Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթ

30 1 - Գերագույն հոգևոր խորհուրդն  անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթ

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը: 

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին:
Քննարկումների ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները` մասնավորապես նշելով. «Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը:
Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը:
Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը»: