Գևորգ Յազչյանի հերքմանն ի պատասխան ներկայացնում եմ իմ արձագանքը.
1.Կաթողիկոսների ընտրության կապակցությամբ պատմության «խորագիտակ» ուսումնասիրող Յազիչյանը պետք է նկատած լիներ, որ Կաթողիկոսի ընտրությունը մշտապես պետական կարևորագույն խնդիր է եղել, և պետությունը մշտապես ձգտել է մասնակից լինել այս հարցին։ Եվ ոչ միայն պետությունը, այլ նաև համայն հայ ժողովուրդն է մշտապես նախանձախնդիր եղել կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։ Եվ պատահական չէ, որ դարեր շարունակ հայ ազգը Կաթողիկոս է ընտրել Ազգային եկեղեցական ժողովների միջոցով, որոնց շնորհիվ ընտրություններին մասնակցել է, կարելի է ասել, համայն հայությունը։ Ուստի անգամ Յազիչյանն է ստիպված խոստովանում, որ ԿԳԲ ասելով, «ավելի լայն հասկացությամբ` օրվա իշխանություններին» պետք է հասկանալ։
Իսկ մեկ այլ «վերլուծաբան», անդրադառնալով նշյալ խնդրի, ասում է՝ «Վազգեն Ա-ն նշանակվել է ԿԳԲ-ի կողմից», ու փորձում ապացուցել ասածը, սակայն խոսքն ավարտում է հետևյալ բառերով՝ «Բայց դա չի նշանակում, որ նա (Վազգեն Ա-ն) վատ կաթողիկոս է եղել»։ Ուստի, հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ են այս մարդիկ հետապնդում և ինչո՞ւ են այսօր նման աղմուկ բարձրացնում։
Փաստորեն շահարկելով շատերի մոտ ոչ միանշանակ զգացումներ առաջացնող ԿԳԲ կամ KGB հապավումները, հ. Կորյունն ու իր հետևորդները ցանկանում են ժողովրդի մեջ հակասական տրամադրություններ ներարկել, հակադրություն ստեղծել, իսկ եթե հաջողվի՝ նաև ատելություն սերմանել հոգևոր բարձրագույն իշխանության նկատմամբ։
Մինչդեռ, ինչպես ասացի, Կաթողիկոսական ընտրությունները կատարվում են Առաքելական Եկեղեցու դարավոր կանոնների և ավանդույթների համապատասխան, և իրենց հերյուրանքներում պետական պաշտոնյաների կամ հատուկ ծառայությունների անունները շահարկողները, փաստորեն, համայն Հայ ժողովրդին ու Ազգային եկեղեցական ժողովն են անարգում։
Իսկ ինչ վերաբերում է «գործակալ» և «դրածո» եզրույթների նրբերանգներին, որ առկա են հատուկ ծառայությունների լեզվամտածողության մեջ, ապա այստեղ Գևորգ Յազիչյանը, հավանաբար, ավելի լավ է կողմնորոշվում, իսկ թե ինչո՞ւ՝ ինքը կիմանա։
2. Առիթ ունեցել եմ նշելու, որ ակտիվիստների գործողություններն աղանդավորական բացահայտ տարրեր են պարունակում։ Այդ ամենն արտահայտվում է թե՛ նրանց հնչեցրած գաղափարների, թե՛ նրանց գործելաոճի մեջ։ Օրինակ՝ Կորյուն աբեղան այնպիսի մտքեր է հնչեցնում, որ այլևս կասկած չի մնում ասելու, որ այդ մարդն ակնհայտորեն բռնել է աղանդավորության ճանապարհը: Խիստ մտահոգիչ է նրա վերջին հայտարարություններից մեկը, թե Սուրբ Երրորդության Երրորդ դեմքը՝ Սուրբ Հոգին, որպես պատիժ սպանեց սպարապետ Վազգեն Սարգսյանին կաթողիկոսական ընտրություններին միջամտելու համար («Վազգեն Սարգսյանին Սուրբ Հոգին ոչնչացրեց: Դա Աստծո հրաշքն էր» https://www.youtube.com/watch?v=b1w1JG8IIhg)։ Սա դեմ է Սուրբ Հոգու դավանանքի՝ Եկեղեցու վարդապետությանը։
Եկեղեցու դավանանքի համաձայն Սուրբ Հոգին մխիթարիչ է (Հովհ. 14.25), զորություն, շնորհներ պարգևող է (Գործք 1.8), ներշնչող է (Հաւատամք), կենդանարար է, ազատիչ և ոչ պատժող, ոչ բռնադատող (Սուրբ Գրիգոր Տաթևացի): Վերնշյալ մոլորությունը հակասում է նաև Կ.Պոլսի Բ Տիրեզերական ժողովի որոշումներին, ի մասնավորի՝ 1-ին կանոնին:
Եթե ընդունում ենք, որ Սուրբ Հոգին մարդասպան է, ապա դրանից կբխի, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործները, ի գլուխ ունենալով Նաիրի Հունանյանին, ոչ ավել, ոչ պակաս Աստծու կամքն են իրագործել։ Եթե Աստծու կամքն են իրագործել, ուրեմն պետք է սրբացնել Նաիրի Հունանյանին և մյուսներին։ Ավելին, եթե Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք էր, ուրեմն՝ Նաիրի Հունանյանը հրաշագործ է։
Այստեղ չեմ կարող չանդրադառնալ Յազիչյանի այն պնդմանը, թե՝ Վազգեն Սարգսյանը մտել է եպիսկոպոսների մոտ և «սպառնալիքներով ու հայհոյանքներով» ուղղորդել նրանց, թե ում ընտրեն (https://mobile.facebook.com/story.php?story_fbid=1842153459424621&id=1832653490374618&_rdc=1&_rdr)։ Այս կապակցությամբ, թերևս, պետք է պահանջենք, որ Յազիչյանն իր խոսքերի համար գոնե դույզն-ինչ շոշափելի ապացույց բերի, այլապես, գուցեև ոմանք ստիպված լինեն դատական կարգով պաշտոնական հերքում պահանջելու։
3. Յազչյանի հերքման 3-րդ կետի կապակցությամբ (հիշեցնենք, Յազչյանն այստեղ անդրադարձել է Դիվանատուն մտած անձանց մոտ թմրանյութի նմանվող զանգվածի հայտնաբերման խնդրին-խմբ. ) պարզապես հիշենք ոստիկանության տարածած՝ թմրանյութի նմանվող զանգվածի առկայությունը հաստատող հաղորդագրությունը (http://haydzayn.am/p/67241) և սպասենք փորձաքննության արդյունքներին։
ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ
Աղբյուր՝ haydzayn.am