Ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավելևս Ամենայն Հայոց կաթողիկոսը. Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

 «Զարմանալի ոչինչ չկա: Մենք Վեհափառ Հայրապետների հայտարարությունները չենք մեկնաբանում, վերլուծում, կարծիք հայտնում: Վեհափառ Հայրապետն իր լիազորությունների, իր իրավասությունների, իր հեղինակության մեջ կատարել է հայտարարություն, որը ներդաշնակվում է այն հանգամանքի հետ, ինչն ինքը զբաղեցնում է: Ոչ մի աններդաշնակ բան չկա, ցանկացած հոգևորական նույնը կաներ, առավելևս Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ինչ է, կարծում եք՝ որևիցե հոգևորական կարող է որևիցե կալանավորի համար ասել չթողնեք բանտից դուրս գա՞: Նման բան կարո՞ղ է ասել հոգևորականը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հայտարարությանը, ըստ որի՝ նա կարևոր է համարում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Հարցին՝ տեսակետներ կան, թե ինչո՞ւ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերի և 2016թ. հուլիսյան իրադարձություններից հետո «Հաց Բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի դեպքում Ամենայն Հայոց կաթողիկոսը նույն կերպ չվարվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում բարձրաձայնում է, արդյոք խտրականություն չի՞ դրսևորում անձերի միջև, Սրբազանն այսպես մեկնաբանեց. «Այն ժամանակ կորոնավիրուսի համավարակը չկար: Վեհափառ Հայրապետի հայտարարությունը համավարակի կոնտեքստում է: Իսկ ո՞վ ասաց, որ այն ժամանակ Վեհափառը իր անհատական, անձնական զրույցներում նույն բանը չի ասել»,— նշեց Սրբազանը: Նշեն, որ NEWS.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում, մասնավորապես, ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Աղբյուր՝ www.lurer.com