Այսօր արդեն

 Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգու՛յշ եղեք, չխռովվե՛ք, որովհետեւ պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, եւ թագավորություն՝ թագավորության դեմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Մատթ. (24:6 -7)
Մենք բազմիցս գրել ենք Տիրոջ նախազգուշացումների մասին, որի խոսքերի իրականությանը արդեն ականատես ենք եղել եւ լինում ենք. այսօր մարդկանց անհավատության պատճառով կրակի մեջ այրվում է ապականության մեջ խեղդված աշխարհը:
Ամենուրեք լսում ենք պատերազմի ձայներ, ահաբեկչությունը, թմրամոլությունը, սուտը, կռիվներն ու նախանձը, ընտանեկան անհավատարմությունը, անբարոյականությունը արդեն սովորական են դարձել մեզ համար, եւ անգամ չենք էլ մտածում, որ կորչում են ունայնության մեջ: Մարդիկ միմյանց գործերի հաջողություն են մաղթում, բայց երբ տեսնում են արդեն հաջողած մարդուն, նախանձից սկսում են տրտնջալ ու բողոքել, ոմանք էլ սրբությունից ու ազնվությունից են խոսում արտաքնապես, մինչդեռ ներսից շահամոլության ու քծնանքի ժահահոտություն է փչում: Հավատքն ու Սրբությունը քիչ-քիչ դուրս են մղվում մեր կյանքից` տեղը զիջելով անաստվածությանն ու նյութապաշտությանը: Հետեւելով Տիրոջ խոսքերին՝ մի բան կարծես պարզ է դառնում. մեղքի մեջ ուռճացած աշխարհը քայլ առ քայլ դեպի կործանում է գնում: Մարդկության անօրենությունների պատճառով դեռ շատ արհավիրքներ են սպասվում աշխարհին, եւ կշարունակվի այնքան, քանի դեռ նրանք չեն ապաշխարել: Մենք երկնքից ենք պատժվում, երկնքում փոքր-ինչ փոփոխություն ահռելի ազդեցություն է թողնում երկրագնդի վրա, սա՝ ըստ որոշ հայտնի գիտնականների. մարդ արարածը, մեղք գործելով, իրենից բացասական էներգիա է անջատում, որը արտացոլվում է տիեզերք եւ հետագայում բացասական ազդեցություն թողնում թե՛ գործողի, եւ թե՛ երկրագնդի վրա: Ուստի, այս ամենը տեսնելով, մեզ մնում է կառչել Հիսուսի հանդեպ ունեցած հավատից, հեռու մնալ մեռելոտի, մահացու, զազրելի մեղքերից եւ հավատարիմ մնալ բացարձակ ճշմարտությանը` Աստծուն, փախչել մեղքի խավարից` ինչպես օձի թույնից, ու գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, ապրել բարիք գործելով, մեր կյանքով հաճելի լինելով Արարչին: Կյանքը շատ կարճ է, ու եթե անմտությամբ ու անիրավությամբ անցկացնենք, վերջում` տառապանքով լեցուն մահվան մահճի մեջ, երբ մեր հոգին ավանդենք մահվան հրեշտակին, պիտի ցավերից հառաչենք ու ասենք` Ունայնություն ունայնությանց. այդ ժամանակ մեզ ոչ ոք եւ ոչինչ այս աշխարհում չի կարող փրկել. ո՛չ հարստությունն ու կարողությունները, ո՛չ մեր զավակները, ո՛չ մեր բարեկամ — հարազատները, եւ ո՛չ էլ բժիշկները, այլ միայն մեր հավատքը եւ դրանից բխած գործերն են, որ մեզ կամ կարդարացնեն, կամ էլ կդատապարտեն: Ոմանք հեգնանքով են նայում Սուրբ գրքին, հավիտենական կյանքին ու արդար դատաստանին` գերադասելով մնալ հոգեւոր խավարի մեջ, սակայն ահա, թե ինչ է ասում Հակոբոս առաքյալը այս մարդկանց. «Կամ թե՝ առ ոչի՞նչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»:
Ցայսօր Հիսուսի ասած յուրաքանչյուր խոսք տառ առ տառ, բառ առ բառ իրականություն են դարձել, այս մասին է վկայում նաեւ պատմությունն ու գիտությունը: Հավատանք, թե չհավատանք, մի օր կգա վախճանը, մի օր մենք բոլորս կկանգնենք Աստծո առջեւ ու պիտի պատասխան տանք մեր ապրած կյանքի ու կատարած գործերի համար: Մենք ինչքան էլ մերժենք Աստծո գոյությունը, միեւնույն է մեր խիղճը հակառակն է վկայում եւ հոգու խորքում համոզվում ենք, որ մեզանից վեր կա մի Գերագույն ուժ, որ կառավարում է այս ամենը: Ապավինե՛նք Հիսուսի սիրող սրտին եւ մեր ամեն օրը հագեցած կլինի Փրկչի ներկայությամբ ու նոր բացահայտմամբ, որովհետեւ Աստծո Սուրբ Հոգին կլինի մեր հոգիները լցնողն ու երջանկություն պարգեւողը:
«Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ: Մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը» Հակ. (4;5-8): Յուրաքանչյուր մարդ պիտի փրկության կոչվի ըստ իր իսկ կատարած գործերի, այդ է վկայում Հիսուս Քրիստոս, Նրա առաքյալները, նահատակ սուրբերը, աստվածատես սուրբ հայրերը, որոնք այդ ճշմարտությունը իրենց թողած հոգեւոր ժառանգությամբ ավանդեցին մեզ, ոմանք էլ նահատակության միջոցով իրենց արյամբ վկայեցին: Այս անիրավ ու չար աշխարհում եղե՛ք ողորմած, եղե՛ք կարեկից, եղե՛ք ներողամիտ միմյանց հանդեպ, հաղորդակից եղեք աստվածակառույց Սուրբ Եկեղեցու սուրբ խորհուրդներին եւ հեռու մնացեք աշխարհի մարդակործան ամեն տեսակ մահաբեր մեղքերից, որպեսզի չենթարկվեք Աստուծո դատաստանին: Արդար, ողորմած, բարի եւ հավատավոր զավակի ննջումը օրհնաբեր է: Նրան դիմավորում են Տիրոջ հրեշտակները, Նա հագնում է լուսափայլ փառահեղ զգեստներ եւ հավատքից բխած իր բարի գործերով ներկայանում Ամենակարողին, որը Իր ահեղ ձայով գովում է բարի եւ հավատարիմ ծառային եւ նրան միացնում սուրբերի գնդին: Այդպիսիները ազատված են ամեն տեսակ դատաստաններից: Աստված սեր է, Աստված սիրում է մեզ, եւ այդ սերն էր պատճառը, որ Իր կյանքը չխնայեց մեզ համար եւ Իր Արյունը հեղեց՝ հանուն մեր փրկության, իսկ ով որ անարգի Նրա սերը, Նրա չարչարանքներն ու հեղած արյունը, սուրբ նահատակների արյան վկայությունը, ենթակա կլինի հավիտենական տանջանքի: Հիշե՛ք, կա՛ Աստված, կա՛ արդար դատաստան, հավատանք, թե ոչ` դա այդպես է: Եթե չենք հավատում Արարչին, դրանով Նրա փառքը չի պակասում, բայց եթե հավատանք, ազատված կլինենք Նրա դատաստանից, ինչպես մեր Տերն ասաց. «Եթե չհավատաք, որ Ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհ. 8;24): Վստահ եմ, որ ոչ ոք չի ցանկանա մեռնել մեղքերի մեջ, իսկ մաքրվելու համար միակ միջոցն է հավատքն առ Քրիստոս, հանուն այդ հավատքի մկրտվելը Եկեղեցու սուրբ կամարներից ներս, այնուհետեւ ապրելը ապաշխարությամբ, խոստովանությամբ, ողորմածությամբ, բարությամբ եւ սիրով: Լսեցե՛ք Աստծո կանչը, ունկնդիր եղե՛ք ձեր խղճի զարկին, ապրե՛ք հավատով՝ հանուն Աստծո, բարի պտուղներ տվեք հավիտենական կյանքի համար` հանուն ձեր իսկ հոգու փրկության, եւ խաղաղության հրեշտակը թող թեւածի ամենքիդ հոգիներում. Ամեն

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)
Տեր Ահարոն քհն. Մելքումյան