Գավազանի խորհուրդը

Gavazan - Գավազանի խորհուրդը

 ԳԱՎԱԶԱՆ, եկեղեցական ըմբռնմամբ՝ հոգևոր աստիճանի կամ պաշտոնի հայտարար, իշխանության նշանակ: Արքայական գավազան Կոչվում է նաև մական, հովվականը՝ ասա, սովորականը՝ ցուպ: Գավազան վարդապետին կամ ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսը՝ ձեռնադրությամ, Ձեռնադրության Մաշտոցի համաձայն:

 Գավազանի մասին, որպես խորհրդավոր ուժակրի, ակնարկվում է դեռևս Ծննդոց գրքում. նահապետներից Հակոբը ջրի գռների մեջ խնկենու, ընկուզենու և սոսու կեղևահան գավազաններ է դրել, որպեսզի բեղմնավորվող մաքիները, այդ ջրից խմելով, խայտաճամուկ գառներ ծնեն (30.37–42):

 Ելք գրքում Մովսեսի գավազանը օժտվել է աստվածային իշխանությամբ և հրաշագործությամբ (4.2–5): Այն վիշապ դառնալով՝ կուլ է տալիս քրմերի վիշապներին (Ելք 7.8–12), բացում Կարմիր ծովը (Ելք 14.15–22) և կատարում այլ հրաշքներ:

 Թվոցում Ահարոնի գավազանը, դրվելով Վկայության խորանում, ծաղկել է (17.2–10). հետագայում այն, ի թիվս այլ սրբությունների, դրվել է Ուխտի տապանակի մեջ: Ավելի ուշ, եկեղեցու պաշտոնյաներին տրված գավազաններն ունեցել են օձի գլուխ և զարդարվել (ծաղկվել)՝ ի հիշատակ և ի նմանություն անապատում Մովսեսի բարձրացրած բուժիչ պղնձե օձի (Թվոց 21.6–9) և Ահարոնի ծաղկած գավազանի՝ խորհրդանշելով պատժիչ կամ փրկարար ուժ, զորություն, իմաստություն, հավիտենություն և այլն:

 Գավազանով հրեաները զատել են Տիրոջը նվիրաբերված տասանորդի անասունները (Ղևտ. 27.32): Մինչև XII դ. հայոց եկեղեցիներում վարդապետներն ու եպիսկոպոսները կրել են վարդապետական երկգլխանի օձագլուխ գավազաններ: 1184-ին Լուկիոս III պապը Գրիգոր Դ Տղա (1173–1193) կաթողիկոսին նվիրել է կաթողիկոսական պատարագչի լրիվ զգեստ՝ կորագլուխ գավազանով հանդերձ: Այն Կաթոլիկ եկեղեցում օգտագործել են պապերը, կարդինալները և եպիսկոպոսները: XII դ. վերջին, փաստորեն, հայ եպիսկոպոսները գործածական են դարձրել նաև նման գավազանները:

 Հայ եկեղեցում ընդունված են երկու կարգի գավազաններ՝ վարդապետական, եպիսկոպոսական կամ հովվական: Հովվականը՝ ասան, կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները, ընդ որում, առաջնորդները ասա կրելու իրավունք ունեն միայն իրենց թեմերի սահմաններում: Գավազանները լինում են փայտե, մետաղե, ոսկրե, երբեմն՝ բյուրեղապակե: Ի տարբերություն մյուս գավազանների, ասան ազնիվ փայտից է, մոտ 10–12 սմ-անոց ոսկե կամ արծաթե գլխիկով:

Եղիշե ավ. քհն. Սարգսյան Լևոն Սարգսյան

Այլ նյութեր