Համեստ և զինվորին արժանի պատասխան

 Մակեդոնիայի Վասիլիոս Կայսրը պատերազմի ընթացքում պաշարվում է թշնամիների կողմից ու քիչ է մնում, որ ձերբակալվի ու սպանվի: Ճիշտ այդ վտանգավոր պահին, մի կտրիճ զինվոր՝ սուրը ձեռքին, հարձակվում է պաշարողների վրա և նրան հաջողվում է շփոթություն ստեղծելով նրանց շարքերում՝ փրկել Կայսրին ստույգ մահից:

 Պատերազմից անմիջապես հետո կայսրը փնտրում է իր կյանքը փրկող զինվորին և վերջապես նրան ծանր վիրավոր վիճակում գտնում է զինվորական հիվանդանոցում:

 Հանդիպելով նրան, Կայսրը հրամայում է, որպեսզի նրան զինվորական պատիվներ ու ցույցեր անեն, բայց խոնարհամիտ ու վեհանձն զինվորը պատասխանում է.
-Ձե´րդ գերազանցություն, աղքատ ծնվել եմ, աղքատ էլ ապրել, հետևաբար ոչ իմ ծագումս, ոչ էլ իմ ասած ուսումը և ոչ էլ իմ հասարակ զինվորի դիրքը ինձ իրավունք չեն տալիս ինձ ընդունելու արքայական այս բացառիկ գնահատանքը: Ամեն բանից ավելի նախընտրում եմ պահել Ձերդ գերազանցության փրկած լինելու պատիվը:

 Երբ կյանքս վտանգեցի Ձեր կյանքը փրկելու համար, նպատակս ուրիշ բան չէր, եթե ոչ հավատարմորեն կատարել իմ զինվորի պարտականությունը: Միայն մի խնդրանք ունեմ, եթե պատահի, որ մեռնեմ, բարի եղեք ստանձնել պաշտպանությունը ընտանիքիս ու զավակներիս: Իսկ եթե ապրեմ՝ կարիք չունեմ ոչ մի օգնության, պատրաստ եմ ի գին ամեն զոհողության պաշտպանել նրանց, ինչպես պաշտպանեցի Ձերդ գերազանցությանը:

 Համեստ և զինվորին արժանի պատասխան:

 Այսօր մեր Հայրենիքի զինվոր պաշտպանները ճիշտ այս կտրիճ զինվորի նման վեհանձն ու հավատարիմ են: Մեր աղոթքն է, որ Աստված նրանց միշտ պահապան լինի:

Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպեր» գրքից
Աղբյուր՝ https://web.facebook.com/photo