«Այս գրառումս Ձե՛զ է ուղղված, բոլոր նրա՛նց, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներ ու հետեւորդներ են» Սերովբե եպիսկոպոս

 Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան էջի գրառումը ստորև՝

Հայ Եկեղեցու ճշմարիտ հետեւորդներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ,

Այս գրառումս Ձե՛զ է ուղղված, բոլոր նրա՛նց, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներ ու հետեւորդներ են: Ես գիտեմ, Ձեր թիվը շատ է, շա՜տ֊շա՜տ։ Եւ չեմ կասկածում, որ Դուք անկեղծորեն սիրում եք մեր Եկեղեցին՝ մեր բոլորիս «հոգու ծննդավայրը»: Չեմ կասկածում, որ Դուք երբ քննադատում եք մեզ, վստահաբար ուզում եք Ձեր ու մեր Եկեղեցին ավելի լավը տեսնել, իր աստվածահաճո առաքելության բարձունքում տեսնել։ Եւ Դուք իրավո՛ւնք ունեք՝ քննադատելու, պահանջելու, Ձեր բողոքն ու պահանջը արտահայտելու։

Երբ մեր հանրային կյանքում մի կարեւոր նյութ է քննարկվում, ինչպես հիմա «Հայ Եկեղեցու Պատմություն» դասաժամի լինել-չլինելու հարցը, անմիջապես աջից ու ձախից հայտնվում են իրական ու կեղծ մարդիկ ու շրջանակներ, որոնք նյութը շեղելու, լուրջ քննարկումը ձախողելու հստակ մտադրությամբ սկսում են այս ու այն եկեղեցականի ունեցած կամ չունեցած թերացումն ու բացթողումը դարձնել մատի փաթաթան ու նետել մեջտեղ։ Եւ հանկարծ տեսնում ես, որ բուն նյութը այլեւս մոռացվել կամ երկրորդ պլան է մղվել, եւ ընկերային ցանցերում սկսել են նորից պտտել տարիներ առաջ մեջտեղ նետված, եկեղեցականներին վարկաբեկող «հավաստի լուրեր», որոնք վաղուց հերքվել են եւ աղբաման նետվել։

Սիրելինե՛ր, մենք մարդ ենք եւ վստահաբար ունենք մարդկային այլեւայլ թերություններ ու տկարություններ: «Ո՞վ է մարդը, որ ապրի եւ մեղք չգործի»,- ասում է Սուրբ Գիրքը։ Համաձայն եմ եւ երի՛ցս իրավացի եք Դուք, մենք հոգեւորական ենք եւ հետեւաբար կոչված ենք մեր խոսքով ու գործով, կյանքով ու գործով, էլ չեմ ասում՝ հավատքով ու նվիրումով, բարի եւ դրական օրինակ լինել։ Եւ եթե թերանում ենք, մարդկային տկարություններ մեզ էլ են հաղթում երբեմն, կրկնեմ նորից՝ Ձե՛ր իրավունքն է քննադատել մեզ ու պահանջել մեզանից։ Իսկ մենք էլ իրականում շնորհակալ պիտի լինենք Ձեզ՝ մեր սխալներն ու թերությունները մատնանշելու եւ այդ ձեւով մեզ բարեփոխվելու հնարավորություն տալու մեջ։

Միայն թե խնդրում եմ՝ տարածվող տեղեկությունները հալած յուղի պես մի՛ ընդունեք եւ անմիջապես հավատ մի՛ ընծայեք նրանց։ Հայերեն բառը առավել քան խոսուն է՝ «քննադատեցեք», այսինքն՝ «քննեցեք եւ դատեցեք»: «Հավաստի տեղեկությունները», որ հաճախ կայծակնային արագությամբ տարածվում են, իրականում շատ հաճախ երբեք էլ հավաստի չեն, իսկ նրանց աղբյուրները՝ կասկածելի եւ հաճախ էլ դրդված Հայ Առաքելական Եկեղեցին մրոտելու եւ հեղինակազրկելու մարմաջից:

Բարեկամի սրտցավ քննադատությունը չի կարող նույն նպատակն ունենալ, ինչ որ թշնամու «հավաստի» վարկաբեկիչ զրպարտությունը։ Բարեկամը քննադատում է լավը տեսնելու ակնկալիքով, թշնամին զրպարտում է եղած լավն էլ սեւացնելու մտադրությամբ։

Գիտե՛մ, շատ դժվար է զանազանել սրտցավ քննադատությունը «հավաստի» զրպարտությունից։ Շատ հաճախ այդ «հավաստի» լուրեր տարածողները իրենց մութ ու խավար գործերի վարպետներն են, «խոսքի փայլուն վաճառականներ», եւ մենք հաճախ ենք կուլ տալիս նրանց խայծը։ Հիմա մի այնպիսի իրավիճակ է, որ չգիտես ով ով է: Հետեւաբար խնդրանքս ու հորդորս է՝ զգուշ եղեք, խորագետ եղեք, խորաթափանց եղեք, որ չընկնեք այսպիսիների լարած ծուղակն ու թակարդը։

Հիսուս սքանչելի մի պատգամ ունի քրիստոնյաներիս․ «Խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ՝ աղավնիների նման» (Մտթ․ Ժ 16)։ Ես վստահ եմ, որ Հիսուս այստեղ «միամիտ» բառը չի օգտագործում «պարզամիտ, կարճամիտ, դյուրահավատ, անփորձ» իմաստներով, այլ՝ «անմեղ, անկեղծ, անխարդախ, աննենգ» իմաստներով։ Իսկ «խորագետ»ն էլ «խորամանկ կամ նենգամիտ»ը չէ, այլ շատ ավելի՝ «իմաստուն, նրբամիտ, խորաթափանց»ը։ Այո՛, քրիստոնյան պե՛տք է լինի անմեղ, անկեղծ, անխարդախ ու աննենգ, եւ միեւնույն ժամանակ՝ իմաստուն, նրբամիտ, խորաթափանց։ «Ողջ լերուք ի Տէր»։