Դեկտեմբերի 12 Գշ. ԱՁ. Պահք: Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի` ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի` հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան

Astvacashunch yntercumner11 880x660 - Դեկտեմբերի 12 Գշ. ԱՁ. Պահք: Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի` ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի` հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան

Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ Երեմիա 16.16-21։ Գործք 1.12-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.6-13։

Իմաստութիւն Սողոմոնի

1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ։ Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։ 2Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։ 3Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։ 4Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։ 5Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։ 6Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը։ 7Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։

Երեմիա

16Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ 17Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։ 18Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։ 19Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։ 20«Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»։

Գործք

12Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ 13Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան։ 14Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

6Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ։ 7Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում։ 8Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց։ 9Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, 10այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»։ 11Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէ՛ք, մինչեւ որ այնտեղից ելնէք։ 12Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրեւ նրանց դէմ վկայութիւն»։ 13Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն։