Ո՞վ էր Ենոքը

Ի վերին Երուսաղէմ,
ի բնակարանս հրեշտակաց, ուր Ենովք եւ Եղիաս
կան ծերացեալ աղաւնակերպ ի դրախտին Եդեմական
պայծառացեալ արժանապէս:
(Հոգեհանգստյան շարական)

 Ենոքը՝ «յոթներորդը Ադամից սկսած» (Հուդա 1:14), Աստվածաշնչի ամենահանելուկային կերպարներից մեկն է: Սուրբ Գրքում նրա մասին կարդում ենք. «Ենոքը ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի: Ենոքը սիրելի եղավ Աստծուն: Նա անհայտացավ, որովհետև Աստված նրան տարավ իր մոտ» (Ծննդոց 5:23): Պողոս առաքյալն էլ գրում է. «Հավատո՛վ Ենոքը փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի. և նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան տարել էր: Եվ նախքան իր տարվելը, նրան վկայություն էր տրվել, որ ինքը հաճելի է Աստծուն» (Եբր. 11:5):
Ենոք (եբր.՝ חנוך) նշանակում է նվիրյալ: Իսլամը Ենոքին է վերագրում գրի, աստղագիտության և մաթեմատիկայի ստեղծումը: Մահմեդական ավանդությունը ևս վկայում է այն մասին, որ Իդրիսը՝ նույն Ենոք մարգարեն, Աստծո կամոք մարմնով երկինք է համբարձվել և մահ չի ճաշակել: Բայց ո՞վ էր նա, ինչպե՞ս կարողացավ հաճելի լինել Աստծուն: Եթե հավատքն ունայն է առանց գործերի (հմմտ. Հակոբոս 2:20), ապա ի՞նչ արեց Ենոքը, որ Աստված այսքան սիրեց նրան:
Ըստ ավանդության՝ մի անգամ Ենոքը հարցնում է իր հորը՝ Հարեդին, թե ինչո՞ւ են բոլորն այսքան տխուր: Հարեդը պատմում է, որ պտղի ճաշակման պատճառով արտաքսվել են դրախտից, և Ենոքը վճռում է քավել իր պապերի մեղքը: Նա հրաշալի այգի է տնկում՝ դրախտի օրինակով: 64 տարի ապրում է այգում, մշակում այն, բայց այս տարիների ընթացքում չի ճաշակում և ոչ մի պտուղ, այլ ամբողջ բարիքը բաժանում է աղքատներին ու պանդուխտներին: Այլև երկաթե գդակ է դնում գլխին, որ նույնիսկ հայացքով չճաշակի մրգերը: Աստված՝ տեսնելով Ենոքի նախանձախնդրությունը, ուղարկում է հրեշտակներին, որոնք բարձրացնում են Ենոքին դրախտ: Այնտեղ է նա մինչև այսօր:
Սբ. Եվագր Պոնտացին գրում է. «Ապաշխարությունն ու խոնարհությունը կանգնեցնում են անձը, ողորմությունը և հեզությունը՝ ամրապնդում են նրան»: Այսպես, Ենոքն էլ գիտակցեց մեր անկումը, իր անձը խոնարհեցրեց աստվածային Սիրո առաջ, ապա խարանեց ծուլությունը և ողորմությամբ բարձրացավ, որովհետև «մեծ է թռիչքը ողորմության: Այն ճեղքում է օդը, անցնում է լուսնից վեր, վեր ելնում արևի ճառագայթներից՝ հասնելով բուն երկինք: Բայց այնտեղ էլ նա կանգ չի առնում, ընդհակառակը, անցնելով երկինքը՝ ընթանում է հրեշտակների դասերի միջով, հրեշտակապետերի կացարաններով և վեր ելնում բոլոր վերին զորություններից առավել՝ ներկայանալով հենց Թագավորի գահի առջև» (Սբ. Հովհան Ոսկեբերան):
Մենք էլ զորանանք հավատքի գործերով, սիրո վաստակով և հոյսի համբերությամբ (հմմտ. Թես. 1:3), քայլենք առ Աստված և աստվածահաճո սրբերից օրինակ վերցնենք, որպեսզի հասնենք մեր Տեր Աստծուն, որին փա՜ռք հավիտյանս. ԱՄԵՆ:

Պատրաստեց Թովմաս Առաքելյանը