Գևորգյան հոգևոր ճեմարանը աստվածաբանության ոլորտում սկսում է ասպիրանտական կրթություն

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (ԳՀՃ) ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2016 թ.-ի հոկտեմբերի 6-ի № 987 Ա/2 որոշման համաձայն ստացավ ասպիրանտական կրթություն իրականացնելու իրավունք:

 Երկարամյա տքնաջան աշխատանքի որպես արդյունք 2017-2018 ուսումնական տարում ԳՀՃ պատմության մեջ նոր էջ է բացվում: Ճեմարանն աստվածաբանության ոլորտում սկսում է ասպիրանտական կրթություն: ԳՀՃ Ասպիրանտուրայի նպատակն է զարկ տալ աստվածաբանության գիտաճյուղերի զարգացմանը, ապահովել Հայաստանի Հանրապետությունում աստվածաբանության ոլորտում բարձր որակավորում ունեցող գիտնական հոգևորականների և աշխարհականների ներկայությունը, ինչպես նաև աստվածաբանական գիտությունների բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումն ու զարգացումը:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում Ասպիրանտուրայի ընդունելությունը մրցութային է և իրականացվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Ասպիրանտուրա կարող են ընդունվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ հանդիսացող անձինք, ովքեր ունեն մագիստրոսի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում: ԳՀՃ Ասպիրանտուրան գործում է առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի: Ասպիրանտուրայում ուսուցումը 2017-2018 ուս. տարում իրականացվելու է հեռակա կարգով և վճարովի հիմունքով: Հեռակա ուսուցմամբ վճարովի հիմունքներով Ասպիրանտուրայում ուսման տարեկան վարձը 300 000 (երեք հարյուր հազար) դրամ է:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում կամ առցանց gevorgianseminary.am կայքում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1. ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և լուսանկար (3×4 չափսի).

2. մկրտության վկայական.

3. բակալավրի և մագիստրոսի դիպլոմներն ու դրանց հավելվածները.

4. օտար լեզու, նաև ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը.

1) Անգլերեն — «TOEFL» (iBT)՝ 46 և «IELTS»՝ 5.5 միավոր,

2) Ֆրանսերեն — «TCF»` 200 միավոր,

3) Գերմաներեն — «on DaF»՝ 60 միավոր,

4) Ինֆորմատիկա և տեղեկատուահաղորդակցական հիմունքներ – 25 միավոր:

5. Աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):

Հեռակա ասպիրանտուրայում հետազոտողի քառամյա կրթական ծրագրով ուսման տարեկան վարձը կազմում է երեք հարյուր հազար (300.000) ՀՀ դրամ:

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2017 թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00 — 16:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժին, հեռ. 010 517 180/189: