Աջակցե՛նք «Սուրբ Ծննդյան հրաշքը մանուկներին» բարեգործական նախաձեռնությանը

 Սիրելիներ, մոտենում է Սուրբ Ծննդյան տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու և Աստծու` աշխարհում ներկայության տոնը։ Քրիստոսի Ծննդյան այս հրաշալի տոնի առիթով Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քհն. Թարվերդյանը և Խաչիկ գյուղի հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մատթևոսյանը նախաձեռնել են «Սուրբ Ծննդյան հրաշքը մանուկներին» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդի ներքո ևս մեկ անգամ հոգատարություն ցուցաբերել Հայաստանի հեռավոր բնակավայրերում ապրող անապահով ընտանիքների մեր փոքրիկներին և նպաստել Սուրբ Ծննդյան խորհրդի մեջ երկու ընտանիքների կամ անհատների մերձեցումը:

Ծրագրի ընթացքը.
Մինչև դեկտեմբեր 30-ը հիշյալ բնակավայրերի անապահով ընտանիքների մինչև 14 տարեկան երեխաների համար (ցանկը պատրաստված է հոգևոր հովիվների կողմից) պատրաստել փոքրիկ նվերներ, որպես Սուրբ Ծննդյան անակնկալ: Նվերին կցվում է նվիրատուի փոքրիկ բարեմաղթանքը անհայտ հասցեատիրոջը` Քրիստոս Հիսուսի աշխարհ գալու խորհրդի մեջ:

 Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ նախաձեռնող խումբը հոգևոր հովիվների առաջնորդությամբ կայցելեն ընտանիքներ` փոխանցելու պատրաստված նվերները: Նվեր ստացող փոքրիկը կամ ընտանիքը նույն խորհրդով պետք է պատասխան շատ փոքրիկ բարեմաղթանք գրի նվիրատուին:

Ծրագիրը կօգնի
1. Միանալ և մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի հրաշքին և աշխարհի փոփոխության Քրիստոսի առաքելությանը:
2. Ուշադրության արժանացնել հեռավոր գյուղերում ապրող և կարիքավոր փոքրիկներին:
3. Սուրբ Ծննդյան տոնը ուրախ անակնկալներով լցնել:
4. Սուրբ Ծննդյան խորհրդի մեջ նպաստել երկու անձերի կամ ընտանիքների մտերմությանը:
5. Օգնել ձևավորելու Սուրբ Ծննդյանը միմյանց բարեմաղթանքներ անելու մշակույթը:

Օժանդակող անձեր`
Աղան աբեղա Երնջակյան
Պարթև քահանա Մուրադյան (Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ)
Հարություն դպիր
Նվերները կարող եք հանձնել մինչև դեկտեմբերի 30-ը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում յուրաքանչյուր շաբաթ օր` երեկոյան ժամերգությունից հետո կամ կիրակի` Սուրբ Պատարագից հետո:
Հեռ` +374 93-77-23-62, +374 98-49-71-71