Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա դպրոցների աշակերտների և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ երիտասարդների հետ (նկարներ)

 ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ հովվապետական այցելության ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 28-ին Սրբոց Ղևոնդյանց մայր եկեղեցու հանդիսությունների սրահում հանդիպում ունեցավ շաբաթօրյա դպրոցների աշակերտության հետ։ Հանդիպումն սկսվեց տերունական աղոթքի երգեցողությամբ։ Բացման խոսք ասաց «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Դպրոցների սաները հանդես եկան երգեցողությամբ, դաշնամուրային կատարումներով։ Երևանից ժամանած Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հաստատման 90-ամյակի միջոցառումները զարդարեցին իրենց գեղեցիկ և բարձր վարպետությամբ ներկայացրած երգերով, այս հանդիպմանը նույնպես ներկայացրեցին հայ կոմպոզիտորների հեղինակած երգերը։ Այնուհետև առանձին երգացանկով հանդես եկան «Թրբանճյան ընծայարանի» շրջանավարտ, Գևորգյան հոգևոր Ճեմարանի ուսանողները։ Հանդիպման գեղարվեստական մասից հետո խոսք ասաց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ գնահատելով հայ դպրոցների առաքելությունը, կարևորելով հայության շունչն ու ոգին արթուն պահելը, հորդորելով ամուր պահել սերը հանդեպ Մայր Հայրենիքը և Սուրբ Էջմիածինը։ Այնուհետ Սրբազան Հոր առաջնորդությամբ դպրոցների աշակերտները միասնաբար իրենց ուխտը բարձրաձայնեցին՝ հավատարիմ մնալու մեր հայրերի հավատքին, սիրելու Հայաստանը, հավատարիմ մնալու Սուրբ Էջմիածնին, սիրելու և պահպանելու հայոց լեզուն։ Ապա երեխաները երգեցին Հայրապետական մաղթանքը։

Հանդիպման ավարտին օրհնության խոսք ասաց Վեհափառ Հայրապետը՝ նշելով, որ երեխաների անմեղ սրտերից բխած աղոթքը Աստված պիտի լսի և քաղցրությամբ պիտի ընդունի հայրենիքին, Եկեղեցուն և Սուրբ Էջմիածնին հավատարմության ուխտը՝ օրհնություններ հղելով նրանց կյանքին, որպեսզի ապրեն երջանիկ, ծնողների, մեր ժողովրդի և հայրենիքի սիրո մեջ։ Նորին Սրբությունը քանքարների ավետարանական առակի օրինակով և խորհրդով պատգամ բերեց՝ Աստծուց ստացված շնորհները լավագույնս օգտագործելու, հայոց մեծերի պես դառնալու ազգի արժանավոր զավակներ։ Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց դպրոցների պատասխանատուներին ու մանկավարժներին, ծնողներին, հոգևոր սպասավորներին՝ նոր սերնդի կրթության ու դաստիարակության գործում իրականացվող առաքելության համար։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նաև թեմի երիտասարդների հետ: Նորին Սրբությունը պատասխանեց երիտասարդներին հուզող տարբեր հարցերին և հորդորեց նրանց ապրել հավատավոր կյանքով, միշտ սիրել մեր Սուրբ Եկեղեցին ու հայրենիքը, լինել ազգի արժանավոր զավակները: Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց նոր նախաձեռնություններով երիտասարդներին Եկեղեցու առաքելության մեջ առավել ներգրավումը և ամերիկահայ երիտասարդների հայրենիք ուխտագնացությունները՝ հաղորդ դառնալու նախնյաց հիշատակներին, հայրենական մեր սրբություններին, առավել զորանալու հավատքի ու հայրենասիրության մեջ: