Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է

 Մեծ պահքի նախընթաց օրը կոչվում է Բուն Բարեկենդան: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:

 Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով եւ ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության՝ Զատկի տոնը:

 Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսբությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Լեռան քարոզում Քրիստոոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երեւալը եւ նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 17:6)

 Մեծ Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «Հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց»: (Ղուկ. 4:1-3):

 Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ եւ իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու օրը կոչվում է` Միջինքի օրը, պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

 Եկեղեցական տոնացույցի համաձայն, տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը: Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաեւ բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Շատ ավելի դյուրին է դիետա՝ որոշակի սննդակարգ պահել՝ նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար, քան պահք պահել՝ հոգեւոր ախտերից մաքրվելու նպատակով: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը:

 Պահքի կարեւորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռեւս դրախտում, եւ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17):

 Այդ նկատառումով հորդորում ենք Մեծ Պահք կոչվող ինքնաքննության եւ ինքնամաքրման այս շրջանը ապրել զգոն, արթուն պտղաբեր աղոթքով, ողորմությամբ, մերձավորի հանդեպ սիրով եւ հոգատարությամբ, եւ զինված հոգեւոր շնորհներով եւ առաքինություններով, գործել հոգեւոր սխրանքներ՝ փառավորելով Աստծուն եւ ամոթով թողնելով մարդկության թշնամուն՝ սատանային: Մեր անձնիշխան կամքը թող միշտ հաղթական լինի մեր բոլոր այն ցանկությունների դեմ, որոնք հակառակ են Աստծո կամքին, որպեսզի առողջ հոգով եւ մարմնով դիմավորենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Տ. Ահարոն քհն. Մելքումյան