Դեկտեմբերի 14 Եշ. Պահք: Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Առակներ 1.1-9։ Նաւում 2.1-6։ Հռոմէացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Առակներ

1 Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները 2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3ընկալել խօսքի բարդ դարձուածքները,հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ,իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։ 7Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է,որ բարի հանճար է բոլոր նրանց համար,ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։ 8Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատըեւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխինեւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին։

Նաւում

2 Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. 2քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ 3Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ 4Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ 5Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։ 6Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։

Հռոմէացիներ

5 Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն ունենանք Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, 2որի միջոցով էլ կարողացանք, հաւատով, մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծու փառքի յոյսով։ 3Եւ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, 4համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ 5Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ.

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

5 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 4- Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։ 5- Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։ 7- Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։ 8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։ 10- Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։ 11- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։