Դեկտեմբերի 3 † Կիր. ԴԿ. Բ. կիր. Յիսնակի

Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Եսայի

22Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը։
37 Եզեկիա արքան, լսելով այս խօսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ մտաւ Տիրոջ տունը։ 2Այնուհետեւ Եղիակիմ հազարապետին, գրագիր Սոմնասին եւ ծեր քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամոսի որդու՝ Եսայի մարգարէի մօտ, 3որ ասեն նրան. «Այսպէս է ասում Եզեկիան. «Այսօր նեղութեան ու նախատինքի, կշտամբանքի ու բարկութեան օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։ 4Թող քո Տէր Աստուածը լսի Ռափսակի խօսքերը, որին ուղարկեց իր տէրը՝ Ասորեստանի արքան, որպէսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խօսքերով, որոնք լսեց քո Տէր Աստուածը։ Արդ, աղերսի՛ր քո Տէր Աստծուն մնացածներիս համար»։ 5Եզեկիա արքայի պաշտօնեաները ներկայացան Եսայուն։ 6Եւ Եսային ասաց նրանց. «Այս բանը կը հաղորդէք ձեր տիրոջը։ Այսպէս է ասում Տէրը. «Չվախենաս այն խօսքերից, որ լսեցիր, եւ որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաւորները։ 7Ահա ես արքայի մէջ խռովութեան ոգի կը սերմանեմ. լուր առնելով՝ նա կը վերադառնայ իր աշխարհը եւ իր երկրում սրի բաժին կը դառնայ»։ 8Ռափսակը իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լոբնան, վերադարձաւ ու հասաւ Ասորեստանի արքայի մօտ։ 9Եւ երբ եթովպացիների Թարակ արքան դուրս եկաւ սրան պաշարելու, նա յետ եկաւ այնտեղից եւ պատգամաւորներ յղեց Եզեկիայի մօտ՝ յայտնելով. 10«Այսպէ՛ս ասացէք Հրէաստանի Եզեկիա արքային. «Թող քեզ չմոլորեցնի Աստուած, որին դու ապաւինել ես՝ ասելով, թէ Երուսաղէմը չի մատնուի Ասորեստանի արքայի ձեռքը։ 11Բայց մի՞թէ դու չես լսել, թէ Ասորեստանի թագաւորներն ի՛նչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպէ՛ս կործանեցին նրանց։ Իսկ, ի՛նչ է, դու փրկուելո՞ւ ես։

Ա Թեսաղոնիկեցիներ

4 Ուրեմն, եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ եւ յորդորում Քրիստոս Յիսուսով, որ ինչպէս սովորեցիք մեզնից, այնպէս ընթանաք եւ հաճելի լինէք Աստծուն. եւ այդպէս էլ ընթանում էք, որպէսզի աւելի ու աւելի առաջ գնաք նոյն բանի մէջ։ 2Եւ գիտէք, թէ ինչպիսի պատուէրներ տուեցինք ձեզ Տէր Յիսուսով. 3որովհետեւ Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. 4ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով 5եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն։ 6Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է, ինչպէս որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք. 7արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան։ 8Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տուեց ձեզ։ 9Իսկ եղբայրասիրութեան մասին պէտք չէ ձեզ բան գրել, քանի որ դուք ինքներդ իսկ Աստծուց էք սովորել միմեանց սիրել. 10որովհետեւ այդ նոյնն անում էք բոլոր եղբայրների հանդէպ, որ գտնւում են Մակեդոնիայի բոլոր կողմերում։ Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ, որ առաւել եւս աճէք եւ առաջ գնաք, 11ապրէք խաղաղ եւ իւրաքանչիւրդ ձեր գործով զբաղուէք ու աշխատէք ձեր ձեռքերով, ինչպէս որ պատուիրել ենք ձեզ, որպէսզի պարկեշտութեամբ վարուէք դրսեցիների հետ եւ ոչ մի բանի կարօտ չլինէք։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ։ 2Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ 6Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ։ 7Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ 8Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։