Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

02.02 - Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 Փետրվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին տիկնոջ` Դեսիսլավա Ռադևայի հետ՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

Նորին Սրբությունը, ողջունելով Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին, գոհունակությամբ հաստատեց, որ այն նոր խթան պիտի դառնա երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ դեռևս միջնադարից եկող հայ-բուլղարական պատմական սերտ կապերն ամուր հիմք են միջպետական գործակցության հետագա զարգացման համար: Դրանում Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը փոխանցեց Բուլղարիայի իշխանություններին հայ համայնքի և Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքի համար, ինչը հնարավորություն է տալիս Բուլղարիայի հողում հաստատված պատմական համայնքին ազատորեն ապրելու հոգևոր-ազգային կյանքով և անքակտելի մասը կազմելու բուլղար հասարակության: Նորին Սրբությունը նշեց, որ անձամբ ականատեսն է եղել այդ իրողության Բուլղարիա կատարած հովվապետական այցի ընթացքում:

Իր հերթին նախագահ Ռադևը, շնորհակալություն հայտնելով Գարեգին Բ Կաթողիկոսին ընդունելության և քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, անդրադարձավ Հայաստան այցի արդյունքներին և իր տպավորություններին: Բուլղարիայի նախագահը նշեց, որ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-բուլղարական հարաբերությունների ընդլայնման համար:

Պրն. Ռումեն Ռադևն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների պատմության ընդհանրություններին` կարևորելով Եկեղեցու դերակատարությունը ազգային ինքնության ձևավորման, կրթության ու մշակույթի զարգացման գործում: Խոսելով Բուլղարիայում հայկական համայնքի մասին՝ նախագահն ընդգծեց, որ այն իր ուրույն դիմագիծն ունի, ամբողջապես ինտեգրվել է հասարակական կյանքին, և որ հայերը գտնվում են մշակույթի և այլ ոլորտների առաջատար դիրքերում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայաստանյայց Առաքելական և Բուլղար Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների մասին: Այս կապակցությամբ Հայոց Եկեղեցու Հովվապետն եղբայրական իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Եկեղեցու պետին` Նորին Սրբություն Նեոֆիտ Պատրիարքին: Վեհափառ Հայրապետը նաև հավաստիացրեց, որ ինչպես անցյալում, այնպես և այսուհետև երկու Եկեղեցիներն ամենայն ջանադրությամբ նպաստելու են հայ և բուլղար ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին մաղթեց արգասաբեր ծառայություն` ի պայծառություն Բուլղարիայի և ի բարօրություն նրա բարեսեր ժողովրդի: Նորին Սրբությունը նաև Բարձրյալի Ամենախնամ Աջի հովանին հայցեց Բուլղարիայի ժողովրդին և նրա առաջընթաց կյանքին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիեվան:

Բուլղարիայի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մայր Տաճար, ծանոթացավ Ավանդատուն-թանգարանում ցուցադրվող Հայ Եկեղեցու սրբություններին և եկեղեցական մշակույթի արժեքներին:

01.02 - Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին02.02 - Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին03.02 - Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին04.02 - Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին05.02 - Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին