ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔ. ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ

«ԱՍՏՎԱԾ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ Է ԵՎ ԱՅՆ ՄԱՐԴՈՎ, ՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՈՎ Է ԳՆՈՒՄ, ԵՎ ԱՅՆ ՄԱՐԴՈՎ, ՈՐ ՈՏՔՈՎ Է ԳՆՈՒՄ»
– Հայր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե արդյոք վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից:

 – Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՞րն է մարդու առաքելությունը և ո՞րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետեւ երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք՝ երկու մարդ ճանապարհ են ընկնում և գնում որևէ ուխտավայր:

 Մեկն ավտոբուսով է գնում, մյուսը՝ ոտքով, սակայն երկուսն էլ ունեն նույն նպատակը: Աստված ուրախանում է և այն մարդով, որ ավտոբուսով է գնում, և այն մարդով, որ ոտքով է գնում: Վատն այն է, որ այն մարդը, որ ոտքով է գնում, մեղադրում է ավտոբուսով գնացողին և հակառակը:

•••

 Բայց թող որևէ մեկը չկարծի, որ նրանք, ովքեր վանական են դառնում, կփրկվեն նրա համար, որ պարզապես վանականներ դարձան: Յուրաքանչյուր մարդ պետք է Աստծուն պատասխան տա, թե այն ճանապարհը, որ ընտրել է, սրբացրե՞լ է, թե՞ ոչ: Ամեն տեղ պատվախնդրություն է անհրաժեշտ:

 Աստված չի ստեղծում աշխատասեր և անհաջող մարդիկ, այլ՝ ով չունի պատվախնդրություն, ինչ ճանապարհ էլ ընտրի, անհաջող կլինի, մինչդեռ պատվախնդիր մարդն ուր էլ որ գտնվի, աճում և զարգանում է, որովհետեւ աստվածային շնորհն իր հետ է: Կան ամուսնացածներ, որ շատ առաքինի կյանքով են ապրում և սրբանում են: Որևէ ընտանիքի հայր, եթե սիրում է Աստծուն եւ հմայվում աստվածային սիրով, կարող է հոգևոր մեծ աճ ունենալ, ինչպես նաև օժտել իր երեխաներին առաքինություններով, ստեղծել գեղեցիկ մի ընտանիք և դրա համար Աստծուց կրկնակի վարձ ստանալ:

 Դրա համար ամեն մի երիտասարդ իր առջև պետք է նպատակ դնի պատվախնդրորեն պայքարել, որպեսզի սրբացնի այն ճանապարհը, որ պետք է ընտրի: Ուզո՞ւմ է ամուսնանալ, թող ամուսնանա, սակայն պայքարի՝ դառնալու համար ընտանիքի լավ հայր և ապրի սրբորեն: Ուզո՞ւմ է վանական կյանքով ապրել, թող դառնա վանական, սակայն պայքարի, որ դառնա լավ վանական: Թող չափի իր ուժերը և տեսնի, թե ինչ կարող է անել ու առաջ ընթանա երկու ճանապարհներից որևէ մեկով:

•••

 Իհարկե, կան երիտասարդներ, որոնցից Աստված չնայած որ քիչ է ուզում, սակայն նրանք, պատվախնդրությունից մղվելով, շատ են պայքարում եւ ընտրելով վանական կյանքը, Աստծուն ավելին են տալիս: Նրանք Աստծուց կրկնակի պսակներ կընդունեն: Այսինքն՝ եթե մեկը կոչված է ամուսնական կյանքի և, պատվախնդրությունից մղված, ցանկանում է ամեն ինչ զոհաբերել և ապրել վանական կյանքով, սա շատ կհուզի Աստծուն: Միայն թե ուշադիր պետք է լինի, որ իր դրդապատճառը շատ անկեղծ լինի և չշարժվի հպարտությունից մղված: Ճիշտ որոշումից հետո Աստված կվերացնի բոլոր դժվարությունները:

ՀՈՒՅՆ ՎԱՆԱԿԱՆ ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ
Հունարենից թարգմանեց Էդգար Սարկավագ Ծատուրյանը
(նյութն արտատպված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» պաշտոնաթերթից)
Աղբյուր՝ facebook.com/photo.php