Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

 ԱՄՆ Արեւմտյան թեմի Սուրբ Ղեւոնդյանց մայր տաճարում քարոզի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսել է Դադիվանքում ապրող հոգևորականների մասին. «Նրանք փակված են, վեց ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է և մուտքը, և ելքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգեւոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում։ Պատկերացրեք, մի պահ Ադրբեջանից զինվորներով շրջապատված, գիշերները կրակոցներով, աղաղակներով, անընդհատ փորձելով վախեցնել, որպեսզի լքեն այդ տարածքը, մեր Սրբատունը, բայց իրենք համառորեն այնտեղ են, դուրս չեն գալիս Հայոց Հայրապետի օրհնությամբ»,–ասել է Սրբազանը՝ նշելով, որ սա վկայում է մեր ցանկության, ուժականության մասին։

 Սրբազանը նաև նշել է, որ «Մեր ժողովուրդն ապրում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր ծանր եւ դժվարին իրավիճակում․ բայց ողջ ժողովուրդը, ազգը չի այդպես, ես չեմ ուզում, որ մենք մեզ խաբած լինենք։ Ազգի մի հատվածն է այդպես՝ գիտակցություն ունեցող հատվածը»:

«Դա քիչն է, բայց հենց քիչն է հաղթելու։ Քիչն է ճշմարտությունը և քիչն է հաղթանակողը։

 Պատերազմի օրերին ամեն վայրկյանն ապրեցիք ոչ միայն ցավի, այլ նաև հաղթանակի տեսիլքով։ Սա պիտի չվերջանա։ ՀԱՂԹԱՆԱԿԻ տեսիլքը պիտի ՉԱՎԱՐՏՎԻ, անկախ նրանից, թե մենք ինչ հանգրվանում ենք այսօր գտնվում։

Մեր ՄԱՅՐԸ հիվանդ է այսօր, խոցված է, բայց մեռած չէ։ Մենք իրավունք չունենք սպանելու նրան։ Այցելե՛ք, վերադարձե՛ք տուն։

Իմ խնդրանքն է ձեզ․ այսօր է ժամը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ավելի հաճախ վերադառնալու Հայաստան, վերադառնալու Արցախ»,- նշել է Սրբազան Հայրը:

Քարոզն ամբողջությամբ տեսանյութում՝