Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԶՈՎՈՒՄ

  Հայ Եկեղեցում նզովք կամ նզովքի արարողություն գոյություն չունի և երբեք էլ չի եղել ոչ անցյալում և ոչ էլ ներկայումս: Մինչև այսօր հայտնի չէ որևիցէ կանոնական մի ժողով, ուր քննարկված լինի նզովքի մասին: Հայ Եկեղեցու Կանոնագրքում էլ նզովքի մասին որևէ տեղեկություն կամ որոշումներ չկան:

 Միայն Ձեռնադրության Մաշտոցում, կոչումի արարողության ընթացքում, ձեռնադրող եպիսկոպոսը ընծայալներին (այսինքն՝ նոր ձեռնադրվողներին) ուղղում է մի շարք հարցեր, որոնցից ոմանք վերաբերվում են Ընդհանուր Քրիստոնեական Տիեզերական ժողովների կողմից դատապարտված մոլորություններին:

 Ինչպես օրինակ, հականե անվանե հիշատակվում են քրիստոնեական վարդապետության հակառակ ուսմունք քարոզողները և ձեռնադրող եպիսկոպոսը հարց է տալիս նորընծաներին. «Նզովո՞ւմ ես Արիոսին, Մակեդոնին և Նեստորին» (այս երեքն էլ Տիեզերական Ժողովներում՝ գումարված 325, 381, 431 թվականներին, դատապարտվեցին իրենց սխալ ուսմունքների համար ներկա եղող Ընդհանուր Քրիստոնեական եկեղեցիների կողմից ու նզովվեցին) և եթե նորընծան համաձայն է, պատասխանում է՝ «Այո»:

 Դրանից հետո եպիսկոպոսը շարունակում է թվել մյուս մոլորեցնողների անունները և նորընծան նզովում է դրանց ևս: Ապա իր ուխտն է կատարում հետևելու Հիսուսի ճշմարիտ վարդապետությանը և կարդում է «Հավատքի դավանությունը»:

 Ուրեմն նզովքը հնից ի վեր միայն Հիսուսի Անձն ու բնությունը սխալ մեկնաբանողների և վարդապետողների դեմ է եղել:

 Կաթոլիկ Եկեղեցում գոյություն ունի ԲԱՆԱԴՐԱՆՔԸ (անաթեմա), որը համազոր է նզովքի, քանի որ բանադրվողը զրկվում է Եկեղեցու հաղորդակցությունից.

 Քահանայապետը կարող է Աթոռի կողմից բանադրանքներ դնել, երբեմն նաև Կաթոլիկ եկեղեցու դավանական սկզբունքներին հակառակ համարվող գրքեր արգելքի տակ են առնվել և պատվիրվել, որ հավատացյալները չընթերցեն դրանք ու չտարածեն:

Մեր Եկեղեցում նման երևույթ գոյություն չունի:

Գրառումը կատարեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը