Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը` խոսված Խաչվերացի տոնին

«Եւ որ ոչ առնու զխաչ իւր եւ գայ զկնի իմ,
չէ ինձ արժանի»:
(Մտթ. 10:38)

 Հոգու ջերմ զգացումերով ողջունում եմ ձեզ և շնորհավորում  Սուրբ ԽաչիՎերացման տոնի առիթով: Մեր ժողովուրդը, որ իր կյանքի ու արյան վկայությամբ ոռոգել ու ծաղկեցրել է Տիրոջ Խաչափայտը, առանձնակի ոգևորությամբ ու ներշնչումով է տոնախմբում Խաչվերացի հիշատակը։ Սա պատմական իրադարձություն է, որի արմատները ձգվում են դեպի դարերի խորքը, մինչև 7-րդ դար, երբ Տիրոջ խաչափայտը զինվորյալ քրիստոնյաների սխրանքով փրկվեց այլակրոնների գերեվարումից:

 Նյութապաշտ աշխարհում դժվար է հասկանալ Սուրբ Խաչի՝ իրականում անփոխարինելի այդ սրբության համար, քրիստոնյաների վճարած զոհողությունների ու զրկանքների իմաստը։ Նյութակենտրոն  աշխարհում մարդկային պատկերացումները, վարքագիծն ու հարաբերությունները, վերջին հաշվով նաև պետությունների քաղաքականությունը, կառուցվում են առօրեական հաշվենկատությամբ՝ ուղղված այլոց նկատմամբ առավելության հաստատմանը, ազդեցության ընդլայնմանը և կամ աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարմանը: Մինչդեռ քրիստոնյայի համար խաչն է իմաստն ու նպատակը կյանքի, որը անբաժանելիորեն միացած է Անմահ Խաչյալին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Եվ ուրեմն` լինել Քրիստոսի հետևորդ` նշանակում է լինել Խաչի ուխտավոր:

 Աստված ինքը անցավ խաչի ճանապարհը, որ նույն է թե՝ աստվածային ծրագրի իրագործման համար կրեց զրկանքներ ու տառապանքներ, անցավ չարչարանաց ու մահվան ճանապարհը: Խաչի խորհուրդը` բնական, թե հարուցված խոչընդոտների, գիտակցված զոհողությունների ու զրկանքների միջոցով փրկության ու հաղթանակի հասնելու խորհուրդն է։ Այսպես հարություն առավ մեր Տերը, Հիսուս Քրիստոս՝ դիմակայելով ու հաղթահարելով փորձություններն ու հալածանքները, իսպառ մերժելով բոլոր գայթակղությունները։ Այս ամենով հանդերձ Քրիստոս հավատարիմ եղավ ու մնաց իր առաքելությանը նույնիսկ ճակատագրականորեն ծանրագույն պահերին, երբ, կարծես թե, անգամ Աստված էր լքել Նրան։ Նրա համախոհներն ու հետևորդները, ովքեր փայլում էին հավատարմության ու անդավաճան նվիրումի հավաստիացումներով ու ճամարտակություններով, վայրկենաբար ուրացան ու լքեցին Նրան` առաջին իսկ փորձության պահին։ Ժողովուրդը, որ ցնծությամբ ու փառաբանական աղաղակներով էր ազդարարում Երուսաղեմ Նրա մուտքը, օրեր անց ընդամենը լուռ ու անտարբեր ականատեսը և անզգացմունք վկան դարձավ Նրա խաչելությանն ու մահվանը: Ահա սա է ճանապարհը Խաչի՝ հանձն առնել զրկանքներն ու տառապանքները մինչև անգամ մահ և չնահանջել ու չլքել առաքելությունը, եթե անգամ լքել է քեզ վերջին համախոհն:

 Այսպիսին եղավ Քրստոսի Խաչի ճանապարհը՝ նրա կյանքն ու առաքելությունը: Իրավ է ասված՝ յուրաքանչյուրը վճարում է իր ընտրության համար: Քրիստոս ինքը կատարեց ընտրությունը Խաչի ճանապարհի և դրա համար հատուցեց իր կյանքով, ինչպես Սուրբ Գիրքը կասեր. «խմեց դառնության բաժակը մինչև վերջ» (հմմտ. Մտթ. 20։ 22): Վճարեց, որովհետև համոզված էր իր առաքելության Աստվածայնությանը, իր նպատակի բյուրեղայնությանը: Տիրոջ վճարած արյան շնորհով մենք ստացանք փրկություն։ Ավելի քան որևէ խոսք՝ Տիրոջ չարչարանքն ու մահն են անսուտ վկայությունը Նրա առաքելության ճշմարտության: Եվ այս համոզումն է ոգեշնչում մարդկանց դառնալու հետևորդը Քրիստոսի և ուխտավորը Խաչի։ Ցանկանո՞ւմ ես լծակիցներ ու համախոհներ ունենալ առաքելությանդ ու գաղափարիդ, ուրեմն դու առաջինը դարձիր ջահակիրն ու նահատակը դրա: Պատրաստ եղիր մահվամբ հատուցել, քան թե մի նշանախեց անգամ նահանջել: Սա է ճանապարհը Խաչի, որ պսակվում է հարությամբ ու հաղթանակով:

 Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այսօր այդ առաքելության ճանապարհին իրենց առաջին քայլերը կատարեցին մեր Սուրբ Եկեղեցու չորս նվիրյալ զինվորներ` Վարազդատ, Ատոմ, Վահան, Նարեկ սարկավագները, ովքեր իրենց հոգիները, մտքերն ու մարմինները որպես ընծա ուխտեցին մատուցել Խաչյալ Տիրոջը: Նրանք ուխտեցին դառնալ խաչակիրներ և Խաչի ճանապարհի ուխտավորներ:

 Ճանաչում ենք նրանց ճեմարանական ուսումնառության տարիներից,  երբ հոգևոր կյանքի դարբնոցում սնուցվում էր նրանց հոգին, կոփվում կամքը և հարստանում միտքը:

 Սիրելի՛ նորընծաներ, ամբողջ սրտով ուրախ եմ ձեր լծակցության համար, մեծ է պատիվը և աննկարագրելի պատասխանատվությունը դառնալու ճանապարհորդակիցները Քրիստոսի: Հնարավո՞ր է արդյոք երևակայել, որ Աստված մեզ՝ այսօրվա հոգևորականներիս, շնորհ է պարգևել դառնալու ուղիղ ժառանգորդը լուսամիտ ու սրբակենցաղ՝ հռչակավոր հոգևոր մեր հայրերի՝ Լուսավորիչ, Սահակ Պարթև ու  Շնորհալի Հայրապետների, կրելու նույն տիտղոսն ու աստիճանը, ինչ Մաշտոց ու Նարեկացի Աստվածախոս վարդապետները:

 Սիրելի՜  եղբայրներ, այս ամբողջ պատվի ու պատասխանատվության մեջ դյուրին ճանապարհ չէ սպասվում ձեզ։ Քիչ չեն այցելելու ձեզ հուսախաբությունները, միշտ չէ որ մեծարանքով պիտի ընդունեն ձեզ և գովասանքով արտահայտվեն ձեր մասին: Ոմանց համար դուք լինելու եք միջնադարյան խավարամտության ու հնաոճության ժամանակավրեպ քարոզիչներ, ուրիշների համար տաղտկալի ու զավեշտական են թվալու կյանքի ու մահվան, փրկության ու հավիտենական կյանքի մասին ձեր մտորումներն ու քարոզները։

 Քրիստոսին հետևելու, Խաչի ճանապարհի ուխտավոր լինելու՝ ձեր հավտքի ու համոզումների, հոգևոր, բարոյական ու ազգային սրբությունների պաշտպանության ու քարոզության համար կլինի, որ  կհատուցեք ձեր առողջությամբ ու բարեկեցությամբ։ Կյանքում առաջացող բնական ու հարուցված խոչընդոտներն ու զրկանքները հաճախ դուք կկրեք խոր միայնության մեջ՝ միակ, բայց և անփոխարինելի սփոփանք գտնելով Աստուծո հետ զրույցներում։ Եվ այս է՝ Աստծու հանդեպ հավատքն ու հավատարմությունը, մխիթարության մեր աղբյուրը։ Այդ հավատքն է ուժ ու զորություն է պարգևում հոգևորականներիս: Մեր պատասխանատվությունը անվրեպ աճում է այն գիտակցությամբ, որ  մենք պահապաններն ենք Տիրոջից ժառանգություն ստացած Հայոց հոգևոր ամրոցի։ Մարգարեի խոսքի համաձայն. «դետ ենք կարգված Աստծո ժողովրդի մեջ» (հմմտ. Եզ. 3։ 17

 Սիրելի նորընծաներ, Հայոց այդ հոգևոր ամրոցի, սրբազան մեր հայրենիքի հիշատակները կրկին-վերստին ձեր հոգիներում անջնջելիորեն դրոշմելու համար մենք հայկաշունչ նոր անուններով կոչեցինք ձեզ։ Ձեզ անվանադրեցինք Տեր Հայկ, Տեր Հայասա, Տեր Հայկազուն և Տեր Արմեն, որպեսզի միշտ հիշեք Ձեր պարտքը ձեզ ծնած ու սնած ժողովրդի հանդեպ, միշտ հիշեք հայոց հոգևոր ու ազգային ինքնության պաշտպանության, պահպանության ու զորացման մեջ ձեր բացառիկ կոչման ու պատասխանատվության մասին։

 Սիրելի եղբայրներ, հին Արեւելքում հավատում էին, որ ամեն նորածնի հետ երկնքում նոր աստղ է ավելանում։ Պայծառ պահեք երկնքում ձեր աստղը և լույս ավելացրեք մեր ժողովրդի ճանապարհին, և թող Աստված օրհնի ձեր առաքելությունը և անկասելի դարձնի առ Տիրոջ Սուրբ Խաչը ձեր ուխտագնացությունը։

 Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ՝ ուխտի մեջ հաստատուն, հավատքի մեջ անսասան և նվիրումի մեջ աննվազ մնալու համար։

 Որդիական մեր խոնարհումի հետ, այս պահին մեր ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ազգիս Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մաղթելով արդյունավոր գահակալության երկար տարիներ։

 Վեհափառ Տե՛ր, թող Ձեր հոգևոր խնամքի ներքո նվիրյալ նոր մշակներ հասակ առնեն ու հերկեն անդաստանները մեր Սուրբ Եկեղեցվո։

 Շնորհավորանքներս մեր եկեղեցականաց ողջ դասին՝ մայրավանքում և այլուր սպասավորող մեր նվիրյալ բոլոր եղբայրներին՝ մեզ լծակից նոր եղբայրներով հարստանալու համար։

 Տիրոջ շնորհը, սերը և ողորմությունը մեր ողջ ժողովորդին ու ամենքիս հետ. Ամեն։

13 սեպտեմբերի, 2020 թ.