Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր ազգային գոյության ներկա հանգրվանում աշխարհասփյուռ հայությունը հառնել է ոտքի: Ընտրության նժարին է հայոց պետականության լինելության, հայ հողի վրա մեր ապրելու իրավունքի հարցը: Վերստին արյաց սրտերին ի զեն է կոչում «Պլպուլն Ավարայրի». հաղթության համոզմունքով վասն հավատո և վասն Հայրենյաց միաբան և միախորհուրդ խմբվել են գունդ առ գունդ քաջակորով հայկազունք և «տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի»։
Սիրելինե՛ր, ունկնդիր մեր ազգային լինելության համար հերոսացյալ նախնյաց դարավոր կանչին՝ ժամն է, որ մեզնից յուրաքանչյուրն այսօր դառնա զինվորը հայրենիքի, ծառան ու տերը մեր պետության, այն ամենի՝ ինչ հային դարձնում ու պահում է հայ։
Առավել քան երբևէ հատկապես այսօր ենք պատասխանատու մեր վաղվա սերնդի առջև: Քավ լիցի, եթե կրկնենք մեր անցյալի սխալը. եկող սերնդին վերստին չժառանգենք ցեղասպանվածի հիշողությունը, բայց միայն հաղթողի արժանապատիվ հպարտությունը: Պարտավոր ենք հաղթանակով կերտել խաղաղ ու ապահով հայրենիք ունենալու այն տեսլականը հանուն որի անմահների գնդին միացան քաջ հայորդիք, առաքինի նահատակները:
Հայոց պատմության մեջ անսպառ են դրվագները, երբ ելել ենք ահեղ մարտի՝ արհամարհելով թշնամու զենքի ու բանակների առավելությունը։ Ելել ենք մարտի և հաղթել ենք․ հաղթել ենք ոչ թե քանակով կամ զենքով, այլ մեր հավատքով ու հավատով, կամքով ու միակամությամբ, միասնականությամբ, համախումբ լինելով։
Այս կռիվն իրապես պատմության մեջ արձանագրվելու է որպես հայոց մեծ հայրենական: Այն մեր ազատագրական դարավոր պայքարի պսակն է կազմելու, մեր ոգեկանության հիմնն ու վերածննդի լուսաբացը: Պահն այս որոշիչ է մեր հետագա պատմության համար: Այսօր է արարվում վաղվա հայը, նրա տեսակն ու եսը:
Ձեր նվիրումը, անկոտրում կամքն ու ոգու համառությունը միայն այսօրվան չի ծառայելու, այն հավիտենական ներշնչման աղբյուր պիտի դառնա սերունդների համար՝ հավատարիմ մնալու սեփական երազներին:
Թո՛ղ Աստված օրհնի ու զորակից լինի հայոց բանակին, ամուր պահի հայ զինվորի ոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հերոսներ ծնած մեր սուրբ մայրերին ու ընտանիքներին։
Գևորգ եպիսկոպոս Սարոյան
ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ