Գարեգին Բ Վեհափառի գահակալության 18 տարիներին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության
18-րդ տարեդարձն է:

Այս տարիների ընթացքում հայրապետական իր առաքելությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծավալել է բազմաթիվ ուղղություններով:

Կրթություն: Վեհափառ Հոր ջանքերով վերաշխուժացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունները` Սևանի Վազգենյան դպրանոցը և Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Այսօր արդեն Գևորգյան ճեմարանը պետականորեն ճանաչված Աստվածաբանական համալսարան է՝ եռաստիճան կրթական համակարգով: Գարեգին Բ Հայրապետի նախաձեռնությամբ 2012թ.-ից Հառիճավանքի ընծայարանը կրկին բացեց իր դռները: Այսօր Թրբանճյան ընծայարանը գործում է ավագ դպրոցի կարգավիճակով:
Երևանում և մարզերում բացվել են Հայորդյաց տներ, որտեղ ուսանում են հարյուրավոր երեխաներ:
Հանրակրթական դպրոցներում ուսուցանվում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, գործում են տասնյակ կիրակնօրյա դպրոցներ, Էջմիածնում գործում է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը:
Մայր Աթոռում կառուցվել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնը:

Մշակույթ: Մայր Աթոռում բացվել է «Ռուբեն Սևակ» թանգարանը: Կառուցվել է «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան-գրադարանը:
Գարեգին Բ Հայրապետի գահակալության տարիների ընթացքում Հայ Եկեղեցու բազմաթիվ վերանորոգված շինությունների թվում են նաև Խրիմյան թանգարանը և Մայր տաճարի թանգարանը:

Սոցիալական: Մայր Աթոռում բացվել է Սոցիալական ծառայության գրասենյակը, գործում են բարեգործական ճաշարաններ:
Երևանում բացվել է Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը: Այն ծառայեցվելու է որպես վերականգնողական, սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն` ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար:

Հոգևորականներն այսօր իրենց ծառայությունն են բերում ՀՀ Զինված ուժերում և կալանավայրերում: Հոգևորականների՝բանտերի հոգևոր ծառայության հետ մեկտեղ իրականացվում է կալանավորների ընտանիքների աջակցության ծրագիրը:
Եկեղեցականները նաև պարբերաբար այցելում են հիվանդանոցներ, ծերանոցներ, ԲՈՒՀ-եր, իրականացվում են քարոզչական բազմաբնույթ ծրագրեր, գործում են եկեղեցասեր երիտասարդաց միություններ:

Ներեկեղեցական: 2015թ. Հայ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին:
Գարեգին Բ Հայրապետի գահակալության տարիներին վեցդարյա ընդմիջումից հետո գումարվել է Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, ստեղծվել է Հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակ, ստեղծվել են նոր թեմեր, ձեռնադրվել է շուրջ չորս հարյուր եկեղեցական:

Եկեղեցաշինություն: Գարեգին Բ. Հայրապետի գահակալությունից հետո օծվել են նորանոր եկեղեցիներ, դրվել են նոր եկեղեցիների հիմքեր: Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր շարունակվում են ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: