուրեղյա հավատքը, որպեսզի թուլանա ու տկարանա մեր ազգը, կորցնի վճռականությունը` ապրելու ու պայքարելու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»: Աղանդավորական կազմակերպություններ և օտար գաղափարախոսություններ փորձում են քարկոծել հայոց գիտությունը, դպրությունն ու մշակույթը, մեր ազգի ու հայրենյաց գոյությունը դարերի հոլովույթում պահպանած ու պաշտապանած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Եվ եթե հնում օտարներն էին չարահնար հարձակումներ գործում մեր հավատքի, մեր Եկեղեցու վրա, ապա այսօր այդ սրբապղծությունը ջանում են իրականացնել նաև ձեռամբ հայորդիների` աղանդավորների թակարդն ընկած մոլորյալների և կամ սրբություն չհանդուրժող անձերի, ինչպես նաև` վայ մտավորականների: Վստահ ենք, որ պատմությունը արդարացիորեն դատապարտելու է այդպիսիններին, ինչպես դատապարտվել են մատնիչներն ու ուրացողները: Վարդանանց պայքարի ելած բարեպաշտ մեր նախնիք բարձրաձայնում են, որ աստվածաշնորհ հավատքը անբաժանելի է Սուրբ Եկեղեցուց. «Մեզ իբրև Հայր ճանաչում ենք Սուրբ Ավետարանը և մայր` Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Այո՛, սրբություն է Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված Հայոց Սուրբ Եկեղեցին, ազգային մեծագույն սրբություն, և մայրն է հավատավոր մեր ժողովրդի, որ սնում է իր զավակներին երկնապարգև օրհնություններով ու շնորհներով` հաստատելով հավատքը բարեպաշտ հոգիներում»:

Վահրամ քահանա Մելիքյան