Գեղարդավանքի պատմությունը

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ, Այրիվանք, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արևելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին: Հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին, հեթանոս. սրբավայրի տեղում: Վանքի համար նախապես օգտագործել են բնական քարայրերը (այստեղից էլ՝ մենաստանի առաջին՝ Այրիվանք անունը): IV դ. Գեղարդավանք է այցելել կաթողիկոս Ներսես Ա Պարթևը: Գեղարդավանքը եղել է կացարան կաթողիկոս Սահակ Ա Պարթևի համար: VIII դ. 1-ին կեսին Գրիգոր Գռզիկը դարձել է Գեղարդավանքի միաբան և ծավալել երաժշտ-ստեղծագործ. բեղմնավոր գործունեություն, հիմնել Այրիվանքի դպրոցը: Կաթողիկոս Հովհաննես Դ Ովայեցին, 841-ին թողնելով հայրապետական  թոռը, հաստատվել է Գեղարդավանքում: X դ. կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, խուսափելով արաբ ոստիկանի հետապնդումից, ապաստանել է Գեղարդավանքում, ապա անցել Սևանի վանք: Արաբները 926-ին ներխուժել են Գեղարդավանք, գանձերի տեղն իմանալու համար տանջել միաբաններին, սպանել շատերին, կողոպտել վանքը (ներառյալ ձեռագրերը) և հրդեհել շինությունները:

 Սելջուկյան արշավանքներից հետո, XIII դ. կեսից Գեղարդավանքում կրոնական կյանքը վերակենդանացել է: Գեղարդավանքի պահպանված հնագույն Ս.Աստվածածին կիսաժայռափոր եկեղեցու հարավային պատին Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի 1181-ի արձանագրությունն է՝ վանքին ս. Անդրեասի մասունքները նվիրելու մասին: XII դ. Գեղարդավանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողեր, այգիներ, դրամ: 1190-ին վանքում գրվել է Տոնապատճառ ժողովածուն: XIII դարից Գեղարդավանք անցել է հայ իշխան, զորավար Իվանե Զաքարյանի իշխանության ներքո: 1213 ին Տիմոթ և Մխիթար կազմողները վանքում գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել: 1215-ին, Բարսեղ վարդապետի վանահայրության օրոք, սրբատաշ տուֆով կառուցվել է Գեղարդավանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին: Այն ներսից խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, հարավային ճոխ շքամուտքով, դեկորատիվ կամարաշարով և հարթաքանդակներով զարդարված գմբեթով: Բազմաթիվ անձինք նյութապես օժանդակել են եկեղեցու առանձին մասերի (ավանդատներ, խորան, սալահատակ և այլն) շինարարությանը: Իշխան Իվանե Զաքարյանը Գեղարդավանք է այցելել 1219-ին և նրան նվիրել Բերդաղ գյուղը: 1215–25-ին Կաթողիկեի արևմտյան կողմին կից կառուցվել է կենտրոնակազմ, քառասյուն, շթաքարային մշակումով գմբեթով գավիթ: Այն հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում ունի երկհարկ ավանդատներ, որոնցից ձախակողմյան երկրորդ հարկինը նվիրված է Թադեոս առաքյալին:  1217 ին վանքի միաբանների ուժերով (Սարգիս նկարիչ, Աբել գրիչ և Ստեփանոս կազմող) գրվել է մանրանկարներով հարուստ, մեծադիր Ավետարան:
XIII դ. 40-ական թթ. Պռոշ իշխանը վանքը գնել է Իվանե աթաբեկի որդի Ավագից՝ տոհմական տապանատուն դարձնելու նպատակով: 1257–58-ին նորոգվել է Ս.Աստվածածին եկեղեցին, և ներսը ծածկվել որմնանկարներով: Խորանի կենտրոնում պատկերված է երկու կողքերին հրեշտակներով Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին, իսկ առաստաղին Պռոշ իշխանի և իր ընտանիքի խմբանկարն է:

 XIII դ. կեսից վանքում է պահվել ս.Գեղարդը՝ Քրիստոսի կողը խոցած նիզակի երկաթե ծայրը, որը, ըստ ավանդության, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը: Այդ ժամանակից վանքը կոչվել է Գեղարդավանք, իսկ ս. Գեղարդը մինչև XVIII դ. այստեղ պահելուց հետո տեղափոխել են Էջմիածին: 1260-ին Կաթողիկեից և գավթից հյուսիսային., ժայռի մեջ խցեր են փորվել: 1258-ին Պռոշ իշխանը ս. Գեղարդի համար դրվագված պահարան է պատրաստել տվել: Պահարանի արձանագրության սկիզբը սրբության մեծարանքի և նրա պաշտամունքի բանաստեղծ. արտահայտությունն է: XIII դարից Գ-ում են պահել նաև Նոյյան տապանի փայտի մասունք: Այս երկու սրբությունները մեծ հռչակ են բերել վանքին: Գեղարդավանքը XIII դ. դարձել է կրթամշակութային կարևոր կենտրոն, վերստին գործել է Այրիվանքի դպրոցը, որը 1279-ից գլխավորել է Մխիթար Այրիվանեցին: Նրա և Հովհաննես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է գրչության արվեստը (մեզ են հասել Գեղարդավանքում գրված բազմաթիվ ձեռագրեր), ստեղծվել է հարուստ մատենադարան: 1230–50-ին Պռոշ իշխանը կառուցել է Գեղարդավանքի գավթից մուտք ունեցող, երկու զույգ խաչվող կամարներով և շթաքարային հարդարանքով գմբեթով ու երդիկից լուսավորվող ժայռափոր առաջին եկեղեցին (ճարտարապետական՝ Գալձագ): Նրա հյուսիսային պատի տակ, ժայռից բխում է ավանդաբար հրաշագործ համարվող աղբյուր, որը պաշտվել է հեթանոսության ժամանակաշրջանից: 1283-ին Պռոշ իշխանը գավթի հյուսիսային կողմում շինել է ժայռափոր տոհմական տապանատունը և նրանից արևելյան՝ երկրորդ վիմափոր եկեղեցին: Տապանատան հյուսիսային պատին Պռոշյան իշխանների զինանշանի բարձրաքանդակն է՝ եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծի, նրանցից ներքև թևատարած արծիվ է՝ ճանկերում գառ բռնած: Եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, քանդակներով հարուստ:

 1288-ին Պռոշ իշխանի որդի Պապաքը և նրա կին Ռուզուքանը Գեղարդավանքի համալիրի հյուսիսային կողմում, ժայռի վերին մասում շինել են քառասյուն, գմբեթից լուսավորվող խոշոր ժամատուն: Գեղարդավանքի ժայռափոր կառույցները միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներ են: Մխիթար Այրիվանեցին կյանքի վերջին տարիներին ճգնել է Գեղարդավանքի արևմտյան կողմի քարայրերից մեկում և նրա պատին 1291-ին արձանագրություն թողել:

 1387-ին Գրիգոր Խլաթեցին, ուխտի գալով Գեղարդավանք, ձեռք է բերել Մխիթար Այրիվանեցու 1287-ին կազմած ժողովածուն: XV դ. Այրիվանքի դըպրոցի ուսուցչապետ է դարձել Գրիգոր Տաթևացու աշակերտ Սիմեոն վարդապետը, որը կարգավորել է վանքի կանոնադրությունը: XV դ. Գեղարդավանքում բազմաթիվ ձեռագրեր են գրվել. 1459-ին գրված Մաշտոցում նշվել են «անօրենների»՝ հայ ժողովրդին պատճառած նեղությունները:

 XV դ. Կաթողիկեի հվ. պատի տակ զույգ խաչքարեր են կանգնեցվել: 1603-ին Գեղարդավանքի Աստվածատուր և Հավուց թառի Մանվել եպիսկոպոսները Սպահանում բանակցել են Պարսից շահ Աբասի հետ, իսկ նրա կատարած՝ արևելահայության բռնագաղթի ժամանակ թաքնվել են Գեղարդավանքի մոտակա քարայրերից մեկում, սակայն 1605-ին սպանվել են Ամիրգունա խանի զինվորների ձեռքով: 1635–75-ին Գեղարդավանքի վանահայր է եղել Պռոշյան տոհմից Դավիթ վարդապետը, որի օրոք թիֆլիսցի Սուլե Չիթախյանը 1655-ին նորոգել է Կաթողիկեն և վանքին նվիրել արծաթե կանթեղ: 1679-ի հունիսի 4-ի Գառնիի երկրաշարժից Գեղարդավանքը ավերվել է, ժայռերից բեկորներ են թափվել և ծածկել շենքերը: 1684-ին Գեղարդավանքը մաքրել են փլվածքներից, նորոգել վնասված
շենքերը, կառուցել բուրգերով պարիսպը և նրան կից բնակելի ու տնտեսական շինությունները:

 1687-ին պատրաստել են ս. Գեղարդի նոր, արծաթե պահարան՝ կրկնելով հնի արձանագրությունը: Պահարանի դռնակների վերևում «Ավետման» տեսարանն է, դիմացը՝ հրեշտակը, ներքևում՝ «Խաչելությունը», դիմացի փեղկին՝ Գրիգոր Ա Լուսավորիչը: Ոսկերիչ-քանդակագործներ Գրիգորը և Սարգիսը կերպարներին տվել են ասկետի տեսք՝ բնական շարժումներով ու կեցվածքով: 1698-ին քանաքեռցի ոսկերիչ Ավետը պատրաստել է պահարան՝ Գեղարդավանքում պահվող Նոյյան տապանի փայտից: Դռնակներին Հակոբ Մծբնացու և նրա դիմաց՝ հրեշտակի քանդակներն են: Գեղարդավանքի վանահայր Դանիել վարդապետը (Պռոշյան տոհմից) 1708-ին կառուցել է վանքի արմևմտյան կողմի կամարակապ դարպասը: 1715-ին հայ վաճառականները Գեղարդավանքին են նվիրել եպիսկոպոս. մարգարտաշար թագ: Վանահայր Պետրոս Ջահկեցին 1733–39-ին նոր հողեր է ձեռք բերել վանքի համար: XVIII–XIX դդ. Գեղարդավանք ունեցել է այգիներ, ջրաղացներ, ձիթհաններ, ընդարձակ կալվածքներ Նորագավիթ, Նորք, Տաճարաբակ գյուղերում, ստացել Գողթ գյուղի տարեկան բերքի կեսը: 1834-ին վանքը նորոգել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: 1840-ի հուլիսի 2-ի մեծ երկրաշարժից վնասվել են Գեղարդավանքի Կաթողիկեն և խցերը: Նույն տարում վանահայր Օհան վարդապետը վանքի տարածքում մրգատու ծառերով մեծ այգի է տնկել: Միքայել Ձամոյան վարդապետը 1868-ին Գողթ և շրջակա մյուս գյուղերից նոր կալ-
վածքներ է գնել և շինել վանքի ճանապարհը:

 Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով վանահայր Ռաֆայել Շիրակացին 1870-ական թթ. կառուցել է Գեղարդավանքի դպրոցը: 1932-ին Թ. Թորամանյանի ղեկավարած արշավախումբը Գեղարդավանքի արևմտյան կողմում, ժայռի թեք լանջին պեղումներով բացել և ուսումնասիրել է վիմափոր խոշոր դահլիճ՝ ուղղանկյուն հատակագծով, քանդակազարդ որմնասյուներով, 5 մ բարձրությամբ և մոտ 140 մ2 մակերեսով, որը Պռոշ իշխանի օրոք XIII դ. կառուցել է ոմն Մկրտիչ (1967-ին դահլիճը փլվել է): Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին վանքի բակի արևելյան կողմում աղբյուր է կառուցվել (1958, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան), 1960-ին վերակառուցվել է դարպասը, 1968-ին համալիրի արևմտյան հատվածում կառուցվել է վանատան երկհարկանի շենքը, և բարեկարգվել վանքի տարածքը: 1978-ին բացվել է վերակառուցված սեղանատունը, վերանորոգվել են պարսպին կից շինությունները, Կաթողիկեի խորանում տեղադրվել է նոր բեմասեղան (ճարտ.՝ Ս. Քյուրքչյան): Պետության միջոցներով նորոգվել է Երևան–Գառնի–Գեղարդ խճուղին, և Գեղարդավանքի վիմափոր կառույցները ներթափանցող ստորգետնյա ջրերից զերծ պահելու համար վանքի հյուսիսային կողմում, նրա ողջ երկարությամբ, կառուցվել է թունելախորշ, որով ջրերը հավաքվում և թափվում են Գողթ գետակը: 1987-ին ավարտվել է Կաթողիկեի ու գավթի տանիքների՝ բազալտե քարերով սալարկումը: Հիմնադրման օրից Գեղարդավանքի ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման (տես Վերափոխումն Ս. Աստվածածնի) տոներին են:

geghard-10 geghard-1 geghard-2 geghard-4 geghard-5 geghard-6 geghard-7 geghard-8 geghard-9 geghard-11 geghard-13 geghard-14 geghard-15 geghard-16 geghard geghard_armenia

Ք.Հ. հանրագիտարան
Մուրադ Հասրաթյան