Գարեգին Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց – 10 մտորումներ

Garegin Erkrord 237 - Գարեգին Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց – 10 մտորումներ

1. «Աստվածային կամքին համաձայն ընթացքն է կանգուն պահում աշխարհը և կյանքը զարդարում սիրով, խաղաղությամբ, արդարությամբ, ճշմարտությամբ, որոնք Աստված շարունակ աճեցնում է հավատավոր հոգիներում: Քրիստոսով նորոգության վկայությունն է, որ մենք՝ իբրև քրիստոնյաներ, պիտի բերենք աշխարհում: Քրիստոնյայի կյանքը ներգործուն առաքելություն է մարդկանց և աշխարհի հանդեպ: Քրիստոսի փրկագործությունը օրինակ է համամարդկային և ազգային բարիքի հաստատման մեջ տեսնելու սեփական առաքելությունը և միասնության մեջ կերտելու երջանկության, առաջընթացի, ձեռքբերումների ուղիները: Այսպես կյանքը ինքնանպատակ լինելուց դառնում է նվիրում, աշխատանքը՝ արարում, գիտությունը, տաղանդը՝ համընդհանուր բարիք, իշխանությունը՝ ծառայություն ժողովրդին, իսկ մարդու երկրավոր, անցողիկ կեցությունը՝ բաղձանք ու ձգտում դեպի հավիտենություն»:

2. «Հավատի միջոցով Աստծո հետ ունեցած կենդանի հաղորդությամբ է զորություն գտնում մարդկային հոգին, պահպանում պատկերն ու նմանությունն իր Արարչի, որ ճշմարիտ ակունքն է ամենայն բարու և բարիքի»:

3. «Հայրենիքին պարտք ենք ամենքս, մշտապես: Հայրենիքը միշտ իրավացի է` սկիզբ և ինքնություն պարգևող իր զորությամբ, իր զավակներին միավորող խորհրդով: Հայրենիքի առջև զինաթափ ենք բոլորս»:

4. «Երիտասարդ սերնդի ազգային ոգով կրթությունը և հայրենի սրբազան արժեքներով դաստիարակությունն է գրավականը մեր ժողովրդի գոյության հարատևության»:

5. «Հիշենք վերստին և ամրագրենք մեր հոգում, որ հավատն է մեր ծառայության` մեր զինվորության գլխավոր զենքը, և միասնությունը` նրա ուժը։ Աստվածապավինությունից և առ Տերը հավատից են բխում մեր հույսն ու վստահությունը ապագայի հանդեպ, մեր սերը միմյանց, մեր Եկեղեցու ու Հայրենիքի հանդեպ, որով մեզ համար սիրելի ու հեշտ են դառնում նաև մեր պարտականությունները։ Հավատով ու սիրով զոդված միասնությունից են ծնունդ առել մեր բոլոր հաղթանակները»:

6. «Հայրենասիրությունը պարտք չէ, այլ` մարդու բնական հատկություն, մարդկային էություն, մարդկային երջանկություն։ Հայրենասիրությունը շնորհ է, քանզի կարող է լինել, երբ մեր հոգում կա Աստված, Հայրենիք ու հայրենյաց սրբություններ»։

7. «Ամենամեծ վտանգը, որ կարող է սպառնալ ազգին և հասարակությանը, բարոյական ուժերի կորուստն է»։

8. «Քրիստոնեական բարոյականի վերածնունդը այսօր համազգային խնդիր է և յուրաքանչյուրիս մտահոգության առարկա, քանզի առանց սիրո, առանց ազնվության, արդարամտության ու օրինավորության միայն կարճատև կարող են լինել բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները, տնտեսությունը` զուրկ ազատ ու ներդաշնակ զարգացումից, գիտությունը` հեռու կյանքի առաջընթացին ծառայելու իր կոչումից, արվեստը` անհոգի ու միայն նմանակող։ Առանց Փրկչի ոչինչ հարատև ու երջանկաբեր չենք կարող ստեղծել»։

9. «Մեր ամեն խոսք և գործ կա՛մ վաճառում է ճշմարտությունը, կա՛մ հաստատում այն։ Կա՛մ խոցում է դիմացինի սիրտը, կա՛մ ամոքում ու մխիթարում, կա՛մ ավերում է, կա՛մ կառուցում, կա՛մ խավար է ծնում, կա՛մ լույս։ Չլինենք ճշմարտության վաճառողներ այն զինվորների պես, որ կաշառվեցին ու սուտ վկայություն տվեցին, թե աշակերտներն են տարել Հիսուսի մարմինը, այլ անկաշառ հոգով, արդար սրտիվ և Հարության անխառն հավատով մեր Եկեղեցու խորաններում հաղորդվենք Աստծո Միածին Որդու կենդանարար մարմնին ու արյանը։ Ով ճանաչել է Ճշմարտությունը, խավարը չի ցանկա։ Ով քայլել է ճշմարտության ճանապարհով, խավարում չի դեգերի»։

10. «Արարող է սերը, որ ունենք մեր հարազատների հանդեպ, մեր ավելի մեծ ընտանիքի՝ Սուրբ Եկեղեցու, մեր Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Միշտ հավատացեք, որ այդ սիրով գործված ձեր բոլոր գործերը Աստծուց օրհնված՝ ուրախություն ու երջանկություն են պարգևելու ձեզ ու ձեր մերձավորներին, ծառայելու են պայծառությանն ու շինությանն ազատ մեր երկրի, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և այս ճանապարհով՝ մարդկությանը»: