Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ

Bagrat Galstanyan 245 e1580391769582 - Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ

 «Աշխարհընկալման, գաղափարաբանական տեսակետից, ազգային ինքնության տեսակետից, պատմության գնահատման տեսակետից, իհարկե, պարոն վարչապետի ասածը չափազանց կարևոր հաստատում է և անբեկանելի ճշմարտություն, և չի կարելի բաժանել հայ ժողովրդի պատմությունը Հայ Եկեղեցու պատմությունից: Եվ ոչ միայն չի կարելի, այլև անկարելի է»,- ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 Panorama.am-ը դիմեց Բագրատ սրբազանին՝ խնդրելով մեկնաբանել հունվարի 25-ին Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքը. «… պատկերացնում եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը՝ բռնել եկեղեցու պատմությունը տարանաջել ազգի և պետության պատմությունից և առանձին դասավանդել: Սա ի՞նչ է, եթե ոչ քայքայիչ գործունեություն, ազգի ինքնության դեմ վարվող նեղ մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն»:

 Բագրատ սրբազանի խոսքով, խնդիրը վերաբերում է զուտ առարկայական կարգին, գիտակարգին. «Ինչպես շատ առարկաներ որպես գիտակարգ մատուցվում են առանձին-առանձին, այնպես էլ այս պարագային «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ ուղղակի անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ որպես գիտակարգ, որովհետև ուսումնասիրության առարկան տարբեր է»:

 «Հայ եկեղեցու պատմությունը միայն թվեր, տարեթվեր չեն, պատմական դեպքեր չեն: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Աստվածաշունչն է, դավանանքն է, ծիսակարգը, տոները, ավանդությունները ամբողջ շերտեր են, այն բոլորը, ինչ ամփոփում է և կարևոր արտահայտություն է մեր ինքնության ճանաչողության համար և հենց հայ ժողովրդի ընդհանրական պատմությունից չբաժանելու համար»,- ասաց Սրբազան հայրը:

 Նա ևս մեկ հարցադրում արեց. «Նույն համատեքստում նաև կարող ենք անդրադառնալ ուսուցանվող ամբողջ հայագիտական բլոկին, այսինքն հայոց լեզուն և գրականությունը հայ ժողովրդի պատմությունն են և հիմքը՝ որպես անբաժանելի և անտարանջատելի ճշմարտություն, բայց որպես առարկաներ կամ գիտակարգ դրանք տարբեր են և ուղղակի մեր մտքով երբեք չի անցնում, որ հայոց լեզուն պետք է միավորել հայ ժողովորդի պատմության կամ գրականության հետ որպես դասավանդվող առարկա, որովհետև դա բնական գոյավիճակ է, հասկանալի է, որ հայոց լեզուն և գրականությունը առանձին միավորներ չեն հայ ժողովրդի պատությունից, բայց որպես գիտակարգ՝ տարբեր են: Կարծում եմ՝ հարցը այս մոտեցումը պետք է ունենա»:

 Սրբազան հայրն ասաց, որ կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև ստեղծվել է զանազան ոլորտներին վերաբերող հանձնաժողովներ, ներառված է նաև կրթական ոլորտը՝ ի մասնավորի «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցը: Բագրատ սրբազանի խոսքով, սա քննարկման թեմա է, ռազմավարություն է, մի հարվածով որոշվելիք, լուծվելիք խնդիր չէ, կարծում է՝ հստակ ոչ մի կողմնորոշում, դիրքորոշում այս հարցի վերաբերյալ գոյություն չունի, նույնիսկ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում, ովքեր բազմիցս նշել են այս մասին:

 «Ենթադրենք ինչ-որ պատճառներով՝ ոչ միայն պատմությունից չտարանջատելու գաղափարից մղված, նաև այսօրվա մեր զանազան փորձագետները բազմաթիվ պատճառներ են նշում՝ իրավական կարգավորումներից սկսած, մինչև կրոնական քարոզչություն, «աշխարհիկ կրթության» սկզբունք, սահմանադրական իրավունքի խախտում, ազգային, կրոնական փոքրամասնությունների խտականությունների խնդիր՝ ներառելով այն հայ ժողովրդի պատմություն կամ գրականություն առարկայի մեջ միացնում են առարկաները, հարցադրումս հետևյալն է՝ այս ելակետից ո՞վ է սուրբ Գրիգոր Նարեկացին, ինչպե՞ս է դասավանդվելու հանրակրթական դպրոցում՝ որպես աղոթասա՞ց, գրական հեղինա՞կ, միստիկ աստվածաբա՞ն, վերածնունդի ռահվիրա՞, պատմական կերպա՞ր, քաղաքական գործի՞չ, գիտնակա՞ն, վերջապես հա՞յ, քրիստոնյա՞, դավանանք ունեցո՞ղ թե՞ անդավանանք կերպար: «Մատյան ողբերգությունը» ներկայացնում ենք որպես պոե՞մ, թե՞ որպես «Նարեկ» աղոթագիրք, աստվածաբանություն: Այս հարցի պատասխանը ինչպե՞ս պետք է տրվի այդ առարկայի շրջանակում: Ներկայացման խնդիր է առաջանալու, որովհետև եթե փորձենք ներկայացնել մեկ հատկանիշով վերոբերյալ «մտահոգությունները» ի նկատի ունենալով, կստացվի սուրբ Գրիգոր Նարեկացու պարագային ոչ ամբողջական և կեղծ կերպար ենք ներկայացնելու»:

 Բագրատ սրբազանը նշեց, որ հենց այսօր է եղել Դիլիջանի դպրոցներից մեկում, խոսել է աշակերտների հետ, ծանոթացել է ուսուցման կերպին, արդյունքներին:

 «Ես ևս մեկ անգամ կարող եմ վկայել այդ առարկայի անհրաժեշտության, կարևորության մասին մեր երեխաների կյանքում գիտելիքի, ինքնության ճանաչողության, ինքնաճանաչողության իմաստով: Այս բոլորն առկա են այդ առարկայում, միայն թվականներ չեն, չէ՞ և ոչ էլ պատմական դեպքերի շարահարություն: Եթե միայն թվականներ լինեին, մենք շատ խեղճ պատմություն պետք է ունենայինք, ոչ մշակութային, ոչ արվեստի բնագավառում հարստություն չունենայինք: Այս ամենը ամբարված են այս առարկայի ամբողջական ծրագրում: Եթե ծրագրի, դասավանդաման մեթոդաբանության, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստության հետ կապված և այլ խնդիրներ կան եկեք դրանք բարելավելու մասին մտածենք, այլապես, այդ ո՞ր առարկայի դասավանդումը խնդիր չունի այս տեսակետից: Բոլոր առարկաներն էլ խնդիրներ և բարելավման անհրաժեշտություն ունեն:

 Հարցեր են, որոնք պատասխանների կարիք ունեն, և այս հարցերը չլուծած, չձևակերպած, կարծում եմ, որևէ կերպով չենք կարող առաջ գնալ, և այո, կարիք ունեն բազմակողմանի քննության և վերլուծության ի շահ մեր ժողովրդի և պետության առաջընթացի և զարգացման»,- ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Աղբյուր` panorama.am