Յանուն Հօր եւ որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.ամէն:
«Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղեմ, մոռասցի
զիս աջ իմ, կցեսցի լեզու իմ ի քիմս իմ՝
թե ոչ յիշեցից զքեզ» (Սաղմոս 137։5-6)
Դարերի խորքից արձագանքում են Սաղմոսերգուի կարոտավառ ու ողբանվագ երգի ելևէջները. «Եթե մոռանամ քեզ Երուսաղեմ, թող ձեռքս չորանա, և եթե չհիշեմ քեզ, թող մեխվի լեզուս իմ քիմքին»։ Այսպես է հիշողությունների և երազների օրոցքում մխիթարության ու հանգստության օթևաններ գտնում բռնադատվածի տառապյալ հոգին։
Մեր հիշողություններն ու երազներն, այսօր, սիրելի քույրեր և եղբայրներ, մեզ տանում են ոչ հեռավոր 20-րդ դարասկիզբ, երբ համայն աշխարհը փոթորկված էր պատերազմական լայնածավալ գործողություններով:
Համաշխարհային խառնաշփոթի մեջ տեղի ունեցավ մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց Ցեղասպանությունը՝ Մեծ Եղեռնը, որի խորհրդանշական թվագրումը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ դրոշմված է 1915 թվականի ապրիլի 24-ով։ Այս ժամանակներում Օսմանյան կայսրության կողմից սառնասիրտ դաժանությամբ պատմական Հայաստանի արևմտյան հատվածում իրագործվեց հայության ցեղասպանությունը։
Սոսկալի ոճրագործությանը զոհ գնացին ավելի քան մեկ և կես միլիոն հայեր, բազմահազար բռնի տեղահանվածներ քշվեցին սիրիական անապատներ, ամենուր ոչնչացվեցին կամ պղծվեցին հայկական հոգևոր-մշակութային ժառանգության դրոշմները, հայկական ինքնությունը դարձավ դատավճիռ։
Հայոց սոսկալի ջարդերից անցել են ավելի քան հարյուր տարիներ. ցավի տառապանքի, նվաստացման, հուսախաբությունների, բայց նաև ամոքման ու վերականգման տարիներ։ Սոսկալի ջարդերի սահմռկեցուցիչ տեսարանների առջև համրացած աշխարհը, սակայն, տակավին համընդհանուր ու համարժեք դատապարտության չի արժանացրել ցեղասպանության հանցագործությունը:
Ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակվում է նաև այսօր և այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել մեր ազգին հասցված հոգևոր, հոգեբանական, բարոյական ու նյութական ահռելի կորուստների հետևանքները։
Հայոց Ցեղասպանության հանդուրժումը, դրա կոծկումը կամ ժխտումը համարժեք դարձավ նոր ցեղասպանությունների խրախուսման ու քաջալերման։ Հայտնի իրողություն է, որ այս անպատժելությունից ոգեշնչված նացիստները իրագործեցին հոլոքոստը։
Հանդուրժել մեղքը, նշանակում է ոչ միայն դառնալ հանցակից, այլև ճանաչել դրա օրինաչափությունը, նվիրագործել մեղսագործությունը, հանցագործությունը դարձնել կենսակերպ և հարբերությունների պարզաբանման գործիք։
Մեր ժողովուրդը պատմական իր առաքելության ճանապարհին մերժելով մերժել է ոճրագործությունը։ Այլատյացության մեղքը երբեք բույն չի դրել մեր հոգիներում, այլոց ազատությունների և համոզումների հանդեպ թշնամանքի որոմը երբեք չի ծլարձակել հայոց հոգու անդաստաններում։ Սա է քրիստոնեական մեր ինքնության սիրո շաղախը և բովանդակությունը։
Ցեղասպանության ոճրագործությունից հետո անգամ մեր ժողովուրդը երբեք չի կորցրել սիրելու իր առանձնահատուկ կարողությունը։ Մենք ցավ ու մորմոք ունենք մեր հոգում, բայց ոչ երբեք ատելություն։ Մեր պահանջատիրությունը հավատարմությունն է ցեղասպանության նահատակների սուրբ հիշատակին և ոչ երբեք թշնամանք ու ատելություն ոճրագործների նկատմամբ։ Ահռելի ոճրագործությունը չի չարացրել մեր ժողովրդին:
Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը, հրաժարվել արժանապատվությունից և, վերջապես, նշանակում է ուրանալ հենց Իրեն՝ Աստծուն։ Աստվածային սիրո պատգամի իրագործումը երբեք ու երբեք չի ընդգրկում ազգային և հոգևոր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով այլոց հաճելի դառնալու ձգտում։ Ներողամտությունն ու սերը չունեն ոչինչ ընդհանուր վախվորած հարմարվողականության և թուլակամ մորթապաշտության հետ։ Մեր նահատակները մեր ուժն են և մեր զորությունը։ Այնքան ժամանակ, որքան կպահպանենք հավատարմությունը մեր սուրբ նահատակներին, այնքան ժամանակ, քանի դեռ կպայքարենք ցեղասպանության աղետալի հետևանքների վերացման համար, ահա ճիշտ այդքան ժամանակ մենք կշարունակենք մնալ հավատարիմ մեր ինքնության և արժանի ժառանգը՝ մեր նահատակված հայրերի։
Ցեղասպանության մտովի ժխտումն անգամ և կամ անտեսումը հանցակցություն է ցեղասպանների հետ։ Դրա համար նահատակների հիշատակի նվիրական այս օրը սաղմոսերգուի հետևողությամբ ուխտերգ է դառնում համազգային մեր պոռթկումը՝ «Ով սուրբ նահատակներ, եթե մոռանանք ձեզ, թող չորանան մեր ձեռքերը, և եթե չհիշենք ձեզ, թող մեր քիմքերին մեխվեն մեր լեզուները»։
Սիրելի քույրեր և եղբայրներ վրեժխնդրությունը չէ մեզ առաջնորդող գաղափարը։ Եկեղեցին՝ որպես Աստվածային կառույց, ճշմարտության բացահայտման ճանապարհով փրկության առաջնորդելու իր առաքելության մեջ առանձնահատուկ հանձնառություն ունի նաև՝ առարկայորեն ու ճշգրտորեն գնահատելու պատմական իրադարձությունները՝ առանց տրվելու աշխարհիկ նպատակահարմարություններին։ Եկեղեցին պարտավորված է գործել մի տիրույթում, ուր աննվազ են ջանքերը՝ արդարության վերականգնման համար, մի տիրույթում, ուր ճշմարիտ ախտաճանաչողությունը զուգակցվում է հոգևոր խնամքի հետ՝ մեղսագործի զղջմանը, հատուցմանը և արդարացմանը հասնելու համար։ «Սիրել բարեկամին և սիրել թշնամուն» աստվածապարգև պատգամները միշտ զուգորդված են սիրիր ինքդ քեզ քրիստոսատուր նախերգանքով: Ասված է՝ «Սիրիր ընկերոջդ այնպես ինչպես քո անձը»: Այս պատգամով է, որ այլոց սիրելու՝ քրիստոնեական սիրո չափասահմանը դառնում է այն սերը, որ տածում ենք ինքներս մեր նկատմամբ։ Սեփական անձի հանդեպ ունեցած այս հարգանքն ու արժանապատվության զգացումն է, որ քրիստոնյային օժտում է այլոց սիրելու կարողությամբ։
Ցեղասպանության սուրբ նահատակների նվիրական հիշատակի առջև ուխտի այս օրը մենք պարտք ունենք մեր նախնիների, մեր սերունդների և Աստուծո առջև՝ հաղթահարելու սիրո ու ներողամտության ճգնաժամը ներազգային մեր կյանքում: Լոկ կեղծիք են ու խաբեություն այլոց սիրելու մեր հավաստիացումները, երբ չունենք սեր ինքներս մեր, մեր ազգի զավակների ու մեր եղբայրների նկատմամբ: Նվիրական հիշատակի այս առավոտ իմ հոգու խորքերից Քրիստոսի անունով դիմում եմ ձեզ՝ թափանցելու համար ձեր հոգու խորքերը. ամուր պահենք մեր հայկական ինքնությունը, չտրվենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին, ամեն ինչից առաջ և ամեն ինչից վեր մաքուր պահենք հայրենիքի սրբազան տարածքը օտարամուտ բարքերից ու կենսակերպից: Մեզ չեն ների մեր նահատակները և չի ների մեզ ինքը՝ Աստված, եթե ոչնչացնենք թանկարժեք այն ավանդը, որ մեզ փոխանցվել է Աստծուց և պահպանվել սերունդների զրկանքներով ու զոհաբերությամբ:
Մեր հայացքը այս պահին ուղղելով դեպի երկինք՝ հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը մեր երկրի խաղաղության ու ապահովության համար, պատմական արդարության հաստատման համար: Աղոթենք միասնաբար, որ հարուցյալն Աստված առատորեն օրհնի ու շնորհազարդի մեր ժողովրդի զավակներին ամենուր և առաջնորդի նոր ձեռքբերումների ու հաջողությունների:
Սուրբ Գայանե վանք, 24,04,2022թ