Հաղարծինի վանքի տարածքը մեկ շաբաթով կվերածվի հոգեւոր-մշակութային քաղաքի

 Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, թեմի մամլո և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանույշ Մելիքյանը, երիտասարդաց կենտրոնի պատասխանատու Արամ Փանոսյանը և «Հաղարծնի» շաբաթ միջոցառման կազմակերպիչներից Անի Մարգարյանն անդրադարձան Հաղարծնի վանքի հոգևոր, մշակութային փառատոն-շաբաթվան, որը մեկնարկելու է օգոստոսի յոթին:

 Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ 7-օրյա կարևոր շրջան է մեկնարկում, որն ունի երկու նպատակ:

«Առաջինը Հաղարծնի հոգևոր ու պատմական էության բացահայտումն է, երկրորդը` Տավուշ աշխարհի կրթական ու մշակութային կյանքի զարգացման ապահովումը: Մեր մարզը բաժանված է երկու տարբեր հարթությունների: Առաջինը` մեր առաջնագիծն է, երկրորդը թիկունքային մասը: Եվ ուզում ենք, որ մեր Տավուշ աշխարհը ճանաչելի լինի ո՛չ միայն թիկունքով, այլ նաև առաջնագծով»,-ասաց նա և նշեց, որ միջոցառումը կազմակերպիչները թեմի երիտասարդներն են, որոնք էլ ցույց են տալու Հաղարծնի ու Տավուշի պատմամշակութային ժառանգությունը, ավանդույթները:

 Սրբազանը նշեց, որ այս միջոցառումը նախադեպը չունի և թեև անցած տարի իրականացրել են, սակայն ոչ այս ծավալներով:

 «Հարյուր կամավոր ունենք, որոնք ամենօրյա դրությամբ ապրելու, գործելու են վանքի տարածքում: Հայտերն ավելի շատ էին, պարզապես սահմանափակումներ կային, հակառակ դեպքում կարող էին երկու հարյուր և ավելի կամավոր լինել»,-ասաց նա և նշեց, որ նպատակը, բացի ժամանցային տրամադրություն ստեղծելուց, խորությամբ հոգևոր մշակութային կյանքը ճանաչելի դարձնելն է և կամավորների մոտ սեփականատիրոջ զգացողությունը բարձրացնելը:

 «Այս կամավորները խորը ըմբռնում ունեն, որ այդ ամենը իրենցն է, իրենք են պատասխանատու»,-ասաց նա և նշեց, որ միջոցառումն իրականացնում են փոքր նվիրատվությունների շնորհիվ:

 Սիրանույշ Մելիքյանը նշեց, որ սա բացառիկ միջոցառում է, որը մեկտեղում է Տավուշի ամբողջ երիտասարդությանը և չի շրջանացում գրեթե ոչ մի գյուղ:

 «Ամբողջ տարին սպասում ենք օգոստոս ամսին, որ իրականացնենք այս միջոցառումը»,-ասաց նա և նշեց, որ ունեն կամավորներ նաև Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Սփյուռքից:

 «Կիրթ, արժանապատիվ, ազգասեր երիտասարդություն են ապրում Տավուշի մարզում, Բագրատ սրբազանը թև է տալիս մեր յուրաքանչյուր գաղափարին: Սա բացառիկ միջոցառում է իր տեսակով, երբ յոթօրյա բաց երկնքի դասի ընթացքում ներկայացվում է քրիստոնեական էությունը: Մեզ համար կարևոր է այնտեղ գտնվող յուրաքանչյուր մասնակից: Ով Տավուշը չի տեսել, Հայաստանը չի տեսել»,-ասաց նա:

 Սիրանույշ Մելիքյանը ներկայացրեց, որ այդ յոթ օրը թեմատիկ օրերի են բաժանել և ունեն մանուկներին զինվորներին նվիրված օրեր: Նա ասաց, որ նաև աշխատանքի բաժանում են իրականացրե,լ և մի խումբը գիդ-ուղեկցող է աշխատելու, մի ուրիշ կամավորների խումբ խոհանոցում է աշխատելու և պատրաստելու են վանական կերակուրներ, լինելու է նաև մամուլի ակումբ, ազգային երգ ու պար:

 Անի Մարգարյանն ասաց, որ երկու հարյուր հայտից մասնակիցներին ընտրելիս նախևառաջ առաջնային տեղ են հատկացրել Տավուշի մարզից երիտասարդներն: «Սա կամավորների համար արտահայտվելու մեծ հնարավորություն է»,-ասաց նա:

 Արամ Փանոսյան, խոսելով երիտասարդության մասին, ասաց, որ ներկայիս երիտասարդները շատ ավելի լավն են, քան պատկերացնում ենք, մեծ ներուժ ունեն:

«Գյուղական համայնքներում երիտասարդությունը զբաղվածության խնդիր ունի և այս առումով այս միջոցառումը զբաղվածություն է ապահովում և հետաքրքրություն առաջացնում: Կենցաղի փոփոխություն է տեղու ունենում, դրա պահանջը և կարիքը նրանք ունեն»,-ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

—-

Միջոցառման օրակարգ

Օգոստոսի 7 (երկուշաբթի, օր 1)
Հաղարծնի շաբաթի հանդիսավոր բացում
18:00 –  Հանդիսավոր բացում. Հաղարծնի Աստվածամոր պատմական հարթաքանդակի զետեղում վանական համալիրում
18:30 –  Համերգ. Հայաստանի պետական կամերային երգչախումբ. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան

Օգոստոսի 8 (երեքշաբթի, օր 2)
Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: (Ա Կորնթ. 3.16)
Եւ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն: (Մատթ. 16.18)(Տեր Սամվել վրդ. Մխիթարյան,  Տեր Արիստակես վրդ. Այվազյան)
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր. կավագործություն, գորգագործություն, օճառի պատրաստում, խաչքարագործություն, մանրանկարչություն, մետաքսանկարչություն
Խոհանոց. տեղական խոհանոցի ներկայացում՝ կաթնահունց, նազուկ, մասուրի ապուր, հոնի թթու, մուրաբաներ, մեղր. պատրաստության ցուցադրություն և համտեսում
Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18: 30 – Համերգ. Հայաստանի պետական ջազային նվագախումբ. գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց
21: 00 – Խոկում 

Օգոստոսի 9 (չորեքշաբթի, օր 3)
Երջանիկ է այն ժողովուրդը, որի Տերն Աստված է:  (Սաղմոս 143.15)
(Տեր Աբել քհն. Քարտաշյան, Տեր Արամ քհն. Միրզոյան)
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր, Խոհանոց, Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18:30 – Համերգ.  «Հայաստանի փոքրիկ երգիչներ». գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան
21: 00 –Խոկում

 Օգոստոսի 10 (հինգշաբթի, օր 4)  Մանուկների օր
Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է»: (Մատթ. 19.14)
 (Տեր Սմբատ քհն. Աբրահամյան, Տեր Հրայր քհն. Բեջանյան)
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր. կավագործություն, գորգագործություն, օճառի պատրաստում /13:00 – «Տավուշ աշխարհի լույսը». էկոտուրիզմի զարգացման հեռանկարները/,  խաչքարագործություն, մանրանկարչություն «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սաների աշխատանքների ներկայացում
Խոհանոց. տեղական խոհանոցի ներկայացում՝ կաթնահունց, նազուկ, մասուրի ապուր, հոնի թթու, մուրաբաներ, մեղր. պատրաստության ցուցադրություն և համտեսում
Ազգային պարերի ուսուցում
13:00 – Համերգ. Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբ
16: 00 Տիկնիկային թատրոն. «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի «Փալանչո» տիկնիկային թատրոն
17:00 – Համերգ. «Տավուշի մանուկներ» երգչախումբ
18:00 – Ժամերգություն
21: 00 – Խոկում

Օգոստոսի 11 (ուրբաթ, օր 5)
Բանակի օր (Հայ զինվորի ստեղծագործական օր)
Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն: (Ա Կորնթ. 1.18)
 (Տեր Արշավիր քհն. Ասատրյան, Տեր Սիմեոն քհն. Առաքելյան, Տեր Թորգոմ քհն. Մարգարյան)
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր
Խոհանոց
Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18:30 – Համերգ.  «Լույս» հնգյակ
21: 00 – Խոկում
22:00«Ֆրեսկո». ֆիլմերի ցուցադրություն

Օգոստոսի 12 (շաբաթ, օր 6)
Եվ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է Մարդու Որդին»: (Մատթ. 16.12)
(Տեր Շավարշ քհն . Սիմոնյան, Տեր Սեդրակ քհն. Աղասյան)
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր
Խոհանոց
Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18:30 – Համերգ.  «Գեղարդ» երգեցիկ խումբ
20:00 — «Ֆրեսկո». ֆիլմերի ցուցադրություն
22:00 Սբ. Պատարագ. պատարագիչ՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյան 

Օգոստոսի 13 (կիրակի, օր 7)
Տոն վերափոխման Սբ. Աստվածածնի
11:00Սուրբ  Պատարագ. պատարագիչ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հաղարծնի շաբաթվա փակում