«ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ» Ավետիս Քալաշյան

Garegin b Hayoc ceghaspanutyun 880x640 - «ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ» Ավետիս Քալաշյան

 Հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար Մեծ եղեռնը ազգային դատին նվիրվածության առհավատչյան է, սերունդների հիշողության մեջ անթեղված համազգային վշտի խտացած արտահայտությունը: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավաստում է, որ թեեւ «մահը կյանքով հաղթելու» ճանապարհով ազգային հոգեբանության մեջ լիովին հաղթահարվել է «եղեռնի բարդույթը», իսկ «վերապրած հայությունը կենսահաստատ հավատքով իր հանդեպ գործված չարը բարիով հաղթելու քրիստոսաշնորհ զորությամբ» ապրում է իր ստեղծագործ կյանքով, այդուհանդերձ, հայ ժողովուրդը պահանջատիրության եւ իրավատիրության դիրքերից այսօր էլ պայքարում է Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու համար:

 Վերոնշյալից ամենեւին չի հետեւում, թե Մեծ եղեռնի դատապարտումը սոսկ «վրեժխնդրության ծարավ» է: Այդ է վկայում նաեւ Հայոց Հայրապետը. «Ցեղասպանության դառը հիշողությունները 100 տարիների ընթացքում չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին: Մեր վշտին ատելություն չի խառնվել, սակայն եղել ենք անհաշտ՝ խարդավանքների, մեր պատմության խեղաթյուրման հանդեպ, եղել ենք աննահանջ՝ ճշմարտության պայքարի մեր ճանապարհին»1: Եւ դա այն պարագայում, փաստում է Վեհափառ Հայրապետը, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը պարփակել է ազգային կյանքը բնութագրող մի ամբողջական համակարգ եւ սերտաճել է ազգային-հասարակական, քաղաքական, հոգեւոր-մշակութային ու քաղաքակրթական կյանքի բոլոր ոլորտների հետ: Հայոց հայրապետը պարզաբանում է, որ մեր ժողովուրդը բարոյական մեծ պատասխանատվություն ունի՝ անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու, նրանց տառապանքները չմոռանալու, քանի որ այն համայն աշխարհով սփռված հայերիս բարոյական միասնության անկյունաքարերից է: Այդ պատճառով է նաեւ, որ Հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտումը հայ ժողովրդի համար դարձել է առաջնահերթություն: Վեհափառ Հայրապետը բացատրում է. «Հայոց եղեռնը արիւնալի եւ անլուր ողբերգութեան մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաեւ ազգերի պատմութեան մէջ»2, քանի որ Օսմանյան Թուրքիայի կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանության արդյունքում «Արեւմտեան Հայաստանում՝ բնօրրան մեր հայրենիքում եւ Թուրքիայի հայաշատ բնակավայրերում կազմակերպուած ջարդերին, սովին ու հիւանդութիւններին, որ իշխում էին բռնագաղթի ճանապարհներին, զոհ գնացին ազգիս մէկ եւ կէս միլիոն զաւակներ: Թալանուեց դարերով ստեղծուածը, արդար վաստակը մեր ժողովրդի…. Հայաթափուեց Արեւմտեան Հայաստանը, որտեղ մեր ժողովուրդը հազարամեակներ՝ Նոյեան դարից ի վեր, ապրել, արարել եւ իր պատմութիւնն ու մշակոյթն է կերտել (ընդգծումը.– Ա. Ք.)3»:

 Անդրադառնալով Հայոց ցեղասպանության եւ դրա միջազգային ճանաչման հարցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այն դիտարկում է ե՛ւ պատմական, ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից: Նա համոզված է, որ միայն այդ շարակարգում է հնարավոր մեկընդմիշտ կանխել ցեղասպանության ամեն մի փորձ, «…որպեսզի ոչ մի ժողովուրդ երբեք չկրի իր հոգում ցեղասպանության վիշտն ու վիրավորանքը, եւ ոչ մի հողում չկառուցվեն եղեռնի եւ հոլոքոստի հուշարձաններ (ընդգծումը.– Ա. Ք.)»4: Նույն տրամաբանությամբ եւ արժեքային մոտեցմամբ նա բարձրաձայնում է նաեւ, որ Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը եղել է միակողմանի գործողություն, քանի որ «Առաջին համաշխարհային պատերազմի թոհ ու բոհի մէջ երիտթուրքական իշխանութիւնները ժամանակը պատեհ նկատեցին՝ աւարտին հասցնելու հայութեան բնաջնջման թուրքական պետութեան որդեգրած քաղաքականութիւնը եւ ընդմիշտ լուծելու Հայկական հարցը: Արեւմտեան Հայաստանում՝ մեր հայրենիքի մեծագոյն հատուածի վրայ եւ կայսրութեան հայաշատ այլ բնակավայրերում իրականացուեցին անզէն հայ բնակչութեան կազմակերպուած ջարդեր: Մեր ժողովուրդը մահուան էր դատապարտուել միայն հայ եւ քրիստոնեայ լինելու համար, քանզի հայ մնալ ու քրիստոնեայ, նշանակում էր շարունակել լինել բնիկ ու տոհմիկ ժողովուրդը Հայաստան երկրի (ընդգծումը.– Ա. Ք.)»5:

 Վեհափառ Հայրապետը նշում է նաեւ, որ Մեծ եղեռնի հետեւանքով «…դատարկվեց Արեւմտյան Հայաստանն իր տոհմիկ ժողովրդից, իսկ ենիչերու արնածոր սրից ու արնախում հայացքից մազապուրծ հայերը սփռվեցին աշխարհե աշխարհ….»6: Նա հավելում է, որ նախապես որոշված կարգով իրականացված եղեռնագործ այդ ծրագրի հետեւանքով «միլիոնավոր հայորդիներ, զրկվելով իրենց պատմական տարածքներից ու բնակավայրերից, ստիպված եղան ապաստան գտնել ամենատարբեր երկրներում՝ որակվելով իբրեւ «հայրենազուրկ» եւ կրելով աքսորի ու գաղթի ճանապարհի դառը պայմանները (ընդգծումը.– Ա. Ք.)»7:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրտի ցավով անդրադառնում է նաեւ այն իրողությանը, որ չնայած անհերքելի այդ փաստերին, ուրացման ճանապարհն ընտրած թուրքական կառավարությունը կոչ է անում «խոսքի ազատության եւ բազմակարծությունը հարգելու» դիրքերից «վերանայել պատմական իրականությունը», իսկ ցեղասպանությունը համարում է ոչ այլ ինչ, քան «1915 թ. պատահական միջադեպ», եւ պնդում, որ միլիոնավոր անմեղ զոհերը ոչ թե ոչնչացվել, այլ «մահացել են ԻԱ. դարասկզբին»: Վեհափառ Հայրապետի կողմից «ուրացման այդ քաղաքականությունը» անվերապահ մերժվում է ցեղասպանության գործուն ղեկավարներից մեկի՝ Ջեմալ փաշայի խոստովանությամբ, որի մասին գրում է. «Թուրքիայի Հանրապետության ղեկավարների եւ նույնիսկ քաղաքացիական հասարակության ականջները հարատեւ փակ են…. Ջեմալ փաշայի՝ գերմանացի սպային խոստովանած մարգարեական խոսքերի առաջ՝ «Ես ամաչում եմ իմ ազգի համար» (Ich schäme mich für meine Nation)»8:

 Հիմնովին մերժելով եւ անընդունելի համարելով Հայոց ցեղասպանության բացահայտ կամ քողարկված ժխտման, ինչպես նաեւ գիտակցված անտարբերության ամեն մի փորձ՝ Հայոց հայրապետը հավաստում է, որ «Ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության ու արդարության ոտնահարում է, այլ նաեւ խարխլում է միջազգային իրավունքի եւ համընդհանուր բարոյականության հիմերը, ծանր հարված հասցնում ազգերի ու ժողովուրդների հարաբերություններին եւ խաղաղ համակեցությանը»9: Զարգացնելով այդ մոտեցումը՝ Վեհափառ Հայրապետը պարզաբանում է. «Ցեղասպանության ոճրագործության ժխտման եւ այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: Ժխտողականության հանդուրժումը անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ եւ հանրության կյանքում լռեցնում բարոյական պատասխանատվության ձայնը՝ զրկելով նման սարսափի կրկնությունը կանխելու հանձնառությունից: Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների (ընդգծումը.– Ա. Ք..)»10:

 Անդրադառնալով Հայոց ցեղասպանության շարժառիթների համակողմանի քննական արժեւորմանը՝ Վեհափառ Հայրապետը պատմական փաստերի վերլուծական ընդհանրացմամբ արձանագրում է. «Ի. լուսաւորեալ դարը եղեռնով սկսուեց մեր ժողովրդի համար, որ նոր ժամանակներում յոյս ունէր գտնել անձի ապահովութիւն, մարդկային իրաւունքի պաշտպանութիւն եւ խաղաղ կեանք: Այս էր Հայկական հարցի բովանդակութիւնը: Սահմանադրական իրաւունքներից խօսող երիտթուրքական իշխանութիւններն ամեն բան հաշուարկել էին` չկայ ժողովուրդ, չկայ Հայկական հարց, չկայ ժառանգորդ, չկայ պահանջատէր: Չարահնար ծրագրի հեղինակները վստահ էին, որ իսպառ պիտի բնաջնջուի հայութիւնը, երկրէ երկիր ցրուելով` անյիշատակ ու անհետ պիտի վերանայ պատմութեան ասպարէզից»11: Վեհափառ Հայրապետն անընդունելի եւ անհեթեթ է համարում նաեւ Հայոց ցեղասպանության՝ թուրքական մերժողականության մաս կազմող «շահերի անհամատեղելիության» սնանկ վարկածը: Նա հիմնավորում է, որ ցեղասպան Թուրքիայի միակողմանի նպատակադրումն է եղել՝ բռնի ոչնչացնել հայ ժողովրդին, եւ այդ նպատակին հետամուտ «Օսմանյան Թուրքիան, օգտվելով Առաջին աշխարհամարտի պատեհությունից, Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայի հայաշատ վայրերում իրականացրեց հայաջնջման իր հրեշավոր ծրագիրը»12:

 Անվերապահ մերժելով «ուրացության» կամ «գիտակցված մոռացության» ցանկացած դրսեւորում՝ Գարեգին Բ. Կաթողիկոսը փաստում է. «...երբ մի ողջ ազգ կառավարության կողմից տեղահան է արվում իր հայրերի հողից ու կոտորվում, մարդկության դեմ կատարված այդօրինակ ոճիրը կոչվում է ցեղասպանություն (ընդգծումը.– Ա. Ք.)»13:

 Վեհափառ Հայրապետը հավաստում է նաեւ, որ թուրքական կառավարության մշակած եւ սառնասրտորեն իրականացրած զանգվածային ջարդերն ու բռնությունները մեր ժողովրդի պատմության ամենածանր, կորստաբեր եւ արյունալի ողբերգությունն են, որոնք ժամանակին չդատապարտվեցին, քանի որ քաղաքական կյանքում երկակի չափանիշներով առաջնորդվող պետությունների կողմից «թաղվեցին գիտակցված անտարբերության» մեջ, իսկ «արդարության պահանջով տոգորված ձայներն այդպես էլ լսելի չեղան միջազգային քաղաքական հանրությանը»14: Այնինչ, պնդում է Գարեգին Բ. Կաթողիկոսը, Մեծ եղեռնի ճանաչումը յուրատիպ «բարոյական պարտք» է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ բոլոր այն պետությունների եւ միջազգային կառույցների համար, որոնք ԺԹ. դարի երկրորդ կեսին զինվորագրվել էին «Հայկական հարցը լուծելու» քաղաքականությանը: Եւ չնայած որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ ցեղասպանությունը հայ ժողովրդի, նրա մշակույթի, լեզվի, ազգային զգացմունքների, կրոնի եւ գոյության տնտեսական հիմքերի համակարգված ու ծրագրավորված ոչնչացումն էր, այդուամենայնիվ, երկակի չափանիշների կիրառման արդյունքում, նրանք ցեղասպանության հարցը վերածեցին յուրահատուկ աշխարհաքաղաքական գործոնի: Դա է եղել նաեւ այն հիմնական պատճառը, որ հայերի կոտորածների մահասարսուռ օրերին շատերը չէ, որ առաքինություն ու քաջություն ունեցան ընդվզելու Աստծու եւ մարդկության դեմ գործվող ոճիրի դեմ, իսկ «փոքրաթիվ ազնիվ.... անհատների ցասումն ու զգաստացնող կոչը, որպես մարդկության տրոփող խղճի աղաղակ, խեղդվեց Առաջին աշխարհամարտի որոտներում, անարձագանք կորավ հզոր տերությունների մեծ քաղաքականության ոլորաններում»15:

 Կորավ, սակայն չթաղվեց անհետ եւ մի յուրահատուկ բարոյական արժեչափ դարձավ քաղաքակիրթ աշխարհի համար: Այդ առնչությամբ Հայոց հայրապետը հավաստում է, որ խաղաղասեր ու ստեղծագործ հայ ժողովուրդը «չարը բարիով հաղթելու վստահությամբ, հավատով ու հույսով» է նայել գալիքին եւ լիահույս է եղել, որ «ազգային խտրականութիւնը, ազգերի իրաւունքների ոտնահարումներն ու բռնութիւնները, ազգամիջեան անհանդուրժողականութիւնը, ժողովուրդների դէմ գործուող յանցանքները բացառելու կամքի եւ ձգտումի արտայայտութիւնը պիտի լինեն Հայոց ցեղասպանութեան համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը»16: Եւ այդ հույսով ու հավատով, սակայն «Եղեռնի չապաքինուած ցաւը եւ Հայ դատի արդար պահանջը սրտում», հայ ժողովուրդն այսօր կերտում է իր նոր ու ազատ կյանքը եւ «իր կորուսյալ երկրի պատկերը» վերակենդանացրել է՝ հայրենիքում կառուցելով Նոր Արաբկիր, Նոր Խարբերդ, Նոր Զեյթուն, Նոր Կիլիկիա, Նոր Մալաթիա17:

 Ըստ Հայոց հայրապետի՝ այդ ամենը մեկ անգամ եւս հավաստում է, որ հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ցեղասպանությունը լոկ պատմական տարեգրություն չէ, այլ դարձել է «արձանագրված կենդանի իրականություն»: Ցավը սրտում՝ հայ ժողովուրդը պայքարել է նաեւ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների եւ ազգահալած քաղաքականության ցանկացած դրսեւորման դեմ: Վեհափառ Հայրապետը, միջազգային քաղաքական հանրությանը հասանելի դարձնելով «վերքն ու ցավը արարող ուժի վերափոխող» եւ արդարության պահանջով տոգորված հայ ժողովրդի ձայնը, մեկ անգամ եւս հիշեցնում է, որ «...եղեռնահար մեր ժողովուրդը չդադարեց յուսալ համընդհանուր դատապարտումը մեր նախնեաց դէմ գործուած եղեռնագործութեան՝ վասն արդարութեան բողոքի իր ձայնը միշտ հնչեցնելով ի լուր աշխարհի, որպէսզի նման ողբերգութիւններն այլեւս երբէք չմթագնեն մարդկութեան կեանքը»19:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցույց է տալիս, որ «վերընձյուղվելու աստվածատուր իր շնորհով» եւ ապագայի անսասան տեսիլքով հայ ժողովուրդը «հառնեց մահվանից», հաղթահարեց ցեղասպանության հետեւանքները եւ վերակերտելով իր ապագան՝ «Հայրենիքի փրկուած հողակտորի վրայ վերականգնեց պետականութիւնը, աւերակներից ու խլեակներից վերակերտեց հայրենի երկիրը, դարձրեց գիտութեան, կրթութեան, մշակոյթի, «լոյսի եւ յոյսի հայրենիք»: Վեհափառ Հայրապետը միաժամանակ բարձրաձայնում է, որ «միջազգային հանրությունը դեռեւս բարոյական պարտք ունի Հայոց ցեղասպանության դատապարտման գործում», եւ արթնության կոչով դիմում է հանրությանը. «Թող հայ ժողովրդի մարտիրոսական փորձառությունը՝ իբրեւ չարչարանաց դառն օրինակ, եւ դրա դատապարտումը՝ իբրեւ արդար անդրադարձ, պարզվեն լուսավորյալ բոլոր մարդկանց առաջ.... Այս լուսավոր հիշատակի վրա է, որ Մենք այսօր հույսով առլեցուն դիմում ենք միջազգային հանրությանը՝ գեթ մի պահ անդրադառնալու այն գիտակցված թմբիրին ու մոռացությանը, որով արդեն մեկ դար պարուրված է պատմության սրտի մեջ երկսայր դաշույնի պես խոր մխրճված դառը պատմական փաստը՝ Հայոց Մեծ եղեռնը»20: Վեհափառ Հայրապետը նաեւ հորդորում է դատապարտել մարդկության դեմ կատարված բոլոր եղեռնագործությունները եւ լիահույս պնդում է․ «Հավատացած ենք, որ մարդկային խղճին նույնիսկ մի պահ անդրադարձը կարող է փոխել այն անտարբերությունն ու շահարկվող վերաբերմունքը, որն այսօր առկա է կատարված ու դեռ շարունակվող ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների հանդեպ»21:

 Մարդկության դեմ ուղղված ոճիրների միջազգային դատապարտման խնդիրը Հայոց հայրապետը կարեւորում է նաեւ այն շարակարգում, որ «Հայոց ցեղասպանության դատապարտումը նույնքան անհրաժեշտ է բոլոր ժողովուրդներին, որ դարավոր երազ ունեն հաշտության, խաղաղության, փոխվստահության, բարի կամեցողության (ընդգծումը.– Ա. Ք.)»22: Նա նշում է, որ թեեւ մի շարք պետություններ, նշանավոր պետական, հասարակական ու մշակութային գործիչներ ընդունել են Հայոց ցեղասպանության իրողությունը, սակայն դեռեւս իր հաղթանակին է սպասում եղեռնագործությունը դատապարտող համամարդկային արդարությունը, քանի որ՝ «Ութ տասնամյակից ավելի տեւած կեղծ հակահայկական քարոզչությունը, վավերագրերի ու փաստաթղթերի ոչնչացումը դարձավ, արդի ցեղասպանագետներից մեկի բնորոշմամբ, «ժամանակակից աշխարհում համընդհանուր անգիտության ու մոռացության ամենահաջողված օրինակը» (Ս. Կոհեն, Երուսաղեմի Եբրայական համալսարան): Եւ այսօր էլ՝ Հայոց Մեծ եղեռնից շուրջ հարյուր տարի անց, դեռեւս առկա են արդարության ու սեփական մեղքի գիտակցման զգացումները խեղդող սուտ ու մտացածին պատճառաբանություններ (ընդգծումը.– Ա. Ք.)»23:

 Ի հակադրություն ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը մերժելու սնանկ պնդումներին՝ Հայոց հայրապետը հիմնավորում է, որ հայոց բնաջնջման ցեղասպանական ծրագիրն ունեցել է պետական հրահանգավորում եւ իրագործվել է պետականորեն օրինականացված գործողություններով: Անվերապահ պաշտպանելով հայ ժողովրդի արդար իրավունքները՝ Գարեգին Բ. Կաթողիկոսը մատնանշում է, որ ԺԹ. դարավերջին եւ Ի. դարասկզբին հոգեվարք ապրող Օսմանյան կայսրության տարածքում հայերի ոչնչացման գաղափարը դարձել էր պետական քաղաքականություն եւ անկախ վարչաձեւից՝ իրագործվել է նպատակադիր ու հետեւողական կերպով: Վեհափառ Հայրապետը մեր ժողովրդի ողբերգական պատմությունը եւ Մեծ եղեռնի հարցը շաղկապում է «համամարդկային արդարության» գաղափարի հետ եւ տեղափոխում «համամարդկային դաշտ»: Նշյալ մոտեցումը նա բացատրում է նրանով, որ հայոց պատմության այդ սեւ տարեգրությունը «արիւնալի եւ անլուր ողբերգութեան մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաեւ ազգերի պատմութեան մէջ» եւ այդ պատճառով էլ «սեւ խարանով դաջուեց մարդկութեան պատմութեան էջերում»24:

 Վեհափառ Հայրապետը միանգամայն վստահ պնդում է, որ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ազգային խտրականութիւնը, ազգերի իրաւունքների ոտնահարումներն ու բռնութիւնները, ազգամիջեան անհանդուրժողականութիւնը, ժողովուրդների դէմ գործուող յանցանքները բացառելու կամքի եւ ձգտումի արտայայտութիւն...»25: Իսկ նման իրականություն կերտելու արմատական քայլերից մեկը, վստահեցնում է նա, համայն հայ ժողովրդի արդարացի իրավունքների պաշտպանությունն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստում է, որ թեեւ մեր դատը դեռեւս չի հաղթանակել, սակայն ջանքերն ամենեւին էլ անարդյունք չեն, քանզի «Հայոց ցեղասպանությունը դատապարտած առանձին մարդասեր անձանց այսօր փոխարինում են պետություններ, Եկեղեցիներ, միջազգային ու եկեղեցական կազմակերպություններ: Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման՝ մեր ժողովրդի արդար պահանջը թեեւ ոչ անհրաժեշտ հզորությամբ, բայց բազմաձայն դառնալու ուժականությամբ արձագանք է գտնում նաեւ Թուրքիայում: Այս ամենը մեր ժողովուրդը մեկդարյա պայքարով է ձեռք բերել, միայնակ տոկացել, համբերել բազում նեղությունների, հանձն առել զոհողություններ, դրսեւորել նվիրում, հավատքի գերագույն ուժ եւ գործադրել մեծագույն ջանքեր՝ իր կյանքը վերընձյուղելու եւ բարձրացնելու, իր արդար դատը աշխարհին լսելի դարձնելու համար»26:

 Գարեգին Բ. Կաթողիկոսը նաեւ նկատում է, որ ցեղասպան երիտթուրքերի կամ նրանց ժառանգների կողմից ժխտողականությունը բարոյական ծանրագույն հարված է ոչ միայն եղեռնը վերապրածների, այլ նաեւ խաղաղ եւ բարօր կյանքով ապրելու ձգտում ունեցող համայն մարդկության համար: Նա նաեւ հիմնավորում է, որ ցեղասպանության կամ մարդկության դեմ բռնի որեւէ արարք չպետք է անպատիժ մնա, իսկ նման հանցագործությունների դատապարտումն ու կանխարգելումը որոնում է միջազգային համագործակցության ոլորտում: Ահա թե ինչու Հայոց հայրապետը միանգամայն հիմնավոր պնդում է. «Անմեղ կյանքեր խլող եղեռնագործությունները, անկախ դրսեւորման ձեւերից ու եղանակներից, հանցագործություն են մարդկության դեմ եւ խստագույնս դատապարտելի: Դրանց դեմ պայքարը՝ իբրեւ դարի մարտահրավեր, պարտքն է յուրաքանչյուր ժողովրդի, պետության, միջազգային հանրության եւ կառույցի (ընդգծումը.– Ա. Ք.)»27:

 Շեշտելով, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը միաժամանակ պետք է հորդոր լինի ցեղասպանությունների համընդհանուր դատապարտման եւ մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելման գործում՝ Վեհափառ Հայրապետը, վերահաստատելով այդ հարցում Հայաստանի ու հայ ժողովրդի հանձնառությունը, նկատում է, որ ցավ ի սիրտ՝ Մեծ եղեռնի միջազգային դատապարտության գործընթացը դեռեւս հեռու է իր հանգրվանային կացությունից: Իր ժողովրդի շահերը բարձրաձայնող Հայոց հայրապետը վստահեցնում է. «Արդարութեան համար՝ մինչեւ մեր դատի յաղթանակ, միասնաբար՝ Եկեղեցի, Ազգ եւ Պետութիւն, աննահանջ պիտի շարունակենք մեր պայքարը: Արդարութիւն է պահանջում մեր անմեղ զոհերի արիւնը, մեր ժողովրդի կրած տառապանքը, արդարութիւն են պահանջում մեր աւերակուած սրբութիւնները, մեր ժողովրդի ոտնահարուած իրաւունքները, նաեւ՝ կեղծուող եւ խեղաթիւրուող պատմութիւնը մեր ժողովրդի»28:

 Վերոնկարագրյալը վկայում է, որ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է գալիս իբրեւ ցեղասպանություն ապրած ժողովրդի ու նրա բյուրավոր նահատակների ոգեղենության ընդհանրական ներկայացուցիչ: Նա իր անսասան հավատքի դիրքերից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բարձրաձայնել է ե՛ւ միջազգային տարբեր կառույցների բարձր ամբիոններից, ե՛ւ պետական ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ, ե՛ւ միջեկեղեցական ու միջկրոնական գործակցության, նաեւ անձնական նախաձեռնությունների ոլորտներում:

 Մեր ուսումնասիրած նյութի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ համազգային դատը հետապնդելու եւ հայ ժողովրդի հավաքական հիշողությունն ի լուր ամենքի հնչեցնելու գործին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ձեռնամուխ է եղել իր օծումից անմիջապես հետո: 2000 թ. օգոստոսին ՄԱԿ-ի Կրոնական եւ հոգեւոր առաջնորդների` Հազարամյակի աշխարհի խաղաղության գագաթնաժողովում աշխարհի կրոնական խճանկարը ներկայացնող պատվիրակությունների ներկայությամբ բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության հարցը՝ Վեհափառ Հայրապետը հայտարարել է. «Հոգեւոր ու բարոյական հավերժական արժեքների, ճշմարտության, ազատության, արդարության եւ իրավունքի ոտնահարումը մշտապես դուռ է բացում տարաձայնությունների ու հակամարտությունների համար: Միայն վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է համաշխարհային երկու պատերազմ: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին եւ գրեթե նույնքան տարագրվեցին իրենց պատմական հայրենիքից»29: Գագաթնաժողովի մասնակիցներին նա հիշեցրել է նաեւ, որ մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, եւ այդ պատճառով է, որ Հայոց ցեղասպանությունը լռության մատնելը չարիք դարձավ պատմության հետագա ընթացքի համար: Հայոց հայրապետը իրավամբ նկատել է. «Եթե միայն մարդկային հասարակությունը ուժ եւ քաջություն ունենար կանխելու այդ կոտորածը կամ ցեղասպանությունից հետո դատապարտելու այդ եղելությունը, Հիտլերը, վեց միլիոն հրեաների ողջակիզումը նյութելիս, հնարավորություն չէր ունենա հայտարարելու. «Ո՞վ է հիշում հայկական կոտորածները»: 85 տարի անց Հայաստանը եւ ողջ աշխարհում սփռված հայությունը դեռեւս սպասում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու համընդհանուր դատապարտմանը, որ որպես արդարության հաղթանակ` նույնքան անհրաժեշտ է աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ նաեւ թուրք ժողովրդին, քանզի չարիքը բացառելու ճանապարհը չարիքի մերժումն է մեր հոգիներում»30:

 Այդ նպատակին են ծառայել նաեւ 2000 թ. նոյեմբերի 9-ին եւ 2001 թ. սեպտեմբերի 27-ին Կաթոլիկ Եկեղեցու Հովհաննես-Պողոս Բ. պապի եւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի համատեղ հայտարարությունները, որոնցում հաստատվել է Հայոց ցեղասպանության իրողությունը31:

 Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում հետեւողական դիրքորոշման անուրանալի մեկ այլ վկայություն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2001 թ. ապրիլի 24-ի ուխտը Դեր Զորում: Այդ առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշում է. «Իրականացրինք մի անկատար ուխտ, որ իղձն ու ցանկությունն էր անցնող Ի. դարի լուսահոգի Հայոց հայրապետների, անկատար մի ուխտ, որ իղձն ու երազանքն էր հայրենաբնակ մեր ժողովրդի, որովհետեւ անցած 86 տարիներին հնարավորություն չընձեռվեց, նրանք հնարավորություն չունեցան գալ Դեր Զոր` ծնրադրելու այդ սուրբ հողին, աղոթք բարձրացնելու առ Աստված, խնկարկելու նրանց անմահ հիշատակին: Ահա՛, Հայոց հայրապետների օրհնությունն եմ բերել, ոչ միայն անցած դարի 132 Ամենայն Հայոց հայրապետների օրհնությունը, այլ նաեւ մեր ժողովրդի սերը: Հայրենիքի սերն ու օրհնությունը մեր հոգում ծրարած` ուխտի ենք եկել: Եկել ենք այդ օրհնությունը ծածկույթ դարձնելու Դեր Զորի անապատների վրա, որպեսզի այդ օրհնության ներքո նրանք հանգչեն խաղաղ ու հանգիստ, որպեսզի խաղաղվեն նրանց հոգիները` տեսնելով, որ իրենց երազները մարմին են առել եւ իրականություն են դարձել՝ ի դեմս Ազատ, Անկախ Մայր Հայաստանի (ընդգծումը.– Ա. Ք.)»32:

 Եւ ոգեկոչելով մարտիրոսության ուղին ընտրած բյուր նահատակների հիշատակը՝ Գարեգին Բ. Կաթողիկոսն ասում է. «Մենք այս առիթով մեզ հետ հայրենիքից բերել ենք հող, որպեսզի Սուրեն Սրբազանն այդ հողը շաղ տա Դեր Զորի աճյունների վրա, որ նահատակները հանգիստ հանգչեն հայրենի հողի ներքո: Բերել ենք նաեւ ջուր Ս. Էջմիածնից: Գիտենք, որ տասնյակ մղոններ անցած մեր նահատակները պապակ են, եւ հավատացած ենք, որ Ս. Էջմիածնից բերված այդ ջուրը պիտի նրանց պապակը մարի.... Նահատակաց մատուռին բերել ենք մի խաչ, որից լույս պիտի ճառագի նահատակներին, եւ նրանք պիտի այսուհետեւ հանգիստ հանգչեն (ընդգծումը.– Ա. Ք.)»32: Գարեգին Բ. Կաթողիկոսը վկայում է նաեւ, որ համայն հայության սպասումն է, որ խոսի արդարությունը, եւ դատապարտվի հայերի ցեղասպանությունը, քանզի՝ «Ցավի ու տրտմության մեջ մարդ չի կարող ստեղծարար կյանքով ապրել: Ուրախությունը, բերկրանքը, սերը հոգում ծրարած անհատն է զորեղ, արի եւ ունակ հրաշագործելու»34:

 Նորին Սրբությունը համոզված է նաեւ, որ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու հետեւանքով մարդկության դեմ նման վայրագությունները շարունակական կլինեն: Եւ հորդորում է նման անտարբերությանը վճռապես հակադարձել. «Մենք ապրում ենք պատմական բարդ ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության մեջ ավելի է խորանում երկակի չափանիշների կիրառումը, որը շատ հաճախ պայմանավորված է ոչ թե արդարության բարձր զգացումով, այլ տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերով ու նախապատվություններով»35: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ միջազգային դատապարտման անհրաժեշտությունը բարձրաձայնել է նաեւ տարբեր երկրների պետական ու քաղաքական գործիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում36:

 Հայ ժողովրդի իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման ջատագով Վեհափառ Հայրապետը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի ծրագրած անթիվ հալածանքները, տեղահանությունները, զանգվածային կոտորածներն ու ավերներն սկսվել են անհամեմատ ավելի վաղ37 եւ իրագործվել են քաղաքակիրթ Արեւմուտքի ուղեկցող հայացքի ներքո: Եւ դատապարտելով ցեղասպանությունը ժխտելու ցանկացած փորձ՝ բարոյական մոտեցման դիրքերից նա պնդել է, որ աստվածային պատվիրաններին դեմ գործած ցանկացած բռնություն չունի եւ չի կարող ունենալ արդարացում: Վեհափառ Հայրապետը նաեւ բարձրաձայնել է, որ իբրեւ զանգվածային բռնության եւ ոչնչացման քաղաքականություն՝ ցեղասպանությունը մերժելի ու դատապարտելի է ոչ միայն իրավական, այլ նաեւ պատմական, բարոյական, քաղաքակրթական ու այլ տեսանկյուններից: Այդ շարակարգում Նորին Սրբությունը հավաստել է, որ ցեղասպանության մերժումը նույնպես յուրատիպ հանցագործություն է, ցեղասպանությունն արդարացնող գաղափարախոսություն եւ քարոզչության տրամաբանական շարունակություն: Դրանով իսկ մերժման քաղաքականությունը վերածվում է ցեղասպանություն վերապրողների հոգեբանական վերականգնմանը խոչընդոտող երեւույթի: Վեհափառ Հայրապետն ընդգծում է նաեւ, որ «Թուրքիայի համար նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչումը պիտի դառնար մարդկային իրավանց եւ ժողովրդավարության իրական նվաճում՝ առանց որի Թուրքիան պիտի դժվարանա կառուցել ազատ, արժանապատիվ ու երջանիկ կյանք»38:

 Աներկբա է, որ միջազգային ամենատարբեր հարթակներում, տարբեր երկրների խորհրդարաններում, պետական, քաղաքական ու հոգեւոր գործիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում եւ միջազգային գիտաժողովներում Հայ դատի ու պահանջատիրության առնչությամբ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետեւողական գործունեությունը եւ գնահատականները նպատակ են հետապնդել հասարակական կարծիք ստեղծելու Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու համար: Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը չափազանց հստակ է. եթե ցեղասպանությունը չի պատժվում, ապա չկա նաեւ որեւէ երաշխիք, որ այն կրկին չի իրագործվի որպես քաղաքական եւ տնտեսական խնդիրներ լուծելու միջոց: Այդ դիտանկյունից նա լիահույս է, որ եղեռնագործի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու համարժեք փոխհատուցումը պատմական դաս կլինի ներկա եւ ապագա բոլոր հայատյացների համար: Դաս առ այն, որ քաղաքական հարցերը հանցավոր ճանապարհով լուծելու նման եղանակն անխուսափելիորեն հարվածելու է հենց իրենց:

 Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների վերականգնման եւ այդ հարցում պատմական արդարության հաստատման հետեւողական գործունեության բնութագրական մեկ այլ օրինակ է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնյա-սոցիալիստական միություն խմբակցության կողմից Բունդեստագ ներկայացված դիմումի վերաբերյալ Գարեգին Բ. Կաթողիկոսի դիրքորոշումը: Դիմումով առաջարկվում էր ոգեկոչել «Հայերի՝ 1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած տեղահանությունների եւ կոտորածների 90-ամյակը եւ նպաստել հայերի եւ թուրքերի հաշտությանը»: Արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը՝ Վեհափառ Հայրապետը ողջունում, իր գնահատանքն ու օրհնությունն է բերում նախագծի հեղինակներին: Բայց նաեւ իրավացիորեն պարզաբանում է, որ դիմումի մեջ հիշատակված «կոտորածներ» եւ «մահվան երթեր» սահմանումները չեն կարող հարցի արդարացի լուծում համարվել, քանի որ «Օսմանյան կայսրության տարածքում թուրքական իշխանությունների կողմից հայ բնակչության ոչնչացումը եղել է ծրագրված պետական քաղաքականություն եւ բնութագրվում է որպես «աղետալի ջարդարարություն», որպես «բնաջնջում» կամ «հիմնահատակ ոչնչացում», որը միջազգային օրենքների համաձայն՝ հանդիսանում է «ոճրագործություն ընդդեմ մարդկության» (crime against humanity)39:

 Նա վկայում է նաեւ, որ այդ ճանապարհով են ընթացել 16 երկրի օրենսդիր մարմինները, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի հիման վրա ճանաչել եւ օրենքով հաստատել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Այդ բովանդակությամբ 1983 թ. սկսյալ հայտարարություններ է կատարել Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) եւս: 2000 թ. «Հայկական ցեղասպանություն» բանաձեւում է ընդունել նաեւ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին: 1987–2005 թթ. ընթացքում նույն բովանդակությամբ չորս բանաձեւ է ընդունել նաեւ Եւրոպական խորհրդարանը: Պնդելով, որ «Հայ ժողովրդի հոգում ցեղասպանության ցավը վերստին արթնանում է Թուրքիայում ցեղասպանության պաշտոնական ժխտմամբ, ինչպես նաեւ թուրքական ժխտումը արդարացնելուն կամ նույնիսկ մեղմելուն միտված երրորդ կողմի բոլոր փորձերով»՝ Գարեգին Բ. Կաթողիկոսը Գերմանիայի Բունդեստագին գրում է. «Քրիստոնյա-դեմոկրատական եւ Քրիստոնյա-սոցիալիստական միության դիմումագրի մեջ բացակայում է «ցեղասպանություն» բառը: Հետեւաբար՝ դիմումագիրը արդար չէ իր իսկ առջեւ դրված նպատակի հանդեպ, որ է՝ նպաստել հայերի եւ թուրքերի միջեւ հաշտեցմանը: Երկու ժողովուրդների հաշտությունը կարող է տեղի ունենալ միայն պատմական ճշմարտության ճանաչման հիմքի վրա: Գերմանիան իր նպաստը կարող է բերել՝ ընդունելով իրավական արժեք ունեցող հայտարարություն, որով ընդգծվի, որ Հայոց Մեծ եղեռնը ցեղասպանություն է՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի (ընդգծումը.– Ա. Ք.)40»:

 Վերոնշյալ հարցին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաեւ 2006 թ. սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած Համաշխարհային եւ ավանդական կրոնների կրոնապետերի երկրորդ համագումարում, որտեղ նրա կողմից բարձրացված՝ ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության պնդումն ընդունվել է ծափողջույններով41: Առավել բնութագրական է 2006 թ. հունիսին Ստամբուլում Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Գարեգին Բ. Կաթողիկոսի մամուլի ասուլիսը, որտեղ «Իրեն ուղղուած բազում հարցերուն Վեհափառը կը պատասխանէր վճռակամ ու Հայրապետին յատուկ քաջութեամբ. «Ցեղասպանութիւնը պատմական փաստ է. մեզի համար վիճարկելի հարց չէ Եղեռնը»: Պատմութեան ձայնը կարձագանքէր Վեհափառի հոգիէն: Ազատ աշխարհի մէջ նոյն խօսքը չէր կրնար ունենալ նոյն կշիռը, քան այն տեղին մէջ, որտեղ նահատակներու ոգին կը սաւառնէր՝ լսելու համար արդարութեան ձայնը.... Նահատակներու կտակէն բխած նոր կտակը կը բերուէր առաւել բոցավառելու յաւերժական կրակը, որը ուրիշ բան չէ, եթէ ոչ արշալոյսուող նոր Հայաստանը՝ Ս. Էջմիածնի ժայռին վրայ խարսխուած»42:

 2007 թ. աշնանը Ամերիկա կատարած հովվապետական այցելության շրջանակում Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԱՄՆ 110-րդ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, նշել է. «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, ցեղասպանություն, որի հետեւանքները դեռեւս ապրում է ողջ աշխարհը՝ ցեղասպանության նորանոր դրսեւորումներով»43: Խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել նրան եւ այն կոնգրեսականներին, որոնք քաղաքական խիզախություն են դրսեւորել եւ հանձնառու են դարձել հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը44:

 Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրապետը, քաջ գիտակցելով սիրո, եղբայրության, ժողովուրդների բարեկամության, խաղաղ եւ ապահով կյանքի արժեքը, մեկ անգամ չէ, որ կոչ է ուղղել բոլոր ազգերին ու երկրներին՝ առաջարկելով «...համընդհանուր դատապարտության արժանացնել պատմության մեջ կատարված եւ ներկայիս իրագործվող բոլոր ցեղասպանությունները, որպեսզի իշխանության կրողները անդրադառնան պատասխանատվությանը եւ հետեւանքներին այն բոլոր ոճիրների, որ գործվել եւ գործվում են Աստծու ստեղծագործության նկատմամբ, եւ որ այդ իրողությունների մերժումը նույնքան մեծ անարդարություն է, որքան իրագործումը»45: Գարեգին Բ. Կաթողիկոսը բազմիցս բարձրաձայնել է նաեւ այն մասին, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը կնպաստի ապահով եւ արդար աշխարհի կերտմանը: Արտահայտելով աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնական կամքը՝ նա հավաստել է. «...Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին՝ անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա նահատակությունների հանդեպ, գործադրելու առավել ջանքեր՝ դադարեցնելու եւ կանխելու համար մարդկության դեմ գործվող ոճիրները: Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակության արմատից»64: Դա առավել կարեւոր է նաեւ այն պատճառով, մատնանշել է Վեհափառ Հայրապետը, որ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի այլ վարչակարգերի կողմից Ի. դարասկզբին ծրագրված ու գործադրված հրեշավոր ոճրագործությունների եւ «եղեռնագործությունների ալիքը չշրջանցեց նաեւ Օսմանյան կայսրության ազգային ու կրոնական մյուս փոքրամասնություններին, ինչպես՝ եղբայրական հույն եւ ասորի ժողովուրդների զավակներին»47:

 Հայ Եկեղեցու բարձրագույն նվիրապետը ցեղասպանության հարցին անդրադարձել է նաեւ ազգային մշակույթի ոչնչացման հոլովույթում: Այդ դիտանկյունից նա պնդել է, որ ցանկացած ժողովրդի ազգային ինքնությունը այլ բան չէ, քան ինքնանույնացում նրա ներկայի եւ անցյալի հետ, որ ինքնությունը յուրահատուկ «հոգեւոր ու հասարակական հիշողություն է», «Արարչի կողմից ազգությանը տրված անանց բարոյական արժեհամակարգի» պահապանը, որը ձեւավորում է նաեւ ազգային մշակույթն ու կենսաձեւը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայոց ցեղասպանությունն ուղեկցվել է նաեւ ազգային մշակույթի ոչնչացմամբ: Այդ առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշել է. «Ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում ուղեկցվեց նաեւ մշակութային եղեռնով: Բազմաթիվ սրբավայրեր՝ եկեղեցիներ, վանքեր, մենաստաններ, հոգեւոր ու մշակութային նվիրական արժեքներ անդառնալիորեն ոչնչացվեցին»48: Ապա հավելել է, որ այդ ամենի արդյունքում «Թալանուեց դարերով ստեղծուածը, արդար վաստակը մեր ժողովրդի: Խոնարհուեցին ու աւերուեցին հազարաւոր մեր վանքերն ու եկեղեցիները, ազգային հաստատութիւնները, դպրոցները, ոչնչացուեցին եւ կորստեան մատնուեցին մեր հոգեւոր ու մշակութային արժէքները»49: Նա սրտի ցավով փաստում է նաեւ, որ հայ ժողովրդին պատուհասած եղեռնագործությունը «...ողջ աշխարհով մեկ սփռեց ու ցրեց նաեւ նրա բազմադարյա մշակույթի հրաշքով փրկված բեկորները՝ կիրառական արվեստի նմուշներից մինչեւ համաշխարհային քաղաքակրթության գանձերը համալրած ռոսլինյան ձեռագիր մատյանները»50:

 Վերոնշյալը նկատի ունենալով՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսները, 2013 թ. ապրիլի 24-ի համատեղ հայտարարությամբ կոչ ուղղելով Թուրքական պետությանը, պահանջեցին՝ «1. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 2. Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, 3. Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին՝ որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները»51:

 Եւ իբրեւ ամենի տրամաբանական հանգուցալուծում՝ պետք է դիտարկել նաեւ Հայ Եկեղեցու կողմից 2015 թ. ապրիլի 23-ին «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ցեղասպանության նահատակ-վկաների սրբադասումը: Այդ առնչությամբ Վեհափառ Հայրապետը հավաստել է. «Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենարար նոր շունչ, շնորհ եւ օրհնություն է բերում եկեղեցական ու ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգեւոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում՝ Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլեւս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն52»:

ԱՎԵՏԻՍ ՔԱԼԱՇՅԱՆ Փիլիսոփայական գիտ. թեկնածու, դոցենտ

Աղբյուրը՝ «Էջմիածին», 2019, ԺԱ, էջ 100-118


1 «Էջմիածին», 2015, Դ., էջ 37: 2 ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), Ս. Էջմիածին, 2010, էջ 324: 3 «Էջմիածին», 2014, ԺԲ., էջ 6: Վեհափառ Հայրապետը փաստում է նաեւ՝ «1915 թուականին աւերն էր թագաւորում, սարսափն ու մահը հայոց բնակավայրերում: Փլւում էր տունը հայի գլխին, այրւում էր հողն իր մշակի ոտքի տակ, ակօսը գերեզման էր դառնում, եկեղեցին՝ անբարբառ յուշարձան: Եփրատի ափերից մինչեւ Արաքսի հովիտներ, Սեւ ծովից մինչեւ Միջերկրական՝ ձորերը լցուեցին հայ մարդկանց դիակներով, գետերը՝ արիւնով: Թալանուած ու տանջահար անզէն ժողովուրդը՝ կին, մանուկ ու ծեր քշուեցին անջուր անապատ, եւ նրանց վերջին աղօթքի ունկնդիրը եղաւ տօթակէզ քամին». «Էջմիածին», 2005, Դ., էջ 4: 4 «Էջմիածին», 2001, Ե., էջ 36: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրում է՝ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու հետեւանքներից մեկն էլ այն է, որ «…իբրեւ այս ամենի տրամաբանական ողբալի հետեւանք՝ պատերազմի ու արյան ձայներն այդպես էլ չլռեցին աշխարհում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ու դրանից հետո ընդհուպ մինչեւ Ի. դարավերջ հասնող ցեղասպանություններն ու նախճիրները շարունակեցին արատավորել մարդկային աստվածատուր մտքի լուսավոր ձեռքբերումներով պսակված համաշխարհային պատմության ճակատը». «Էջմիածին», 2014, Թ., էջ 23: 5 ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 319: 6 Անդ, էջ 326: Այս հարցում համահունչ է նաեւ միջազգային հեղինակավոր կուսակցություններից մեկի՝ Եւրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական հանձնաժողովի 2015 թ. մարտի 3-ի «Հայոց ցեղասպանությունը եւ եւրոպական արժեքները» բանաձեւը, որը Թուրքիային առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դրան հետեւող ունեզրկման իրականությունը, «ինչպես նաեւ նյութական եւ բարոյական հատուցումներ ապահովել՝ իրականացնելով եւրոպական երկրին վայել քաղաքականություն». տե՛ս «Հայաստանի Հանրապետություն» (օրաթերթ), 4 մարտի 2015 թ.: 7 «Էջմիածին», 2014, Թ., էջ 23: 8 «Էջմիածին», 2014, Թ., էջ 23: 9 «Էջմիածին», 2015, Դ., էջ 23: 10 Անդ, էջ 24: Այդ առնչությամբ Գարեգին Բ. Կաթողիկոսը նշում է. «Բարոյականությունը, որ պիտի լինի հիմնամուր սյունը հասարակական կյանքի եւ պետությունների քաղաքականության, դժբախտաբար, այսօր հաճախ զոհաբերվում է աշխարհաքաղաքական շահերին: Նման հանցավոր դիրքորոշման ու վերաբերմունքի հետեւանքները ողբերգական են բազմաթիվ ժողովուրդների համար». անդ: 11 ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 320: 12 Անդ, էջ 326: 13 «Էջմիածին», 2001, ԺԲ., էջ 23: Վեհափառ Հայրապետը նշում է. «Մեր ժողովուրդը բազմադարյա իր կենսագրության մեջ շատ ու շատ է աղետահարվել ու կորուստներ կրել, բայց առանձնակի ցավ են տասնինը եւ քսաներորդ՝ լուսավորյալ համարվող դարերում թուրքական կառավարության մշակած եւ սառնասրտորեն իրականացրած ջարդերը, որ ուղղված էին «Հայկական հարցի» «լուծմանը»՝ չկա հայություն, չկա Հայկական հարց սկզբունքով: Շուրջ 1.5 միլիոն հայ սրի քաշվեց, զոհ գնաց սովին ու հիվանդություններին». ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 326: 14 Տե՛ս «Էջմիածին», 2014, Թ., էջ 22: 15 ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 326: 16 Անդ, էջ 324–325: 17 Տե՛ս անդ, էջ 328: 18 «Էջմիածին», 2009, Դ., էջ 4: 19 «Էջմիածին», 2014, ԺԲ., էջ 6: 20 «Էջմիածին», 2014, Թ., էջ 24: 21 Անդ: 22 ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 327: 23 «Էջմիածին», 2014, Թ., էջ 22–23: 24 Տե՛ս Գ ԱՐԵԳԻՆ Բ. Կ ԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ Հ ԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 326, 324: 25 ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 324–325: 26 «Էջմիածին», 2014, Ե., էջ 12–13: 27 «Էջմիածին», 2015, Դ., էջ 24: Արտահայտելով ցեղասպանության ճանաչման գործում հայ ժողովրդի սպասումները՝ Վեհափառ Հայրապետը հավաստում է. «Ցեղասպանութիւն վերապրած մեր ժողովուրդը հաւատացել եւ հաւատում է, որ տասնեակ երկրների, պետական, հասարակական կազմակերպութիւնների ու անհատների կողքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, պիտի կանգնեն նորերը՝ համոզումով, որ արդարութեան հաստատումը պայմանն ու երաշխիքն է թշնամանքից եւ բռնութիւնից զերծ խաղաղ աշխարհի». «Էջմիածին», 2014, ԺԲ., էջ 7: 28 «Էջմիածին», 2014, ԺԲ., էջ 6–7: 29 «Էջմիածին», 2000, Թ., էջ 9: 30 Անդ: Վեհափառ Հայրապետն ի լուր ամենքի հավաստել է. «Մենք հավատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ու դատապարտվի բոլոր պետությունների կողմից.... քանզի ոճիրի դատապարտումն է այն ճանապարհը, որով պիտի կանխվեն դրանց հետագա կրկնությունները, բռնություններն ու ահաբեկչությունները». «Էջմիածին», 2004, Զ., էջ 19–20: Նա միաժամանակ վստահեցրել է. «Այս հավատով մեր ժողովուրդը աղոթող է, որպեսզի ոչ մի ժողովուրդ էլ չտեսնի ցեղասպանության ողբերգությունը: Այսօր, երբ շատ պետություններ, միջազգային ու պետական կազմակերպություններ ճանաչում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, Մենք հավատում ենք, որ այս մեծ ոճիրի համընդհանուր ճանաչումը դառնալու է մարդկային կամքի դրսեւորում՝ մերժելու բռնություններն ու պատերազմները». «Էջմիածին», 2005, Զ., էջ 16–17: 31 Տե՛ս «Էջմիածին», 2000, ԺԱ., էջ 11, 2001, Թ., էջ 29: 32 «Էջմիածին», 2001, Դ., էջ 32: 33 Անդ, էջ 30: Վեհափառ Հայրապետը նաեւ ասել է. «Արդարեւ, սիրելինե՛ր, բազմիցս խաչվելով չէ, որ խաչակից ենք Քրիստոսին, այլ որովհետեւ հարություն ենք առել, մահը կյանքով ենք ոտնակոխել եւ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի օրինակով ամոթապարտ թողել մեզ խաչողներին: Մեր ժողովրդի տարագիր զավակները ստեղծարար իրենց կյանքը վերընձյուղեցին աշխարհի տարբեր երկրներում եւ քրիստոնյա հայի ազնիվ ու օրինավոր նկարագրով հարգանք ու վստահություն վաստակեցին ամենուր: Այդ նույն քրիստոնյա հայը` հաց ստեղծող, արհեստավոր, վաճառական, բժիշկ ու ճարտարապետ, 0սմանյան Թուրքիայում անցնող դարասկզբին մահվան դատապարտվեց, քանզի բնիկ ու տոհմիկ ժողովուրդն էր Արարատի երկրի, քանզի դարերով վկայել ու վկայում էր իր հավատարմությունը Քրիստոսին ու Նրա սիրույն, որով մերժել էր չարը ու հաղթել մահեր». անդ, էջ 29: 34 Անդ, էջ 33: 35 «Էջմիածին», 2014, Ե., էջ 13: 36 Տե՛ս «Էջմիածին», 2001, Ե., էջ 23, Ժ.–ԺԱ., էջ 29, ԺԲ., էջ 21, 2002, Զ.–Է., էջ 9, 2004, Զ., էջ 16: 37 Տե՛ս «Էջմիածին», 2009, Դ., էջ 3–4: 38 ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 334: Նորին Սրբությունը նաեւ փաստում է, որ «ուրացման քաղաքականություն» որդեգրած Թուրքիան երիտթուրքերի ցեղասպան վարչակարգի «իրավահաջորդի իրավունքով» այսօր եւս շարունակում է նույն քաղաքականությունը: Վկայությունը Քեսաբի 2014 թ. էթնիկական զտումներն էին եւ հայաթափումը: Այդ առնչությամբ Վեհափառ Հայրապետը բարձրաձայնում է. «Ներկայիս ազգային մեր կյանքի մտահոգություններից է շարունակում մնալ Մերձավոր Արեւելքում, հատկապես Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակների դժվարին կացությունը: Վերջին շրջանում նոր տագնապ են հարուցել Քեսաբում, Թուրքիայի աջակցությամբ, ծայրահեղական զինյալների ծավալած ռազմական գործողությունները: Հայաբնակ շրջանի ավերումը եւ հայ բնակչության տարհանումը շարունակությունն են հայ ժողովրդի հանդեպ որդեգրած թուրքական նույն ոճրագործ քաղաքականության, որին պիտի կարողանանք դիմակայել պետական, եկեղեցական, ազգային մեր կառույցներով՝ միասնական ջանքերով պաշտպանելով մեր ժողովրդի իրավունքները (ընդգծումը.– Ա. Ք.)». «Էջմիածին», 2014, Դ., էջ 9: 39 Մանրամասները տե՛ս ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ , Հատընտիր պաշտոնականք (1999–2009 թթ.), էջ 335–336: 40 Տե՛ս անդ, էջ 337: Այս շարակարգում, անկասկած, չափազանց կարեւոր իրադարձությունների շարքում պետք է դասել Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցների՝ Ավստրիայի (Ավստրո-Հունգարիա) 2015 թ. ապրիլի 22-ի (տե՛ս «Արմենպրես», 24 սեպտեմբերի 2015 թ.) եւ Գերմանիայի կողմից «1915 թ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման մասին» 2016 թ. հունիսի 2-ի բանաձեւերի ընդունումը (տե՛ս «Արմենպրես», 2 հունիսի 2016 թ.): 41 Տե՛ս «Էջմիածին», 2006, Թ., էջ 18: Բնութագրական է նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի կողմից 2006 թ. Մոսկվայում կազմակերպված 49 երկրի կրոնական առաջնորդների ու հոգեւոր ներկայացուցիչների գագաթնաժողովում Գարեգին Բ. Կաթողիկոսի հավաստումն այն մասին, որ «Մենք պետք է խոստովանենք, որ մինչեւ մեր կողմից չեն դատապարտվի պատմական բոլոր չարագործությունները մարդկանց եւ ազգերի նկատմամբ, ավերածություններն ու ցեղասպանությունները, մենք կշարունակենք մնալ դրանց կրկնության վտանգի առջեւ, ինչի վկաներն էլ մենք հաճախ դառնում ենք այսօր». «Էջմիածին», 2006, Է.–Ը., էջ 7: 42 «Էջմիածին», 2006, Զ., էջ 55: Ասուլիսի ամբողջական նյութը տե՛ս անդ, էջ 28–33: 43 «Էջմիածին», 2007, ԺԱ., էջ 24–25: 44 Տե՛ս անդ, էջ 25: Այդ օրն էլ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը: Արժանահիշատակ է նաեւ, որ 2014 թ. ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 12 կողմ, 5 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 410 բանաձեւը, որը, ցավոք, Կոնգրեսի հավանությանը չարժանացավ: 45 Տե՛ս «Էջմիածին», 2008, Ե., էջ 7: Իսկ Հռոմի քահանայապետական Սալեզյան համալսարանում Վեհափառ Հայրապետը նաեւ մատնանշել է. «Այսօր էլ Թուրքիայում շարունակվում է մշակութային եղեռնը: Այն, ինչ չէր ավերվել ցեղասպանության տարիներին, ավերվում է այսօր: Լավագույն դեպքում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների կամ ծառայեցվել են տնտեսական նպատակներով». անդ, էջ 11: 46 Տե՛ս «Էջմիածին», 2015, Դ., էջ 21: 47 Անդ, էջ 26: 48 Անդ, էջ 27: 49 «Էջմիածին», 2014, ԺԲ., էջ 6: 50 «Էջմիածին», 2000, Թ., էջ 39: Հայոց հայրապետը «մշակութային վանդալիզմի» անուրանալի վկայություն է համարել նաեւ ներկայիս Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար մարզի տարածքում գտնվող հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան հազարավոր հուշարձանների՝ վաղքրիստոնեական մշակույթի հնագույն եզակի արժեքների բարբարոսական ոչնչացումը: Եւ «բարբարոսության այդ դրսեւորման» մասին նա աներկբա հավաստել է. «Մշակութային եղեռնի նման երեւույթը, նաեւ հայոց գերեզմանների պղծումը երբեք չեն կարող նպաստել մեր ժողովուրդների բարի կամեցողության ու խաղաղասիրության ոգու զորացմանը». «Էջմիածին», 2003, Ժ.–ԺԱ., էջ 23: 51 «Էջմիածին», 2013, Դ., էջ 7: 52 «Էջմիածին», 2015, Դ., էջ 34–35: Նորին Սրբությունը հավելել է նաեւ. «Ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսության անդրանիկ հայցով այսօր Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որ Իր օրհնության ներքո անխռով պահպանի մեր ժողովրդին ու համայն մարդկությանը, որ հագենա արդարության ծարավի հոգին մեր ժողովրդի, որ աստվածային ողորմությամբ արդարության եւ ճշմարտության շողերը փայլատակեն աշխարհում ու ցրեն մարդկության կյանքն ալեկոծող ոճիրների, եղեռնագործությունների խավարը, եւ եղբայրության ու համերաշխության մեջ մարդկությունը կերտի իր բարօր, երջանիկ կյանքը». անդ, էջ 35: