Բարկության մասին. Երանելի Սարգիս Շնորհալի

«Բարկացողը չի ճանաչում Աստծուն, Նրա քաղցրությունները, ինչպես նաև դատաստանները, սպառնալիքներն ու հատուցումը, այդ պատճառով կա և մնում է իր կատաղության մեջ՝ հուզվելով, խռովվելով և այլոց համար էլ խռովության և հուզմունքի պատճառ հանդիսանալով:

Բազմաթիվ անգամներ տեսնում ենք վայրի գազաններ՝ արջեր, վագրեր, առյուծներ, որոնք ընտելացվելով՝ հանդարտվում են և մարդամոտ դառնում, իսկ բարկացկոտին՝ երբեք: Բազում անգամներ նույնիսկ ծովն ենք տեսնում հանդարտ ալիքներով և մոլեգնությունից մեղմացած, իսկ բարկացկոտին՝ երբեք: Նա անընդհատ կատաղության, վայրենության, անգթության և ամբողջովին ալեկոծության մեջ է, սիրելիների համար անողոք, բարեկամների համար անշողոքորթելի, խրատողների համար անուղղելի, ընտանիքի համար սուր է և մերձավորների համար խռովության պատճառ: Ինչպես կարիճը և քարբը, ում մոտենում՝ խայթում և վիրավորում են, այդպես է նաև բարկացողը, և նույնիսկ ավելի վատն է: Այլ ինչպես ընձառյուծների մասին են ասում, որ նրանց ճիրաններն ավելի ահավոր են հոշոտում, քան բերանները, այդպես են նաև սրանք, քանզի բարկության մագիլները մահ են և սպանություն, քանի որ չկա բնության համար առավել դառնագույն բան, քան բարկությունն է, որը ոչ միայն իր շրջապատին է դառնացնում, այլև իրեն ունեցողներին է չարաչար տանջում և մաշում: Ուստի ո՞ր դառը մաղձը կամ խիտ մաղասն է կարողանում այդքան վնասել մարմինը, որքան բարկության դառնությունը՝ հոգուն և մարմնին: Արդ, թեև այլ ախտերն էլ դատապարտության են տանում, սակայն որոշ չափով հեշտացնում են մեր զգայությունները, իսկ սա որքան հզորանում է, այնքան ցավ է պատճառում և աղավաղում է կերպարանքը: Հոնքերը կիտվում են և ներքև իջնում, երեսի գույնը դեղնում է և ապականվում, շրթունքները սևանում են և թառամում, քիթը երկար ու սուր է երևում, աչքերը կարմրում են, ձայնը խոժոռվում է ու թանձրանում, խոսքերը՝ ընդդիմացող և անցանկալի, ու տեսնողի աչքին նա ամբողջությամբ ահարկու և դժոխային է երևում: Նմանվում է վայրի և չընտելացված գազանի՝ բազմագլուխ, աչքերը հրաբորբոք և ահարկու, բերանի շունչը՝ բորբոքված հուր, իսկ լեզվի փոխարեն բերանում սրեր են կուտակված, կողերը երկաթյա և մագիլները՝ պղնձե և իր մեծությամբ կարծես մեծ բլուր լինի, թևերը հրեղեն՝ արծվի թևերի պես, ձայնն ահարկու և խռովարար՝ փողի ձայնի պես և բերանը բաց՝ պատրաստ բոլորին կլանելու:

Արդ, ո՞վ կարող է դրան տեսնելով չսարսափել և չփախչել կամ վախից չմեռնել: Այդպես է նաև բարկացողը և առավել չար, քան այս օրինակն է, քանզի ո՞ր գազանն է բարկացկոտից ավելի ահարկու կամ ո՞ր կրակը կարող է այդպես այրել չոր խոտը, ինչպես նա՝ ընկերներին, կամ ո՞ր երկսայրի սուրը այդպես կկտրի, ինչպես նա իր բերանի խոսքով, կամ ո՞ր արագաթև արծիվը կարող է այդպես բռնել իր որսին և պատառոտել, ինչպես որ նա է վնասում մարդկանց:

Ուրեմն, եթե կրակը մարելու համար ջուր է պետք, ապա բարկությունը մարելու համար պետք է նախ Աստծու երկյուղը և դատաստանի տանջանքների սպասումը, ապա հեզություն, խոնարհություն, սեր, համբերություն, հնազանդություն եղբայրներին, սեփական անձը բոլորից հետին և մեղավոր տեսնել, միևնույն ժամանակ պետք են նաև աղոթքներ ու արտասուք, անդադար Աստծուն աղաչել, որ ձեռք մեկնի և օգնության հասնի՝ հանելով քարեղեն սիրտը և մարմնեղեն տալով, որպեսզի առաջնորդի մեզ դեպի իր արդարության գործերը: Որի միջոցով կարողանանք գտնել հեզերի երկիրը և արժանանալ խոստացված բարիքներին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Նրա հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

Գրաբարից փոխադրեց
Գայանե ԹԵՐԶՅԱՆ