Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Աթեշյանի պատճառով չէ, որ տեղափոխվել է Նյու Յորք, այն կանցկացվի տարբեր թեմերում. Տեր Վահրամ

GHX 3 880x651 - Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Աթեշյանի պատճառով չէ, որ տեղափոխվել է Նյու Յորք, այն կանցկացվի տարբեր թեմերում. Տեր Վահրամ

 TERT.AM – Հոկտեմբերի վերջին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կկայանա Նյու Յորքում, որովհետև վերջին ժողովի ժամանակ որոշում է կայացվել այսուհետ ժողովները գումարել տարբեր թեմերում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հարցին, թե գուցե ժողովի անցկացման վայրը Էջմիածնից տեղափոխվել է Նյու Յորք Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի պատճառով, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը բացասական պատասխան տվեց. «Որևէ մեկի պատճառով էլ չէ: Գերագույն խորհրդի վերջին ժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ այնուհետև տարբեր առիթներով Գերագույն խորհրդի ժողովները կգումարվեն տարբեր թեմերում, ինչը առիթ կտա, որ և՛ թեմերի խնդիրներն ավելի արծարծվեն, և՛ թեմական կառույցներն իրենց հերթին Գերագույն հոգևոր խորհրդի հետ առնչվեն և այլն: Դա ավելի կառուցողական միջավայր կստեղծի առկա խնդիրների և մարտահրավերների հաղթահարման ու թեմական աշխատանքների ճիշտ ծրագրավորման համար»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ընտրվել «Սուրբ էջմիածնից՝ աշխարհին» կարգախոսը, երբ նիստը Էջմիածնում չէ, թե՞ կարգախոսը հոգևոր իմաստ ունի, Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ նման կարգախոս ընտրվել է, որովհետև հայրապետական օրհնություն բաշխվում է Էջմիածնից. «Նկատի ունենալով, որ այս անգամ էլ մասնավոր քննարկման նյութ պիտի դառնա Միացյալ Նահանգներում բնակվող հայորդիների կապը եկեղեցու հետ, նրանց ազգային ինքնության պահպանման խնդիրները և այլն, այդ ամենը նկատի ունենալով՝ որդեգրվեց այդ խորագիրը այս ժողովի համար»:

Հիշեցնենք, որ այս տարի Արամ Աթեշյանի գործունեությունը կախակայելու պահանջով ստեղծվել էր նախաձեռնություն այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահին ուղղված նամակում գրել էր, որ «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Հունիսին էլ Հայաստանում անցկացվող ժողովին Արամ Աթեշյանի մասնակցությունը չեղարկվեց, որովհետև նրա նամակի հրապարակումից հետո Հայաստանում մեծ դժգոհություն էր արտահայտվել նրա նկատմամբ:

Բեթղեհեմ Արաբյան
Աղբյուր՝ http://armchurch.info