Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

 Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական  ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարևորագույն երկուսը․ առաջին՝ Հայոց բանակի և ժողովրդի անպարտելի հերոսական ոգին և երկրորդ՝ Հայաստանի, ինչպես և տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը:

 Ստեղծված կացության մեջ կենսականորեն անհրաժեշտ է առավելագույնս շուտ հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդկային թանկ՝ նոր կորուստների կանխմանը և Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության պահպանմանը:

 Այս պահին կենսականորեն անհրաժեշտ է պատերազմում հերոսաբար մարտնչող հայ զինվորին անվերապահորեն աջակցել առաջին հերթին ներքին համերաշխությամբ ու միաբանությամբ՝ քաջությունը համադրելով բանականության հետ: Ի շարս այլ գործողությունների՝ պետք է իրականացնել և կամ զերծ մնալ հետևյալ քայլերից՝

 ա. հրաժարվել ներքին կյանքում թալանողների և թալանվածների, հեղափոխականների և հակահեղափոխականների դասակարգեր ձևավորելու անիմաստ ու կործանարար գործելաոճից, երբևէ տեղ գտած սխալների համար պատասխանատուներ գտնելու և հայտարարելու աղետաբեր քայլերից:

 բ. բոլոր հնարավոր միջոցները ներդնել ավելացնելու համար ՀՀ և ՌԴ հարաբերություններում փոխվստահության պաշարները՝ նվազագույնը՝ վերացնել փոխվստահությանը արգելակող խոչընդոտները, հատկապես՝ զերծ մնալ հակառուսական հրապարակային դիրքորոշումների ու տեսակետների արտահայտումից:

 գ. իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի և Սփյուռքի բոլոր ուժերին, օգտագործելով ինչպես իշխանամետ, այնպես և ընդիմադիր դաշտի բոլոր ուժերի ռեսուրսները՝ առանց քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելության, սոցիալական կարգավիճակի և որևէ այլ հատկանիշի տարբերակման:

 դ. իշխանություններին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը` անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից և անկախ ունեցած ֆորմալ պատասխանատվությունից, առանց հրավերի սպասելու, պարտավոր են հասանելի բոլոր միջոցներով աջակցել և մասնակցել պատերազմի հաջող ելքին։

 ե. պետք է զերծ մնալ հատկապես վիրտուալ արկածախնդրություններից և հրապարակային հարթակներում պաթետիկ հռետորաբանությամբ կեղծ ոգևորություն ցուցադրելու գայթակղությունից, առավել ևս՝ հուսահատության և խուճապային տրամադրություններ ստեղծելու փորձությունից:

 Անհրաժեշտ է գիտակցել, որ սպառնալիքը ուղղված է մեզ թե՛ իբրև հավաքականություն, թե՛ իբրև անհատ՝ առանց որևէ տարբերակման։ Սպառնալիքի առջև չկա այլ ընտրություն, քան՝ համախմբվել, համախմբվել հանուն հաղթանակի և հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգության:

 Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. «Եւ խաղաղութեան Աստուած թող խորտակի Սատանային մեր ոտքերի տակ» (Հռոմ. 16. 20)

Աստված մեր ժողովրդի հետ. ամեն:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Աղբյուր` www.yerkir.am